«Սիմպոզիումի ավարտից հետո, կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ մենք ասել ենք, որ իրենք չպետք է թույլ տային, որպեսզի ադրբեջանական պատվիրակն իր ելույթում նման սադրիչ, խնդրահարույց եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անի։ Ասացինք, որ ադրբեջանական պատվիրակը սադրեց եւ ստեղծված իրավիճակում, Հայաստանը ներկայացնող երկու պատվիրակները չունեին այլ տարբերակ, քան իրականությունը եւ պատմական փաստերը հանրայնացնելու համար։ Կարծում եմ, որ հայկական կողմի մոտեցումները եղել են ընկալելի, որովհետեւ հնարավորինս հանրամատչելի ներկայացվեց եւ իրավիճակը եւ ադրբեջանական ապակառուցողական մոտեցումը։ Բոլորի համար էլ հասկանալի դարձավ, որ Ադրբեջանը փորձում էր հերթական առիթն օգտագործել՝ պատմական փաստերի խեղաթյուրման եւ իր պետական մակարդակով իրականացվող հանցագործությունների քողարկման համար, ինչը ակնհայտորեն չստացվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցենք, երեկ Մոսկվայում, ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիում՝ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից»։ Սիմպոզիումի ժամանակ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչը, իր ելույթի ժամանակ փորձել է հակահայ ձևակերպումներով լարել իրավիճակը։ Մասնավորաբար, 44-օրյա պատերազմում իրենց հաջողությունը ներկայացրել են իբրեւ «արդարության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում»։ Սակայն, հայկական կողմից ստացել են համարժեք պատասխան։
Սիմպոզիումին, հիշեցնենք, մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանի պատվիրակներն էին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Դերզյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը։
Կարդացեք նաև
«2020 և 2023 թթ-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կատարել է էթնիկ զտnւմ, 120,000 հայ այսօր գտնվում է իր հայրենիքից դուրս»,- իր ելույթում հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Ինքնորոշման սկզբունքը ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածում է ամրագրված, հոդված 55-ն ընդգծում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։ Մեր ռուս դաշնակիցները հաճախ հիմնվում են միջազգայնորեն ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կառուցում է իր ապագան իր նախնիների հողում։ Հարգելի ընկերներ, այդ իրավունքն արհամարհված է եղել և այսօր Լեռնային Ղարաբաղը օկուպացված է։ 80 տարի առաջ ֆաշիստական Գերմանիան պարտվել է, սակայն քսենոֆոբիայի դրսևորումները կան նաև այսօր։ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո, ադրբեջանական վանդալիզմի նշանակետի տակ էին հայտնվել հայկական հուշարձանները, այդ թվում՝ Մարշալ Բաղրամյանի և Խամփերյանցի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանները։ Ցանկանում եմ նշել, որ չնայած ադրբեջանական պատվիրակությունը խոսում է արդարության մասին, սակայն 2020 և 2023 թթ-ին Լեռնային Ղարաբաղում կատարել են էթնիկ զտում։ 120,000 հայ այսօր գտնվում է իր հայրենիքից դուրս։ Այն, ինչ արել է ադրբեջանական ղեկավարությունը, էթնիկ զտում է, քսենոֆոբիա է և նեոֆաշիստական քաղաքականության դրսևորում։ Նրանք ասում էին, որ 44-օրյա պատերազմի արդյունքն արդար էր։ Իսկ ո՞րն էր արդարությունը, որտե՞ղ էր ինքնորոշման իրավունքը։ Կեցցե՛ ազատությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։
ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը նույնպես խոսել է մերօրյա ֆաշիզմի մասին նշելով, որ դրա դրսեւորումներից մեկն էլ Արցախում խաղաղ բնակչության, հայկական քաղաքների և գյուղերի հրետակոծությունն է, 120 հազար հայերի բռնի տեղահանումը և հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացումը։
Տիգրան Աբրահամյանը մանրամասնեց, որ հայկական պատվիրակների ելույթների ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամները տեղից փորձել են արձագանքել․ «Սկզբում փորձեցին ձայնի իրավունք ստանալ՝ թեման քննարկման բերելու, նաեւ նրա համար, որ հավանաբար բանախոսները շեղվեն իրենց հիմնական ասելիքից եւ քննարկումն այլ ընթացք ստանա։ Բայց եւ Էդուարդ Շարմազանովը, եւ Իվետա Տոնոյանը տեղի չտվեցին այդ սադրանքներին։ Իրենց խոսքը հստակ՝ մինչեւ վերջ ասացին ու ներկաների համար հասկանալի դարձավ, թե ի՞նչ է տեղի ունեցել Արցախի հետ իրականում, ինչո՞ւ է ադրբեջանական պատվիրակը սադրանքների գնում եւ ո՞րն է ողջ ճշմարտությունը ԼՂ-ի եւ այնտեղ ապրող հայերի վերաբերյալ»։
Թեման միջանցքներում շարունակություն չի ունեցել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ