Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները որեւէ շանս չունեն վերարտադրվելու, սա տեսնում են բոլորը. Դավիթ Անանյան. «Հրապարակ»

Ապրիլ 29,2025 11:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարցազրույց «Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ

– Հայաստանում ներընդդիմադիր գզվռտոցը նոր թափ է հավաքում: Իմպիչմենթի գործընթաց է սկսվել: Կարծիք կա, որ այս լարումը պայմանավորված է Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրության մեծացմամբ, որի մասին է վկայում նաեւ Հայաստանի կուրատորի փոփոխությունը՝ Պուտինի մտերիմ պաշտոնյաներից մեկի՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը։ 

– Այո, ես էլ եմ կարծում, որ այս իրավիճակը պայմանավորված է Ձեր նշած գործոնով․ Ռուսաստանում փոխվել է Հայաստանի հարցերը համակարգող պաշտոնյան, եւ Կիրիենկոյի նշանակումը, այո, ցույց է տալիս  Հայաստանի նկատմամբ ուշադրության մեծացումը։ Կոորդինատորի փոփոխությունը որոշակի վերադասավորումներ է իրենից ենթադրում, եւ դրանք, բնականաբար, Հայաստանում սպասվող իշխանափոխության անխուսափելիության ֆոնին են։ Աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները, այդ թվում՝ Ռուսաստանը, կարծում են, որ Հայաստանում իշխանափոխության հարցը մտել է վճռական փուլ եւ անխուսափելի է։ Եթե կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնք իշխանափոխությունը չեն դիտարկում կարճաժամկետ հատվածում, օրինակ՝ այս տարի, ապա համարում են, որ 2026 թվականի համապետական հերթական ընտրություններին այս իշխանությունները վերարտադրվելու ռեսուրս չունեն՝ ժողովրդի տրամադրություններով եւ վարկանիշով պայմանավորված։ Աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններն էլ տեսնում են, որ Հայաստանում տեղական մակարդակով ցանկացած ընտրություն՝ սկսած Երեւանի ընտրություններից, ցույց տվեցին, որ այս իշխանությունը չի կարողանում ապահովել համապատասխան էլեկտորատ, եթե Երեւանում 29 տոկոս մասնակցությամբ իրենց հաջողվեց, այնուամենայնիվ, ձեւավորել ավագանի՝ շնորհիվ այլ ուժերի ու դերակատարների աջակցության, ապա ավելի բարձր մասնակցություն ունեցող ընտրությունների դեպքում դա անհնար է․ Գյումրիում՝ մոտ 42 տոկոս, Փարաքարում՝ 55… իշխանությունները որեւէ շանս չունեն վերարտադրվելու, սա տեսնում են բոլորը, հետեւաբար՝ ուզում են տեղի ունեցող գործընթացներին շատ ավելի ուշադիր հետեւել եւ այս կամ այլ ռեսուրսների, դերակատարների՝ հավանական, առկա, գալիք, բոլորի հետ փորձում են հասկանալ, թե ինչպիսի տրամադրություններ ունեն այդ հավանական նորերը, որ ուզում են գալ եւ փոխարինել այսօրվա իշխանություններին։

– Բոլոր կենտրոններում կա՞ կոնսենսուս՝ գործող իշխանությունների հեռանալու հարցում, որովհետեւ մենք տեսնում ենք` Արեւմուտքը չի նահանջում իր ծրագրից՝ այս իշխանության միջոցով տարածաշրջանում ազդեցություն հաստատելու եւ ՌԴ-ին դուրս մղելու, հետեւաբար, մի կողմից՝ իշխանությունը պահելու, մյուս կողմից՝ վերցնելու պայքար է գնում։ Այդ կենտրոնների ազդեցությունը Հայաստանում` իշխանափոխության կամ իշխանություն պահելու հարցում որքա՞ն է կազմելու՝ տոկոսային հարաբերակցությամբ։ 

– Գիտեք՝ արտաքին ուժերն են հեռացնելու, պահելու․․․ այս հասկացությունները մի փոքր չափազանցված են, քան իրականությունն է։ 2021 թ. հուլիսի ընտրությունների նախաշեմին, այո, կար աշխարհաքաղաքական կոնսենսուս՝ գործող իշխանության հարցում․ ՌԴ դիրքորոշումը պայմանավորված էր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով, որպեսզի այն որեւէ ձեւով չչեղարկվեր եւ կատարվեր, հետեւաբար, այս իշխանությունների վերարտադրությունն այդ ժամանակ տեղավորվում էր ՌԴ-ի ներքին քաղաքական հաշվարկներում, այսինքն՝ ՌԴ-ն իր խողովակներով որեւէ ձեւով չփորձեց պաշտպանել ընդդիմության որեւէ խաղացողի, չմիջամտեց։ Մյուս կողմից՝ «միջամտել» ասվածն էլ հանուն արդարության, ուղիղ իմաստով չի արվում, այնպես չէ, որ ինչ-որ մարդկանց միջոցով ուղիղ միջամտելու են, պարզապես քարոզչական հարթակում իրենց էլեկտորատին ուղղորդումներ են արվում։

– Գուցե Գյումրու մոդելը խաղարկվի համապետական մակարդակով, այնտեղ էլ, չէ՞, բոլորը բոլորին քննադատեցին` վերջում միավորվեցին։

– Գյումրիում մենք մի քիչ չափազանցնում ենք ընդդիմության հաղթանակը, իրականում հաղթանակ էր այնքանով, որ գործող իշխանությունը չվերարտադրվեց, ծրագիր մինիմումը իրագործվեց, բայց երբ նայում ենք առանձին քաղաքական ուժերի ստացած ձայնը, ապա ամենաշատ քվեն ստացան իրենք, եւ եթե, օրինակ, մասնակցությունը չլիներ, ասենք՝ 42, այլ լիներ 35 տոկոս, այսօր այնտեղ կունենայինք ՔՊ-ական իշխանություն։ Գյումրու ընտրություններն ինչ-որ փուլում տեղական մակարդակից բարձրացվեցին եւ տեղափոխվեցին համապետական, եւ հենց այդ պատճառով էլ մասնակցության ցուցանիշը բարձրացավ, բայց որ ասեմ՝ շատ մեծ հաղթանակ է եղել՝ ոչ։ Մի քանի տարի առաջ ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Վարդան Ղուկասյանը կարող է վերադառնալ քաղաքապետի պաշտոնին, բայց նույնիսկ մեր ներքին հանրության մոտ Վարդան Ղուկասյանի վերադարձը շատ ավելի նորմալ ու լավ դիտվեց, քան այս իշխանության վերարտադրությունը, այսինքն, պատկերավոր ասած՝ կասկածելի հաղթանակը գերադասելի է մղձավանջից։ Իսկ Փարաքարում, իսկապես, ՔՊ-ն տոտալ պարտություն կրեց, ուստի պետք է դասեր քաղել այդ ընտրություններից։ Բոլոր դեպքերում, այս պահից սկսած՝ մենք պետք է քարոզենք մեր ժողովրդին, որ որեւէ ընտրությունում՝ հերթական, թե արտահերթ, ապահովեն բարձր մասնակցություն, որը որոշակի փոփոխություններ ակնկալելու ամենահստակ երաշխիքն է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930