Հուսադրող նշաննե՞ր, թե՞ պարզապես սեզոնային ժամանակավոր պոռթկումներ
Քրիստոսը մեզ ասում է, որ չփորձենք դատավճիռներ կայացնել ուրիշների մտադրության վերաբերյալ: «Միայն Տերը գիտի ուրիշների խորը մտքերն ու մտադրությունները», – բացատրում է նա:
Նմանապես, իդեալական ժողովրդավարությունները եւ հանդուրժող դատական համակարգերը, որոնք նախընտրում են մեղավորին անմեղ ճանաչել, քան անմեղին մեղավոր, անկասկած, ամենաարդար եւ լավագույն մոտեցումներն են, եւ ես հաստատապես հավատում եմ այս մոտեցմանն ու սկզբունքին եւ փորձում եմ հնարավորինս որդեգրել այն: Հավանաբար, հաճախ հիասթափվելու եւ դիտվելու եմ որպես միամիտ, բայց իմ խիղճը հանգիստ կլինի, քանի դեռ վենդետան, ոխը եւ վրեժխնդրությունն արդարության թշնամիներն են։
Ուստի լինեմ շատ դրական եւ նույնիսկ զգացմունքային՝ ողջունելով հայկական սփյուռքի վերջին մթնոլորտը, որն այսօր խոսում է ազգային լեզվով, հիմնված ազգային պահանջների եւ պահանջատիրության գաղափարների վրա։
Կարդացեք նաև
Հաճախ զարմանում էի, որ բախվում էի ինձ անտեսելու, ծաղրելու թե ինձ եւ թե նույն գաղափարները, որոնք ձեւավորում էին մեր գաղափարական կապը, կարծես բախվում էի մարդկանց մի իրավիճակի հետ, որոնց վրա մի տեսակ չար կախարդանք էր գցում, որը նրանց ստիպեց տառապել ամնեզիայի ախտանիշներից, հերքելով սեփական հայտարարությունները, ուղեկցվում էր հենց հարազատների ժխտմամբ:
Ինձ նման մարդկանց այժմ ներկայացնում էին ռոմանտիկ, երազկոտ, անկայուն, հակասական, ինքնահակասող, պատեհապաշտ, այս ցուցակը երկար է։
Յուրաքանչյուր ոք, ով հետեւում եւ նկատում է հայկական սփյուռքի ներսում Հայաստանի իշխանությունների դաշնակիցների քաղաքական կարգավիճակը՝ իրավիճակը եւ քաղաքական ճառը, մեծ դժվարություն չի ունենա կարդալու իրենք իրենց պատճառած անհարմար դրությունը, որը, բնականաբար, աննախանձելի է:
Սկզբի համար նրանք պաշտպանական դիրքում են բազմաթիվ պատճառներով եւ մակարդակներով:
Պետք է շարունակ արդարացնեն իրենց կապերն ու դերը, ակամա, որպես այս իշխանության պաշտպան պետք է մանեւրեն, այնպիսի փաստարկներ, ինչպիսիք են. «մենք դաշնակիցներ չենք, մենք պարզապես համագործակցում ենք, մենք պետականամետ քաղաքական կուսակցություններ ենք», մինչդեռ ընդհանուր տպավորություն ունեմ, շատ ուրիշների նման, որ իրականում ոչ միայն զինակիցներ են, այլ հետեւորդներ՝ եւ ոչ միայն, նաեւ կույր, անկարգ հետեւորդներ։
Նրանք պարտավոր են փորձել արդարացնել Երեւանի գործող իշխանությունների քաղաքական ճառը, եւ ամենից հաճախ «ոչ, դա այն չէ, ինչ նրանք նկատի ունեին», մինչդեռ ամեն օր պարզ է դառնում, որ դա այն թեզն է, որ առաջարկում ու փորձում է առաջ տանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հակասում է այս կուսակցությունների վարդապետության եւ քաղաքական ծրագրի առանցքին ու հիմքերին։ Ու իհարկե, պարտավոր ենք հարց տալ. արդյո՞ք Հանրապետության ներսի կոչերին զուգահեռ, Սահմանադրությունը փոխելու եւ պատմական մտքերը սխալ ու ոչ հասուն հռչակելու իշխանության քարոզչության՝ սփյուռքի մեջ զուգահեռ նաեւ կոչեր են հնչում իրենց իսկ քաղաքական ծրագիրը վերատեսության ենթարկելու՝ հենց այս ուժերի շրջանակներում…
Հայաստանի իշխանությունը նրանց անընդհատ մատնում է նեղ անկյունում, եւ դա միանշանակ սփյուռքի քաղաքական կուսակցություններին, ովքեր դեմ են գործող իշխանությանը, հնարավորություն են տալիս նրանց քաղաքական հող ձեռք բերել, իսկ իշխանական կուսակցությունները կորցնում են աջակցությունն իրենց շարքերում՝ ամենահավատարիմների շարքերում:
Պարզ է դառնում, որ իշխանամետ կուսակցությունները չեն կարող հայկական սփյուռքում ուժեղ ալիք ստեղծել վարչապետ Փաշինյանի դեմ ուղղված ընդդիմադիր ալիքի դեմ, եւ նրանց դերը սահմանափակվում է ցույց տալու, որ հայկական սփյուռքը միասնական չէ Երեւանի գործող իշխանություններին հակադրվելու հարցում, այդ դերը նրանք կարող են կատարել, բայց շատ ծանր գնով՝ Հայաստանի ներսում «Քաղաքացիական պայմանագրի» ամենահայտնի դաշնակիցները հեռավորություն են պահում նրանից:
Հիմա սրանք բոլորը գործոններ են, որ եթե հաշվի առնենք, կարող եմ հուսալ, որ այս ելույթները, որոնք ինձ եւ յուրաքանչյուր հայրենասեր ազգային հայի հոգեհարազատ են՝ շեշտելով ազգային պահանջատիրություն, որ այս կարգախոսները, որ այժմ արտահայտվում է հայկական սփյուռքում՝ ազդարարում են նոր օր սփյուռքի համար՝ որտեղ պատմական, ազգային- քաղաքական կուսակցությունները միավորված են ընդդեմ ՔՊ ապազգային գաղափարների եւ քարոզչության:
Հիմա այս ամենը տակավին հույսի եւ ցանկությունների փուլում է:
Բայց կանխատեսելը սխալ է, որը ես չեմ անի: Ես չեմ ուզում նմանվել Հայաստանի ներսում գտնվող պոպուլիստներին, որոնք իրենց քաղաքական ելույթը հիմնել են կարճատես «հեսա- հեսա»-ի վրա։
Մի՞թե այս բոլորը ազգային զարթոնքի նախանշաններ են, թե՞ սոսկ եղանակային, սեզոնային ժամանակավոր տեսարաններ, որոնք կբռնեն Մոխրոտի ձեռքը եւ կմարեն ապրիլի 24-ի ժամը 24:00-ից հետո, հենց այդպես, ինչպես մոխրոտը ժամը 24:00-ին անհետացավ: Այս բոլորը կանհետանան ապրիլ 25-ի առավոտյան ու կվերադառնան դարձյալ 2026-ի ապրիլին:
Սպասենք եւ կտեսնենք:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.04.2025