Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհն արդեն ավարտած արցախցի մասնակից ենք ունեցել»

Ապրիլ 28,2025 10:15

«Իրավաբանի մասնագիտական հմտությունների զարգացում» թեմայով պրակտիկ դասընթացի 5-րդ խմբի մասնակիցներին հավաստագրեր հանձնվեցին

Ապրիլի 22-ին «ԱՎԵ ՅՈՒՍ» փաստաբանական գրասենյակում տեղի ունեցավ հերթական կարեւոր միջոցառումը:

«Իրավաբանի մասնագիտական հմտությունների զարգացում» թեմայով պրակտիկ դասըթնացի 5-րդ խմբի մասնակիցներին, ովքեր 1 ամսվա ընթացքում ամբողջությամբ մասնակցել են դասընթացին, ստացել տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ, կատարել տրված հանձնարարականները եւ ներկայացրել դասընթացավարին, հանձնվեցին հավաստագրեր:

Հավաստագրերը հանձնեց դասընթացավար, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը:

Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ մասնակցության համար՝ հավաստիացնելով, որ. «արվել է հնարավորը փոխանցելու պահանջվող, մրցունակ ու աշխատաշուկայում անհրաժեշտ գիտելիքներ ու գործնական հմտություններ»:

«Առավոտի» հարցին, թե բազմաթիվ դասընթացների մասին ենք մենք ամեն օր լսում, սա ինչով է առանձնահատուկ, հեղինակային դասընթաց վարող Ա. Հարությունյանը պատասխանեց. «Նախ, դասընթացի գաղափարն ինչից առաջացավ: Ինքս ավելի քան տասնհինգ տարի դասախոսել եմ Արցախի, Հայաստանի բուհերում, ներկայումս էլ դասախոսում եմ: Մենք շատ հաճախ տալիս ենք ուսանողներին տեսական գիտելիքներ, ցավոք, չենք կարողանում դասաժամերի ժամանակ, դասաժամերից դուրս տալ այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են դրանք կյանքի կոչելու համար: Ուստի գաղափար է հղացել կյանքի կոչել նմանատիվ դասընթացներ: Մեկ տարի է, արդեն հինգ խումբ մասնակիցներ ենք ունեցել, մի քանի տասնյակ, ի դեպ, բաց է վեցերորդ խմբի նախագրանցումը, ովքեր ցանկանում են իրենց իրավաբանական-մասնագիտական գիտելիքները զարգացնել: Կարող են դիմել, նաեւ վստահեցնեմ, որ այս ամենը կազմակերպվում է բարձր մակարդակով»:

Դասընթացի բոլոր մասնակիցներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին դասընթացավար Ավետիք Հարությունյանին, նշեցին նման հանդիպումների կարեւորությունը, պրակտիկ առաջադրանքներ տալը, դրանք ստուգելու, անձնական փորձով կիսվելը:

Դասընթացի մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ, որոնք ըստ Ա.Հարությունյանի՝ հաշվի կառնվեն, նաեւ իրագործման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են գործնական քայլեր:

Տեղեկացանք, որ դասընթացի մասնակիցներին ԱՆՎՃԱՐ տրամադրվել են իրավաբանական ու դատավարական փաստաթղթերի նմուշներ, ինչպես նաեւ ժամանակակից մոտիվացիոն գրականություն:

«Առավոտի» հարցին՝ Դուք նշեցիք, որ բաց է դասընթացի 6-րդ խմբի նախագրանցումը: Ովքե՞ր կարող են գրանցվել, կա՞ տարիքային շեմ, եւ այլ բուհերի ուսանողները նույնպես կարո՞ղ են մասնակից դառնալ նշված դասընթացներին, Ավետիք Հարությունյանը պատասխանեց. «Կարող են գրանցվել իրավաբանները եւ նրանք, ովքեր ցանկանում են աշխատանքի բերումով իրավաբանական հմտություններ զարգացնել: Տարիքային սահմանափակում չունենք»:

Արցախի շատ բուհերի ուսանողներ դուրս են մնացել ուսումնական գործընթացներից, կա՞ն, արդյոք, մասնակիցների մեջ, Ա.Հարությունյանը տեղեկացրեց, որ արցախցի ուսանող դեռ չունեն այս պահին գրանցված, բայց բուհն արդեն ավարտած արցախցի ունեցել են:

Ի դեպ, դասընթացի մասնակիցներից Հրաչ Ջիլավյանը ձեռք էր բերել օրերս մասնագիտական լսարանին ներկայացված Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատությունը (իրավագետ-թարգմանիչ՝ Ավետիք Հարությունյան) գրքից, այն ոչ միայն սեփական մասնագիտական գրադարանը հարստացնելու համար էր, այլեւ՝ դասընթացի մյուս մասնակիցներին նվիրելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930