«ՀՀ կառավարությունն իրականացնում է բազմաթիվ պետական աջակցության ծրագրեր ագրոպարենային ոլորտում՝ առաջընթաց եւ արտադրողականության աճ արձանագրելու նպատակով: Մասնավորապես խրախուսվում են ինտենսիվ այգիների հիմնադրումները, առաջադեմ տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությունների, խելացի անասնաշենքերի հիմնումը եւ այլ ծրագրեր»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը (լուսանկարում):
Նրա ձեւակերպմամբ, այդ ամենը հնարավոր է կյանքի կոչել որակյալ մասնագետների պարագայում, իսկ նման մասնագետներ պատրաստելու առաքելությունը դրված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վրա, որը միակ բուհն է, որն ապահովում է բարձրագույն կրթությամբ ագրոպարենային ոլորտի մասնագետներ:
«Բոլոր մասնագիտությունները, որ այսօր առաջարկում է Ագրարային համալսարանը, ե՛ւ պահանջված են, ե՛ւ առաջիկայում ավելի մեծ պահանջարկ ունեցող ներուժ կունենան: Այն բոլոր դիմորդները, որ կընտրեն ագրոպարենային ոլորտի մասնագիտություններ, կնշանակի, որ պատկերացնում են հեռանկարային զարգացումները եւ կարողանում են ճիշտ թիրախավորել իրենց դերը ապագա հասարակական հարաբերություններում: Ասել է թե՝ Ագրարային համալսարանը մեծ նախադրյալներ է ստեղծում, որ երիտասարդը վաղը մյուս օրը դառնա բարեկեցիկ ապրող քաղաքացի» :
Ռեկտորը փաստեց, որ աշխատաշուկայում այդ ոլորտի մասնագետների պահանջարկ կա, որը գնալով մեծանում է. «Մենք ականատես ենք լինում, որ նույն պետական օժանդակության ծրագրերով հիմնված այգիներում, ջերմատներում հաճախ մասնագետներ են ներգրավում արտերկրից, եւ արտերկրից մասնագետներ ներգրավելով՝ տնտեսվարողները մեծ ծախսեր են կատարում, իսկ ինչ վերաբերվում է տեղական մասնագետներին, նրանց պահանջարկը մեծանում է, եւ ժամանակի պահանջներին համապատասխան մասնագիտական կարողություններ ունենալը նրանց համար նույն աշխատատեղը համալրելու երաշխիք է դառնում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ