Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում մեծ ոճիր է իրագործվել, Ղարաբաղի հայերը պետք է կարողանան վերադառնալ, դա նրանց իրավունքն է»․ Թաներ Աքչամ

Ապրիլ 29,2025 14:25

«Արցախի դեմ պատերազմում Թուրքիան Ադրբեջանի մեծ աջակիցն էր, եւ եթե Թուրքիան չներգրավվեր այդ գործընթացում, Ադրբեջանն այդքան հաջողություն չէր ունենա։ Սակայն ճիշտ չեմ համարում Արցախի դեպքերը ներկայացնել որպես ցեղասպանություն, խոսքը գնում է մարդկության դեմ լուրջ հանցագործության մասին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց թուրք պատմաբան, ցեղասպանագետ, Հայկական հարցին առնչվող թեմաներով բազմաթիվ գրքերի հեղինակ Թաներ Աքչամը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք այսօրվա Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու քաղաքականությունից հրաժարվե՞լ է՝ հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններն ու ՀՀ տարածքների նկատմամբ նկրտումները։

 

Ըստ Աքչամի՝ ոչ ոք չգիտի՝ արդյոք Թուրքիան հայերի նկատմամբ ցեղասպանական մտադրություններ հիմա ունի՞, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ միջազգային զարգացումներն այնպիսին են, որ զարմանալի չի լինի, եթե առաջիկա ամիսներին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը բացվի։ «Դա ավելի շատ միջազգային դերակատարների կատարած գործը կարող է լինել, եւ Թուրքիան կարող է, ելնելով միջազգային իրադրությունից, Հայաստանի հետ սահմանը բացել»,- հավելեց նա։

Անդրադառնալով արցախցիների վերադարձի իրավունքին՝ Թաներ Աքչամն ասաց․ «Անկախ նրանից, թե ինչպես է Արցախի դեմ տեղի ունեցածը բնորոշվում, խոսքը գնում է մարդկության դեմ տեղի ունեցած ոճիրի մասին։ Մեծ ոճիր է իրագործվել։ Ես աջակցում եմ այն հարցին, որ Ղարաբաղի հայերը պետք է կարողանան վերադառնալ։ Մեծ հույսեր չեմ փայփայում այդ հարցում, քանի որ այս դեպքը շատ է հիշեցնում Հայոց ցեղասպանությունից հետո իրենց իրավունքները վերականգնել ձգտող հայերի պատմությունը։ Սա հիշեցնում է նաեւ բազմաթիվ պաղեստինցիների պատմությունը, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։ Բայց ամենակարեւորը՝ վերադառնալու իրավունքը մարդու իրավունք է, եւ դրա համար պետք է պայքարել։ Ես վստահ եմ, որ Թուրքիան Ադրբեջանի գաղափարներն է սնուցում այս հարցում ու աջակցում է»։

Միաժամանակ թուրք պատմաբանը նշեց, որ նկատելի է՝ Թուրքիան Հայաստանին որպես անկախ պետություն չի վերաբերվում, նայում է, թե ինչ է ասում այս հարցում Ադրբեջանը։ «Շատ ցավում եմ դրա համար, քանի որ Թուրքիան՝ որպես հզոր պետություն, կարող էր այս տարածաշրջանում խաղաղություն բերել»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930