Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստը մնում է փաստ, որ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման, այդ հարցում Թուրքիայի պատասխանատվության էջը թերթված չէ. դա միջազգային օրակարգի հարց է»

Ապրիլ 28,2025 11:30

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

– Պարոն Ղուկասյան, այս տարի ԱՄՆ նախագահ Թրամփը, ի տարբերություն նախկին նախագահ Բայդենի, իր ուղերձում չարտասանեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Սա ինչո՞վ եք բացատրում, Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ դիրքորոշո՞ւմ է փոխվում աշխարհում, ՀՀ իշխանությունների հայտարարություններն ու քայլերը կարո՞ղ են ազդել այս գործընթացի վրա։ Թե՞ սպասելի էր, որ Թրամփն այս մոտեցումն էր ցուցաբերելու։

– ԱՄՆ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում՝ 1915-1923 թվականներին։ Շատ կարեւոր հանգամանք է, թե ինչպես են ճանաչում. ԱՄՆ-ում եւ գործադիր, եւ օրենսդիր իշխանության բոլոր ատյաններն այդ ճանաչման քայլը կատարել են։ Դրա համար հեռավոր հետեւություններ պետք չէ անել, որ Դոնալդ Թրամփն իր ելույթում չի օգտագործել ցեղասպանություն բառը։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանության քաղաքականությանը, ոչ, այդ քաղաքականությունը չի կարող ազդել միջազգային օրակարգի վրա։ Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանին վերաբերող հարց չէ միայն։ Դա հարց է, որը վերաբերում է մարդու իրավունքներին։ Դա Առաջին համաշխարհային պատերազմից ժառանգություն մնացած, չկարգավորված հարց է, որն ունի նաեւ քաղաքական կողմ։ Ի նկատի ունեմ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից ընդունված իրավարար վճիռը, որն առ այսօր չի իրականացվել։ Փաստը մնում է փաստ, որ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման, այդ հարցում Թուրքիայի Հանրապետության պատասխանատվության էջը թերթված չէ։ Դա միջազգային օրակագի հարց է այն մասով, որ Եվրամիությունը՝ որպես Թուրքիայի համար ԵՄ անդամության նախապայման, նման հարց է դնում Թուրքիայի առաջ։ Եվրամիությունն ու իր բոլոր պետությունները ճանաչել են հայերի ցեղասպանությունը։ Այստեղ Հայաստանի իշխանությունների դերը կարող է այն լինել, որ այդ օրակարգն ավելի էֆեկտիվ շարժվի միջազգային հարաբերություններում կամ ավելի դանդաղ, բայց փոխել այդ օրակարգը՝ Հայաստանի իշխանությունների ուժերից ու իրավասությունից դուրս է։

– Այսօր հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններն ըստ էության շարունակվում են, Արցախում տեղի ունեցածը դրա վկայությունն է։ Այս հարցը ՀՀ իշխանությունները փորձում են փակել, Արցախի հարցով որեւէ նախաձեռնություն չեն ցուցաբերում։ Միջազգային օրակարգում Արցախի ու արցախցիների իրավունքների հարցերին հնչեղություն տալու ուղղությամբ ի՞նչ պետք է անել, եւ արդյոք Արցախի հարցը փա՞կ է միջազգային հանրության համար։

– Արցախում տեղի ունեցածը էթնիկ զտում է։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար ՀՀ նախապայմանը 30 տարի եղել է Արցախի կարգավիճակի հարցի որոշումը։ Այն փաստը, որ Փաշինյանի կառավարությունը եւ Փաշինյանը պատրաստ են Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր՝ առանց այդ նախապայմանի, բացարձակապես չի նշանակում, որ միջազգային օրակարգում Արցախի հարցը գոյություն չունի։ Արցախի հարցը գոյություն ունի, դա պահանջ է Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության կողմից։ Մենք դա տեսնում ենք ԵՄ համապատասխան փաստաթղթերում, ԵԽ բանաձեւերում։ Արցախի հարցով նույնպես ՀՀ իշխանությունները կարող են բարելավել իրավիճակը եւ կարող են այդ հարցի հնչեղությունն ու ընթացքը դանդաղեցնել։ Բայց տեսնում ենք, որ ներկա իշխանությունները դանդաղեցնելու քաղաքականությունն են ընտրել։

Եթե ամփոփենք, ներկա իշխանությունները Ցեղասպանության ժխտման եւ Արցախի ինքնորոշման իրավունքի մերժման քաղաքականություն են առաջ տանում, որն առ այսօր Հայաստանին ոչ մի օգուտ չի բերել՝ ոչ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, ոչ էլ Թուրքիայի հետ սահմանը բացելու հարցում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930