Armenian Film Society-ն եւս անդրադարձել է այն տեղեկությանը, որ ավելի վաղ հրապարակել էր ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
«Կալիֆորնիայի համալսարանը Բերքլիում չեղարկել է Սարին Հայրապետյանի «ԻՄ ՔԱՂՑՐ ԵՐԿԻՐ» վավերագրական ֆիլմի նախատեսված ցուցադրությունը՝ Ադրբեջանի ուղղակի քաղաքական ճնշման պատճառով: Ցուցադրությունը նախատեսված էր ապրիլի 24-ին՝ որպես ֆիլմի ազդեցության շրջագայության մաս, սակայն չեղարկվել է համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնի կողմից:
Որոշումը զայրույթ է առաջացրել սոցիալական ցանցերում, համալսարանի բազմաթիվ ուսանողներ կոչ են արել ընկերներին և ընտանիքի անդամներին անմիջականորեն կապվել համալսարանի պաշտոնյաների հետ: Այս լուրը հետագայում հաղորդել է Զարթոնք Մեդիան:
«ԻՄ ՔԱՂՑՐ ԵՐԿԻՐ»-ը հասունացման պատմություն է, որը պատմում է 11-ամյա Վրեժ անունով տղայի մասին, ով մեծանում է Արցախում և երազում է ատամնաբույժ դառնալ:
Կարդացեք նաև
Չեղարկումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի ուղղակի ճնշման, ինչպես նաև Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի մասնաճյուղում ադրբեջանցի ուսանողական խմբերի համակարգված լոբբիստական ջանքերի արդյունքում:
Ֆիլմը, որը Հորդանանի պաշտոնական ներկայացումն էր 2025թ. Օսկար մրցանակաբաշխությանը, նաև հետ է կանչվել Օսկարի համար դիտարկումից՝ նմանատիպ քաղաքական ճնշման արդյունքում:
Բերքլիի Հայ Ուսանողների Ասոցիացիան (Cal ASA) հայտարարություն է տարածել չեղարկման վերաբերյալ՝ դատապարտելով համալսարանի որոշումը»:
Լրագրող Գոհար Վեզիրյանը, որը սովորում է այդ համալսարանում՝ իր ֆեյսբուքյան էջում հավելյալ մանրամասներ է ներկայացրել՝ մասնավորապես գրելով. «Համալսարանի Human Rights Center-ից երկարաշունչ բացատրություն եմ (ենք) ստացել։ Որոշել-խոստացել են՝ սեպտեմբերին ցուցադրել, «երբ ավելի մեծ թվով անձնակազմ կունենան՝ ուսանողների, աշխատակիցների և մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար»։ Ըստ պարզաբանման «․․․հետաձգելը կապված է անվտանգության, այլ ոչ թե գրաքննության հետ»: Պարզվում է նաեւ, որ Human Rights Center-ը ապրիլի 22-ին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա եւ ծանուցում է ստացել սպասվող բողոքի ցույցերի մասին, որոնք կարող էին սպառնալ ուսանողների անվտանգությանը։ Մեկ օրում չեն հասցրել անվտանգության աշխատակիցների թիվը կրկնապատկել, եւ որոշել են փակել հարցը։ Տեքստի շարունակությունը՝ «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում», «Մենք լիովին ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը և սգում ենք 1.5 միլիոն հայերի սպանությունը», «Ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է, և մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մեր դիրքորոշման հետ կապված ցանկացած խառնաշփոթի համար», կարևոր չեն։
Հ․Գ․ Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը ֆիլմը ներկայացրել է «Օսկար 2024»-ի «Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ» անվանակարգի։ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրալ։ Ֆիլմը հետ է կանչվել և Հորդանանը ներկայացված չի լինելու 2025 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը»: