Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ:
Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների:
Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու փաթեթ: Ըստ նրա փաթեթներում «Շոկո» տեսակի թմրանյութ էր: Նա ընդունեց նաև, որ նույն պարունակությամբ մի քանի փաթեթ արդեն տեղադրել է Գյումրու տարբեր վայրերում:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Կարդացեք նաև
Ըստ հավաստի տեղեկությունների «Շոկոյի» փաթեթները, իրացման նպատակով, նրան տվել էր մեկ այլ գյումրեցի Դաշտենցի փողոցի բնակիչ 23-ամյա երիտասարդը, որը տելեգրամյան կայքէջի միջոցով զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ:
Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընթացքում ստացվեց տեղեկություն, որ թմրանյութ ապօրինի պահող և օգտագործող գյումրեցի երեք երիտասարդ Տելեգրամ հավելվածի միջոցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող 23-ամյա երիտասարդի վարձակալած մեքենայով շրջում են Գյումրիում:
Քրեական ոստիկանները համագործակցեցին մարզի պարեկների հետ, և նույն օրը` ժամը 20.35-ին, Գյումրիի Շիրազի փողոցում երեք երիտասարդները ձերբակալվեցին ու ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին վարչություն:
Երիտասարդների խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց թմրանյութ:
Սրանից էլ մեկ ժամ անց հերթը հասավ իրացման մեջ կասկածվող 23-ամյա երիտասարդին: Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում նա ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն:
Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված կանաչ ու դեղին կպչուն ժապավենով 19 փաթեթ, իսկ գրպաններում` դեղնականաչավուն զանգված ու գաղտնի փականով դանակ: Փաթեթներում եղած զանգվածների ընդհանուր քաշն ավելի քան 36 գրամ էր:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ընթացքում թմրանյութերի տեղադրմամբ զբաղվող 32-ամյա տղամարդու ցույց տված վայրերում հայտնաբերվել է «Շոկո» տեսակի թմրամիջոցի վեց փաթեթ:
23-ամյա և 32-ամյա գյումրեցիներին մեղադրանք է ներկայացվել։ Նրանք կալանավորվել են:
Քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ