«Աշխարհում ոչ մի գիտնական կասկածի տակ չի առնում Հայոց ցեղասպանության փաստը։ Միջազգային քաղաքական դաշտում եւս այդ հարցը փակված է։ Եվ Թուրքիան էլ գիտի, որ ԱՄՆ ճանաչումից հետո ոչինչ չի կարող անել՝ դրա դեմն առնելու համար»,- այսօր Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց թուրք պատմաբան, ցեղասպանագետ, Հայկական հարցին առնչվող թեմաներով բազմաթիվ գրքերի հեղինակ, Լոս Անջելեսում գտնվող UCLA համալսարանի «Promise» հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Թաներ Աքչամը։
Աքչամն այսօր ներկայացրեց իր «Ցեղասպան պետության ակունքները․ 1918-1923 թթ․ Թուրքիայի Հանրապետության ձևավորումը եւ ապարտեիդի ռեժիմի կառուցումը» գիրքը, որը տպագրվել է Newmag հրատարակչության կողմից։ Հանդիպման ժամանակ Թաներ Աքչամն անդրադարձավ Հայոց ցեղասպանության թեմայով իր վերջին ուսումնասիրություններին։
Նա ներկայացրեց, որ շատ կարեւոր փաստաթղթեր է կարողացել բացահայտել այս աշխատության շրջանակներում։ Մեծ թվով փաստաթղթեր էլ, նրա խոսքով, թաքցված են։ «2012 թվականին արխիվներում սկսեցին հրատարակել նահանգապետարաններից դեպի կենտրոնական իշխանություն հղված հեռագրերը։ Դրանք ծայրահեղ կարեւորություն ունեցող փաստաթղթեր են։ Այդ փաստաթղթերից ես տեղեկացա, որ հայերին ցեղասպանելու, սպանելու որոշումն ընդունվել է դեռեւս 1914 թվականի դեկտեմբերի 1-ին։ Մենք մինչ այդ գիտեինք միայն 1915 թվականի մարտ-ապրիլ ամիսների դեպքերի մասին, կարծում էինք, որ այդ ժամանակ է ընդունվել տեղահանման եւ հայերի բնաջնջման որոշումը, մինչդեռ պարզվում է, որ Բիթլիսում հայ տղամարդկանց բռնաճնշման ու սպանության մասին որոշում է կայացվել դեռեւս 1914 թվականի դեկտեմբերի 1-ին։ Բազմաթիվ նահանգապետերից դեպի կենտրոնական իշխանություն ուղղված հեռագրեր կան, որտեղ նշվում է՝ «մենք բնաջնջեցինք» արտահայտությունը։ Այսինքն՝ ըստ օսմանյան փաստաթղթերի՝ Հայոց ցեղասպանության հարցը վերջնականապես փակված է, այսինքն՝ ապացուցված է, որ ցեղասպանության մասին է խոսք գնում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, Աքչամն ասաց․ «Ուզում եք տասնյակ փաստաթղթեր բերեք, որոնք ապացուցում են, որ Թալեաթ փաշան հրամայել է հայերին սպանել, Էրդողանը դարձյալ կշարունակի ուրանալ Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ ժխտումը քաղաքական ենթատեքստ ունի եւ քաղաքական միջոցներով է հնարավոր այն փոխել։ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հնարավոր կլինի միայն քաղաքական պայքարի արդյունքում։ Դուք էլ գիտեք, որ միջազգային ասպարեզում բարոյականության կանոնները չեն գործում։ Աշխարհը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցը չի քննարկում, այլ նաեւ Գազայում ներկայում տեղի ունեցող մեծ ոճիրն է անուշադրության մատնում»։
Նա միաժամանակ նշեց, որ արդարությունը չի վերականգնվի Թուրքիայի կողմից միայն ներողություն հայցելով։ Փոխհատուցումն արդարության վերականգնման գործիքներից ընդամենը մեկն է։ Դա պետք է ապահովվի երկու ժողովուրդների քննարկումների միջոցով։
Թաներ Աքչամն ասում է՝ անհրաժեշտ է Թուրքիայում այնպիսի պայմաններ ստեղծել, որտեղ քաղաքացիները հանգիստ կխոսեն իրենք ինքնության, ազգային ծագման մասին։ Այնպես, ինչպես դա արել է Հրանտ Դինքը։ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե գիտակցվի ապարտեիդ ռեժիմը եւ վերացվի այն։
«Ես մի համեմատություն եմ արել իմ գրքում՝ նշելով, որ եթե Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է, ապա Հրանտ Դինքն էլ մեր նոր մտածելակերպի հիմնադիրը պետք է դառնա։ Հրանտ Դինքը Թուրքիայի Մարտին Լյութեր Քինգն է»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ