Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ԱՊՀ մյուս երկրներից առանձնանում է հատկապես կրթական համակարգի կոռումպացվածությամբ

Ապրիլ 29,2025 15:35

Կոռուպցիան Ադրբեջանի կրթական և գիտական համակարգում

«Գեղարդ» հիմնադրամ. ՄԱԿ-ի՝ 2003 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի ընդունումից հետո, Ադրբեջանը համալրել է այն պետությունների շարքը, որոնք կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով ձեռնարկել են կոռուպցիայի դեմ պայքարին միտված օրենսդրական և վարչական բարեփոխումներ: Չնայած այդ ամենին՝ Ադրբեջանը շարունակում է գլխավորել կոռումպացված պետությունների ցանկը։

Ադրբեջանում, հատկապես՝ կրթական և գիտական ոլորտներում, կոռուպցիան չի զիջում մյուս ոլորտներին, թեև կրթական և կրոնական ոլորտներում է միայն հնարավոր օգտվել որոշակի անվճար ծառայություններից։ Ավելին՝ եթե մյուս բնագավառներում կաշառք պահանջելն ու տալը հետևանք են պետական ծառայողների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների և բարձրագույն ղեկավարության թողտվության, ապա այստեղ խոսքը վերաբերում է հասարակության մշակութային վարքագծին։

Դեռևս 2000-ական թվականների սկզբներից արձանագրվել է, որ Ադրբեջանը ԱՊՀ երկրների շարքում ամենակոռումպացվածն է։ Միջազգային կառույցները, ինչպիսիք են՝ «Transparency International»-ը, «Freedom House»-ը և այլն, բազմիցս են արձանագրել, որ Ադրբեջանն ԱՊՀ մյուս երկրներից առանձնանում է հատկապես կրթական համակարգի կոռումպացվածությամբ։

2010-ական թվականների դիտարկումները ցույց են տալիս, որ, չնայած որոշակի փոփոխություններին, կոռուպցիան խորապես արմատավորված է ադրբեջանական հասարակության մեջ։ Այս համատեքստում Ադրբեջանի վաստակած «գնահատականը» նույնիսկ համարվել է «ազգային խայտառակություն»։

Ադրբեջանցի պաշտոնյաները, ընդունելով համակարգային բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները, քննադատությունները մեղմելու նպատակով սկսել են պարբերաբար հայտարարել որոշակի բարելավումների մասին։ Սակայն, իրականում կրթական համակարգում մինչ այդ տարածված բացասական դրսևորումները չեզոքացնելու խոստումները շուտով փոխարինվել են դպրոցաշինական ծրագրերում կոռուպցիոն երևույթներով։ 2012 թվականից սկսած՝ դպրոցների, մանկապարտեզների և ուսումնական այլ հաստատությունների կառուցման ու բարեկարգման համար ֆինանսական միջոցները կրթության նախարարության փոխարեն հատկացվել են տեղական ինքնակառավարման մարմիններին։ Արդյունքում՝ տուժել է մրցույթների անցկացման թափանցիկությունը, շինարարական ծախսերն աճել են էականորեն։ Այսպես՝ 2007 թվականին Բաքվում ԱՄՆ դեսպանատունն, ֆինանսական աջակցությամբ ամերիկյան ռազմական հրամանատարության, Խազարի շրջանի Ենիգալա բնակավայրում 20 դասասենյակ ունեցող դպրոց է հանձնել Ադրբեջանի կրթության նախարարությանը։ Այն 6 անգամ ավելի ցածր գնով է կառուցվել, քան կրթության նախարարության կողմից բյուջետային միջոցներով Գաբալայում կառուցված գրեթե նույն չափի դպրոցը, և 12 անգամ ավելի ցածր, քան տեղական իշխանությունների կողմից կառուցվածները։

Միջազգային կառույցների մշտադիտարկումների արդյունքները, որոնք Ադրբեջանը դասել են աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքին, իրենց վրա են հրավիրել նաև ադրբեջանցի հետազոտողների ուշադրությունը։ Սակայն, Ադրբեջանի կրթական և գիտական ոլորտներում տիրող կոռուպցիոն բարքերը ադրբեջանցի հետազոտողները փորձել են բացատրել տնտեսական, սոցիալական և իրավական բաղադրիչներով։ Համարվել է, որ կոռուպցիան խթանող երևույթներ են համընդհանուր ցածր աշխատավարձերը ու մշակութային առանձնահատկությունները։

Չնայած նավթագազային պաշարներից ստացվող մեծ եկամուտներին՝ կրթությանն ու գիտությանը հատկացվող միջոցները, որակի ապահովման և արդյունավետության տեսանկյունից, գնահատվում են անբավարար։ Ոլորտում իրականացված ուսումնասիրությունները հաստատել են, որ հանրակրթական դպրոցներում կրթական ծրագրերը բավարար պայմաններ չեն ապահովում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։ Արդյունքում՝ ֆինանսապես ապահովված ընտանիքները դիմում են կրկնուսույցի վճարովի ծառայության կամ կաշառքի միջոցով ընդունելության տարբերակին։ Արձանագրվել է, որ մատուցվող մեթոդական նյութերը, ուսումնական ռեսուրսները, կրթական պայմանները նյութական և բովանդակային առումով հնացած են։

Կոռուպցիոն երևույթներից անմասն չէ նաև Ադրբեջանի գիտական ոլորտը։ Այստեղ համակարգողն ու առաջատար դիրքեր զբաղեցնողը Գիտությունների ազգային ակադեմիան է, որն, իր ենթակա կազմակերպությունների հետ միասին, պարբերաբար աչքի է ընկնում գիտությանն ուղղված պետական հատկացումների յուրացմամբ։ Ակադեմիայի ղեկավարության, գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների կոռուպցիոն գործելաոճը ներառում է վերանորոգման ու շինարարական աշխատանքների, ինչպես նաև՝ գնումների գործընթացում ուռճացված գներով ապրանքների և ծառայությունների ձեռքբերում կամ չմատուցված ծառայությունների դիմաց վճարումներ։ Ակադեմիական տիրույթում տարածված կոռուպցիոն դրսևորումներից են նաև տնօրենների կողմից իրենց հարազատներին կամ ոլորտի հետ առնչություն չունեցողներին հաստատության առանցքային պաշտոններում նշանակումները, աշխատավայր չհաճախող աշխատողների գրանցումը, նրանց աշխատավարձի յուրացումը և այլն։

Միջազգային կառույցները՝ Transparency International, Համաշխարհային բանկ և այլն, և առանձին հետազոտողներ պետությունների կոռուպցիոն վարքագիծը սովորաբար գնահատում են՝ հաշվի առնելով միայն պաշտոնական շրջանակներում արձանագրված տվյալները կամ պետական ծառայողների վերաբերյալ քաղաքացիների կարծիքը։ Ադրբեջանի պարագայում՝ կրթական ու գիտական համակարգում պաշտոնյաների, պետական մակարդակով իրականացվող ստվերային և ուռճացված ընթացակարգերի, պաշտոնական դիրքի չարաշահումների և քաղաքացիներին միտումնավոր հարստահարման կոռուպցիոն դրսևորումներից զատ՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի հասարակական տիրույթում արմատացած կաշառատվության մշակույթը։

Երևույթը մեծ տարածում ունի հատկապես ուսանողների շրջանում։ Հաճախ հենց վերջիններն են կաշառքի դիմաց կրթական ու գիտական ծառայություններից օգտվելու նախաձեռնողները։ Ադրբեջանական համալսարաններում, ինչպես արձանագրվել է, ուսանողների մեծամասնությունը կաշառք է առաջարկում գնահատականի, առաջխաղացման կամ, ընդհանրապես, դիպլոմի համար։ Եվ դա այն դեպքում, երբ կրթական որոշակի ծառայություններից հնարավոր է օգտվել նաև առանց կաշառքի։ Սա բացատրվում է ադրբեջանական հասարակության սոցիալ-մշակութային բնութագրով։ Բանն այն է, որ ադրբեջանցիների շրջանում առավել հարգի է մարդու կարգավիճակը, տվյալ դեպքում՝ դիպլոմ կամ գիտական աստիճան ու կոչում ունենալը, քան՝ հմտություններն ու կարողությունները։ Ըստ այդմ՝ ուսանողները պատրաստ են վճարել (երբեմն՝ նույնիսկ պահանջվածից ավելին) հանուն դիպլոմի՝ կարգավիճակի համար։ Այս երևույթի պատճառներից են պետական քաղաքականությունը, ըստ որի՝ աշխատանքի ընդունվելիս կարևորվում է դիպլոմը, ոչ թե՝ գիտելիքը։

Ոլորտի առանձին ներկայացուցիչների հաճախակի ձերբակալություններն ու պաշտոնանկությունները, սակայն, ձևական բնույթ են կրում և ծառայում են պաշտոնյաների վարկանիշի բարձրացմանը։ Վառ օրինակ է մինչև 2020 թվականը կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վարած քաղաքականությունը։ Նրա օրոք բողոքի բազմաթիվ ցույցեր են կազմակերպվել Բաքվում՝ ընդդեմ իշխանությունների կոռուպցիոն քաղաքականության։ Կոշտ մեթոդներով ու բիրտ ուժի կիրառմամբ ցույցերի լռեցումն արդյունավետ դարձնելու և տեղական ու արտասահմանյան մամուլի համար նոր թեմաներ ապահովելու նպատակով կրթության ոլորտի միջին ու ստորին օղակներում բազմաթիվ հնչեղ բացահայտումներ են կատարվել՝ ցույց տալու Բայրամովի՝ իբր արդյունավետ պայքարը կոռուպցիայի դեմ։ Սակայն կոռուպցիոն երևույթները նրա օրոք ոչ միայն չեն նվազել, այլ առավել համակարգված ու խորքային են դարձել։ Դրանք ներթափանցել են համակարգի բոլոր օղակները՝ կրթական բաղադրիչների միջոցով տարածվելով նույնիսկ արտաքին միջավայրում։ Ադրբեջանական կոռուպցիոն վարքագիծը բազմիցս դրսևորվել է ռուսական, եվրոպական և տարածաշրջանների գիտակրթական այլ հարթակներում՝ հատելով քաղաքակրթական բոլոր սահմանները։

Պետական բարձրագույն մարմինների կողմից համակարգվող կոռուպցիոն երևույթները, փաստորեն, ակադեմիական շրջանակների և պետական կառույցների միջև ձևավորված ու արմատացած փոխհամաձայնեցված մթնոլորտի հետևանք են, որտեղ գործող օրենսդրության հանդեպ արհամարհական վերաբերմունքն ու կաշառք առաջարկելը պետական ծառայողների ու քաղաքացիների համար ընդունելի երևույթներ են։

Միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի կրթական ու գիտական համակարգի կոռումպացվածությանը պարբերաբար տրվող գնահատականները, հակառակ Բաքվի աղաղակող «կոռուպցիոն բացահայտումների» ու «ձերբակալությունների», չի փոխվել։ Արդյունքում՝ այդ երկիրը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել ամենակոռումպացված երկրների ցանկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930