Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նախագահի՝ Բաքու այցի ընթացքում փոխըմբռնման 7 հուշագիր է ստորագրվել

Ապրիլ 29,2025 12:00

«Իրանն այսօր». Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Բաքու այցի ընթացքում փոխըմբռնման 7 հուշագիր է ստորագրվել՝ քաղաքական խորհրդակցությունների, տրանսպորտի, մշակույթի, առողջապահության, լրատվության, ներդրումների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Երկուստեք մատնանշվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Իրանի նախագահը հատկապես կարևորել է Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք միջանցքների զարգացումը։

Փեզեշքիանն իր ելույթներում պարբերաբար շեշտադրել է «նախկինում միասին լինելը», «պատմական, ազգակցական ընդհանրությունները», դրանց հիման վրա սերտ հարաբերություններ կառուցելու հնարավորությունը։ Նա ասել է, որ իրեն զգում  է ինչպես Թավրիզում կամ Արդաբիլում, ինչը շատ իրանցիներ մեկնաբանում են որպես «որովհետև Ադրբեջանն Իրանի մասն է եղել»։

Նա նաև խոսել է միմյանց հարգելու և նեքին գործերին չմիջամտելու անհրաժեշտությունից։ «Իրանն ու Ադրբեջանը, միմյանց հետ համագործակցելով և միմյանց տարածքային ամբողջականությունն ու շահերը հարգելով, կարող են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատել»,-նշել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները։ «Տարածաշրջանում փոփոխությունների ու վերափոխումների ոսկե հնարավորություն ունենք։ Կարող ենք տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում նոր քաղաքակրթություն ստեղծել։ Կռվի փոխարեն պետք է վերկենդանացնենք վստահությունը»։

«Եթե ​​մեր ներդրողներն ու արտադրողները միմյանց հետ համագործակցեն և ընդհանուր մոտեցման հասնեն, մենք տարածաշրջանում օտարերկրացիների ներկայության կարիքը չենք ունենա։ Այնտեղ, որտեղ տնտեսությունը պատշաճ կերպով է գործում և սահմաններին առևտուր է լինում, զենքն ու անվտանգության ուժերը այլևս չեն հատի այդ սահմանը։ Առևտուրն անվտանգություն և խաղաղություն է նշանակում»,-ասել է Իրանի նախագահը։

Թեհրանն ու Բաքուն համագործակցության լայն շրջանակ ունեն ու չնայած դրան և այս այցի շուրջ բարձրացված աղմուկին՝  այցի արդյունքներով առարկայական, շոշափելի պայմանավորվածությունների մասին առայժմ հայտնի չէ։ Այցն ավելի շուտ վերջին տարիների լարվածությունը թոթափելու փորձ էր՝ առավելագույնը կարճաժամկետ ազդեցությամբ․ Իրան-Ադրբեջան հարաբերությունները միշտ եղել են վայրիվերումներով, դրանցում առկա խնդիրները խորքային ու համակարգային են և միայն նման այցերով չլուծվող։

Իսկ ինչ վերաբերում է Արցախի մասին Փեզեշքիանի խոսքերին՝ պետք չէ ամեն անգամ զարմանալ Արցախի վերաբերյալ իրանցի պաշտոնյաների հայտարարություններից։ Պատերազմից հետո եղել են և՛ շնորհավորանքներ, և՛ Արցախի օկուպացված տարածքներում շինաշխատանքներին մասնակցելու ցանկություններ։ Նոր բան այս ուղղությամբ չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930