Սարաջև, Սարաջյանների երաժշտական գերդաստանը, նույնիսկ եթե այս ազգանունը կրող ոմանց միջև չկա նույնիսկ արյունակցական կապ, աշխարհում հանդիպող հազվագյուտ գերդաստաններից մեկն է, որ 150 տարիներից ի վեր բոլոր սերունդների, գրեթե բոլոր անդամները երաժիշտներ են և այն էլ մեկը մյուսից ավելի տաղանդավոր ու վաստակաշատ: Մենք «երաժիշտ» եզրն ենք կիրառում, քանի որ երաժշտության ոլորտում նրանք բոլոր հնարավոր մասնագիտացումների ներկայացուցիչներ են` տեսական երաժշտագիտությունից սկսած, տարբեր երաժշտական գործիքների կատարողական ամենաբարձր մասնագետներով շարունակած, մանկավարժության գագաթներով անցած, երաժշտական փոքրից-մեծ ու ամենախոշորամասշտաբ նվագախմբերի և մասնագիտական կրթական կառույցների մասնակցությամբ ու ղեկավարմամբ իրենց հաստատած:
Սարաջյաններն իրենց գործունեությունը դեռևս 1900- ական թվականներից առաջ ծավալել են Ռուսաստանի և Եվրոպայի երաժշտական տարբեր, բայց միշտ ամենաբարձրակարգ կառույցներում, իսկ Երևանում ամենաակտիվ, պատասխանատու մասնակցություն են ունեցել կոնսերվատորիայի և օպերային թատրոնի հիմնադրման ու զարգացման ասպարեզներում, առանձնապես դիրիժոր Կոնստանտին Սարաջևի, դաշնակահար, մանկավարժ Գեորգի Սարաջյանի և նրա տիկնոջ` երգչուհի, մանկավարժ Աննա Սարաջյանի գրեթե անպատմելի բազմաբնույթ գործունեության օրինակով:
Կարդացեք նաև
Մենք չենք թվարկի գերդաստանից այլ անուններ և նրանց գործունեությանը վերաբերող փաստեր, քանի որ թեման կսկսենք ու ծայրը չենք գտնի, իսկ այսօր խոսենք գերդաստանի արժանի ներկայացուցիչներից մեկի` տեր և տիկին Սարաջյանների որդու` Սերգեյ Սարաջյանի 80-ամյա հոբելյանի մասին, որը վերջերս նշվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Դաշնակահարի, մանկավարժի հոբելյարին նվիրված համերգը նախաձեռնել էին պրոֆեսորի գործընկերները, դաշնամուրային ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը և ամբիոնի ասիստենտ, Սարաջյանի նախկին սան Իզաբելա Մարությանը:
Հնչեցին արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ: Ի դեպ, ծրագրի զարդն էր Գեորգի Սարաջյանի՝ Երկու դաշնամուրի համար գրված կոմիտասյան մշակումները:
Մեզ հետ զրույցում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանը նախ նշեց, թե հոբելյարի կյանքի ուղին բազմաթիվ թելերով կապված է իրենց բուհի հետ, պատվով ու նվիրումով Սարաջյանը շարունակել է շնորհաշատ գերդաստանի հարուստ ավանդույթները:
Ապա տեղեկացրեց. «Առաջին իսկ օրերից արվեստագետը հասակ է առել մի ընտանիքում, ուր տիրում էր արվեստի ու երաժշտության գերող մթնոլորտը, որտեղ փոխադարձ հարգանքն ու պատկառանքը, հոգատարությունն ու սերը, խստապահանջ պրոֆեսիոնալիզմն ու անմնացորդ նվիրումը մասնագիտությանը ոչ թե խոսքով, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքով են դրսևորվել: Իսկ մասնագիտական կայացման առաջին քայլերից, կոնսերվատորիական տարիներից դրսևորվել են դաշնակահարի նուրբ երաժշտականությունը, փայլուն կատարողական տեխնիկան, ստեղծագործությունները մեկնաբանելու նրբակիրթ ոճն ու գենետիկ ազնվական բեմական կեցվածքը»:
Ծովինար Մովսիսյանը ասաց նաև, որ հրաշալի մենակատարի, անզուգական անսամբլիստի, նվագակցողի արվեստին տարիների հետ՝ այդ ամենին գումարվել են նաև ուսուցչի, մանկավարժի, վարպետի հմտությունները, ուսանողի համար անփոխարինելի խորհրդատուի, կարեկից ծնողի և, միաժամանակ, ավագ գործընկերոջ իմաստնությունը, փորձը:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ինչպես նաև մեր նորանկախ հանրապետության համար ճակատագրական նշանակություն ունեցող տարիներին Սարաջյանին վստահել են նաև ղեկավար պաշտոններ՝ Մշակույթի նախարարությունում, կոնսերվատորիայում` մասնագիտական ամբիոնի վարիչից, դեկանից մինչև ռեկտոր: Եվ ամենուր երաժիշտը հավատարիմ է մնացել ամենաբարձր ու ազնիվ հոգևոր ու մշակութային արժեքներին՝ երբևէ չդավաճանելով ազնվականի, մտավորականի, իր գործի գիտակի սկզբունքները:
Զրույցի ընթացքում Ծովինար Մովսիսյանը քանիցս բարձրաձայնում էր հետևյալը. «Երջանիկ եմ, որ տարիներ շարունակ բախտ եմ ունեցել աշխատել Սերգեյ Գեորգիչի հետ, նրա կողքին: Ինձ համար մեծ պատիվ է ու նաև պարտավորեցնող պատասխանատվություն, որ այսօր, հոբելյանին նվիրված համերգի առիթով, որպես ռեկտորի պաշտոնակատար, նրան հանձնեցի կոնսերվատորիայի ուղերձը , մաղթելով քաջառողջություն, եռանդ ու ավյուն՝ ապրելու և արարելու հարազատ Մայր բուհում»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում` Սերգեյ Սարաջյանի հոբելյանին նվիրված համերգից