Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն՝ շինանյութի շուկայում

Ապրիլ 29,2025 13:48

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի  և ստվերային տնտեսության դեմ: Այս անգամ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և  հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելաոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։

Տվյալների ճշգրտման և իրացման իրական ծավալների բացահայտման նպատակով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող այս ընկերության վաճառքի կետերում իրականացվել են միաժամանակյա միջոցառումներ: Տեղում ձեռք են բերվել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող կարևոր փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել նախնական ֆինանսական վերլուծության համար։

Հաշվարկներն ուշագրավ են. ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ: Արդյունքում, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով:

Հիմք ընդունելով հաղորդման փաստերը՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակում իրականացվել են խուզարկություններ ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում, որոնց արդյունքում առգրավվել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ստվերային տնտեսության և հարկային կարգապահության խախտումների դեմ պայքարը շարունակվելու է՝ նպատակ ունենալով բացահայտել և կանխել նմանատիպ դեպքերը:

 Մանրամասները` տեսանյութում.

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ ՊԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930