Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդը. երեկ և այսօր». գիտաժողով՝ Ստրասբուրգում

Ապրիլ 28,2025 17:40

Ապրիլի 26-ին Ֆրանսիայի Գրանդ Էսթ տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Ստրասբուրգի Մոդեռն և ժամանակակից արվեստի թանգարանում կայացած «Հայ ժողովուրդը. երեկ և այսօր» խորագրով գիտաժողովին։

Միջոցառումը կազմակերպվել էր «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի կողմից՝ «Հիշողության քարտեզ» փառատոնի շրջանակներում։

Գլխավոր հանձնակատարը գիտաժողովի ընթացքում հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով հայկական սփյուռքի առանձնահատկություններին, սփյուռքում ազգային ինքնության պահպանման մարտահրավերներին, հայ մշակույթի զարգացման խնդիրներին, սերնդեսերունդ հայկական արժեքների փոխանցման կարևորությանը, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի փոխգործակցության զարգացման ուղիներին։ Նա հատուկ ընդգծել է սփյուռքի դերը համահայկական միասնականության ամրապնդման գործում։

Գիտաժողովին բանախոսություններով հանդես են եկել նաև Ստրասբուրգի համալսարանի պատմության պրոֆեսոր, Հնագիտական խառը հետազոտությունների բաժնի ասոցացված հետազոտող, դոկտոր Նիկոլա Թաթեսյանը և արվեստագետ, թատրոնի դերասանուհի, գրող Կորին Զարզավաջյանը։

Միջոցառմանը ներկա էին Ստրասբուրգի միջազգային հարաբերությունների հարցերով փոխքաղաքապետ Վերոնիք Բերթհոլլը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և հայկական համայնքի ավելի քան 50 ներկայացուցիչ։

Նույն օրը Զարեհ Սինանյանը մասնակցել է «Հիշողության քարտեզ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով։

Իր ելույթում գլխավոր հանձնակատարը կարևորել է մշակութային նախաձեռնությունների դերը հայ ինքնության պահպանման գործում և ընդգծել արվեստի միջոցով պատմության փոխանցման նշանակությունը։

Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես է եկել նաև Ստրասբուրգի փոխքաղաքապետ Մարինա Լաֆեյը: Ցուցահանդեսում ներկայացված էին հայաստանցի, ֆրանսիացի և Գրանդ Էսթ տարածաշրջանի հայազգի արվեստագետների աշխատանքները, որոնք ժամանակակից արտահայտչաձևերով ամփոփում էին հայկական անցյալը և ներկան։
Միջոցառման ավարտին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը շնորհակալագրեր է հանձնել «Հիշողության քարտեզ» փառատոնի կազմակերպմանն աջակցած կամավորներին՝ ընդգծելով նրանց նվիրումն ու կարևոր ներդրումը փառատոնի հաջողության մեջ։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930