Տեղեկացրել ենք, որ այսօր ողբերգական վթար է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում` Գարեգին Նժդեհ փողոցում` Շիրակի մարզպետարանի ու մարզային ոստիկանության շենքերի մոտակայքում գտնվող խաչմերուկում. բախվել էին «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
«Կամազ»-ը կողաշրջվել էր։
«Ford Transit»֊ի 34֊ամյա վարորդը տեղում մահացել էր. 4 հոգու տեղափոխել էին հիվանդանոց։
Հիվանդանոց տեղափոխվածներից մեկն էլ «Ford Transit»֊ի 34֊ամյա վարորդի 9-ամյա դուստրն է։
Կարդացեք նաև
Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի պատասխանատու Կարեն Գևորգյանն Aravot.am-ին հայտնեց, որ 9֊ամյա աղջկա վիճակը կայուն ծանր է, նրա մոտ առկա է պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, նրան ռեամոբիլով տեղափոխել են Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոն։
Մահացած վարորդն ունի երեք դուստր։
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի:
Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք,1-ի կյանքը փրկել չի հաջողվել»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ