Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 31-ամյա կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի եւ նրա երկու անչափահաս երեխաների՝ 8-ամյա Սարգիսի եւ 12-ամյա Կարինեի դաժան սպանության մեջ մեղադրվողներից մեկի՝ Վրույր Բարսեղյանի կինը՝ Ա․Մ․-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ այդ նույն սպանության մեջ մեղադրվող Արկադի Բարսեղյանի փաստաբանը Արկադիին ասել է, թե ինչու մինչև հիմա Վրույր Բարսեղյանի, այսինքն՝ իր ամուսնու վիզը կտրել չի տվել։
Ավելին, Վրույր Բարսեղյանի կինը ոստիկանությանը տված իր հաղորդման մեջ նշել է, թե դատական նիստի ընդմիջման ժամանակ Արկադի Բարսեղյանը հրել է Վրույր Բարսեղյանին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Նշենք, որ այս գործով անցնող երկու մեղադրյալներն էլ՝ թե՛ Վրույր և թե՛ Արկադի Բարսեղյանները Նուբարաշեն քրեակատարողականի կալանավորներ են։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։
Մյուս 41-ամյա Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։