Հայաստանում արդեն երկրորդ անգամ մեծ հաջողությամբ հանդես եկավ հոլանդացիներից կազմված «Ծիրանի ծառ» երգչախումբը: Ապրիլի 28-ին նրանց համերգը կայացավ Երեւանում, տիկնիկային թատրոնի բեմում: Առաջիկայում սպասվում են համերգներ Սյունիքում՝ Գորիսում եւ Սիսիանում:
Երեւանում համերգը կայացավ լեփ-լեցուն դահլիճում, եւ յուրաքանչյուր կատարում ջերմ ընդունելություն էր գտնում: Հանդիսատեսին ոչ միայն հոգեհարազատ էին հայ կոմպոզիտորների՝ Ներսես Շնորհալու, Էդգար Հովհաննիսյանի, Վլադիլեն Բալյանի, Խաչատուր Ավետիսյանի, գուսան Շերամի, գուսան Աշոտի, ինչպես նաեւ հայ ժողովրդական երգերը, այլեւ հուզում էին այդ երգերի կատարումները այլազգիների կողմից: Երգիչները շատ սրտառուչ էին երգում ինչպես քաղաքային ֆոլկլորի ժանրի երգերը, այնպես էլ՝ ժողովրդական խաղիկները:
Համերգի ավարտին խմբին ողջունեց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, որն ասաց, որ շատ տպավորված է, թե որքան լավ էին իր հայրենակիցները երգում հայերեն, այդ կապացկությամբ շնորհավորեց Ռուզաննա Հակոբյանին՝ երգիչներին հայերենն այդքան հաջողությամբ ուսուցանելու համար: Ասաց, որ որոշ երգերի կատարման ժամանակ փշաքաղվել է:
Կարդացեք նաև
Առաջին անգամ «Ծիրանի ծառը» համերգային շրջագայություն էր ունեցել Երեւանում, Գյումրիում, Էջմիածնում 2023 թվականի աշնանը: Խումբը հյուրախաղերով հանդես է եկել նաեւ Եվրոպայում՝ Բելգիայում, Ֆրանսիայում, ինչպես նաեւ, բնականաբար, Նիդերլանդներում:
«Ծիրանի ծառը» բաղկացած է երգչախմբի 26 երգիչներից եւ կվինտետից: Խմբում բոլորը, այդ թվում՝ դիրիժոր-գործիքավորող Իվո Բոսվայկը, հոլանդացիներ են, բացի խմբի գեղարվեստական ղեկավար, քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանից:
Նկատենք, որ համերգները բարեգործական են, այս անգամ հրավիրված էին Աբովյանի ծերանոցի բնակիչները: Խմբի անդամներն իրենք են հոգում իրենց տրանսպորտային եւ կեցության ծախսերը:
Ինչպես նշեցինք՝ առաջիկայում սպասվում են համերգներ նաեւ Գորիսում (Խնձորեսկում)՝ ապրիլի 30-ին, եւ Սիսիանում՝ մայիսի 2-ին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ