Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլի եւ Ալիեւի թիրախում Սերժ Սարգսյանն է

Ապրիլ 29,2025 09:30

Եվ այսպես, Վերաքննիչ դատարանը բեկանել է Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ արդարացման դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության։ Հիշո՞ւմ եք, չէ, ինչպես էին «Սերժն է բերել Նիկոլին» թեզի շահառուներն ու սույն թեզը երկնողները երրորդ նախագահի արդարացման վճիռը փորձում տեղավորել իրենց դավադրապաշտական թեզի պրեամբուլայում։

Եվ քանի որ պատմական զրոյին մոտեցող իր վարկանիշով Նիկոլ Փաշինյանին նոր տեսարաններ են պետք, որոնք հնարավորինս հնչեղ պիտի լինեն՝ իր հերթական կապիտուլյացիան ու դրան հաջորդող կապիտուլյացիաները «սալյուտով» շոուների աղմուկի տակ խլացնելու համար, Նիկոլի գրպանում գտնվող իրավապահ համակարգը երրորդ նախագահի դեմ բացում է նոր քաղաքական շոուի թատերաշրջանը։

Զարմանալի զուգադիպությամբ, Բաքվի ռազմական դատարանում հայ ռազմագերիների դեմ ընթացող զազրելի դատական ֆարսի ժամանակ, որտեղ հիմնական հնչող անուններից մեկը կրկին Սերժ Սարգսյանինն է, նախօրեին, երբ քննարկվում էր «Խոջալուի ցեղասպանության» ադրբեջանական թեզը, դատարանը որոշում է անդրադառնալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալին տված հարցազրույցին։ Բաքվի ռազմական դատարանը, որի գերխնդիրն արցախյան ազատագրական շարժումը ձեւախեղելն է եւ ներկայացնելը՝ որպես Ադրբեջանի դեմ ծրագրված զավթողական, ցեղասպան գործողություն, երրորդ նախագահի հարցազրույցը դետալ առ դետալ վերլուծում են, փորձելով այն կապել տեղի ունեցած այս կամ այն դրվագի հետ։

Չի եղել Բաքվում ընթացող որեւէ դատական նիստ, որի ժամանակ հնչած չլինեն Հայաստանի նախկին նախագահների անունները եւ նրանք ներկայացված չլինեն որպես ռազմական հանցագործներ, որոնց պետք է հանձնել Ադրբեջանին եւ դեռ ամիսներ առաջ Ադրբեջանը օրակարգ բերեց Հայաստանի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարության որոշ դեմքերի Բաքվին հանձնելու հարցը։

Փաստորեն, Նիկոլն ու Ալիեւը աշխատում են, ինչպես ասում են, ունիսոն։ Երկուսի համար էլ թիրախները նույնն են։ Նիկոլի դատարանը բեկանում է երրորդ նախագահի մասով կայացված արդարացման վճիռն ու գործն ուղարկում նոր քննության, եւ հենց նույն օրերին Բաքվում «հերձում են» Սերժ Սարգսյանի հարցազրույցն ու փորձում այնտեղ «ադրբեջանցի ժողովրդի ցեղասպանություն» գտնել։

Փաստորեն, Հայաստանում ունենք սեփական գահավիժող վարկանիշը նոր դատական թատերաշրջանով սքողել փորձող իշխանություն, Նիկոլի կիրթ գործընկերոջ երկրում, Ադրբեջանում, 30 տարվա նվաստացման, Արցախի 30 տարվա անկախության ու զարթոնքի համար արցախյան շարժման առաջին դեմքերից, միջազգային սեղանին Արցախի անկախության շուրջ բանակցություններ վարողներից եւ մասնավորապես՝ Սերժ Սարգսյանից վրեժ լուծող ապշերոնյան սուլթան։

Ահա այսպես, պասերով, աշխատում են ապշերոնյան սուլթանն ու նրա հայաստանյան շահառու Նիկոլ Փաշինյանը։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Կնկա գլուխը կերան, հիմա էլ իրեն են ուզում վնաս տալ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930