«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» (Արցախ միության) նախագահ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ապրիլի 25-ին ելույթ ունեցա աշխարհահռչակ Յեյլի համալսարանում կազմակերպված երկու միջոցառումներում՝ ներկայացնելով Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, ընթացիկ վիճակն ու ապագա անելիքները:
Իմ խոսքում հատուկ անդրադարձա ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության մեթոդաբանությանը և օրինաչափություններին, ներկայացրեցի միջազգային օրինակներ բռնի տեղահանված ժողովուրդների վերադարձի վերաբերյալ և շեշտեցի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ապահովման կարևորությունը:
Երկրորդ միջոցառման ընթացքում Գառնիկ Քերքոնյանի հետ միասին ներկայացրեցինք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հիմքերը, իրացման մեխանիզմներն ու հնարավոր պայմանները՝ ընդգծելով, որ գերտերությունների քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է ապահովել մեր ժողովրդի հավաքական վերադարձը:
Շեշտեցի նաև, որ հայ ժողովրդի գլխավոր տեսլականը պետք է լինի հզոր, զարգացած և ազգային պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետության կերտումը, ինչից էլ բխում է Արցախի հետ կապված տեսլականը:
Կարդացեք նաև
Յեյլի համալսարանի այս միջոցառումները կազմակերպվել էին Մաքմիլան կենտրոնի Ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR), Փոյնթեր ծրագրի և Յեյլի հայկական ցանցի կողմից: