«Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Սա մեջբերում է Հայաստանի անկախության մասին 1990 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրից։
Անկախ հայկական հանրապետության չորս իշխանությունների օրոք 1915-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ տարբերվող մոտեցումներ են ցուցաբերվել։
Պահանջը կառաջացներ կատաղի դիմադրություն. Զուրաբյան
1991-1998 թթ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգնական Լեւոն Զուրաբյանի հետ զրույցում, նրան հարցրինք՝ ինչպե՞ս է Հռչակագրի 11-րդ կետը դրսեւորվել Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում, եթե 1991-1998 թվականներին պաշտոնական Երեւանը միջազգային հարթակներում չի բարձրաձայնել Ցեղասպանության մասին։
Կարդացեք նաև
«Մենք, ինչպեսեւ նախատեսված է Հռչակագրում, սատար ենք կանգնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին բոլոր այն դեպքերում, երբ որեւէ երկրում նախաձեռնվել է նման գործընթաց։ Օրինակ, երբ 1995 թվականին սկսվեց այդ հարցի քննարկումը Ռուսաստանի Պետական Դումայում, Հայաստանի Ազգային ժողովի բոլոր ուժերը (ՀՀՇ-ն, կոմունիստները, Դաշնակցությունը), նախագահ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ, դեսպանատան աջակցությամբ լծվեցին Դումայի ներսում լոբբիստական գործին եւ հասան մեծ հաջողության։ Նույն Հունաստանի, Լիբանանի, Կանադայի, Արգենտինայի խորհրդարաններում եւ ԱՄՆ Ներկայացուցիչների տանը»,-նշում է Լեւոն Զուրաբյանը, հավելում՝ «բայց մենք երբեք Ցեղասպանության ճանաչման հարցը չենք դրել մեր պետական արտաքին քաղաքականության հիմքում կամ որպես պահանջ Թուրքիայի եւ այլ երկրների առաջ։ Մենք հասկացել ենք, որ նման պահանջի ընդգրկում մեր օրակարգի մեջ միայն վնաս կտա այդ գործին», -բացատրում է Լեւոն Զուրաբյանը, որն իմ երեք զրուցակիցներից առավել հանգամանալից բացատրեց իր՝ իշխանության մաս եղած տարիների դիրքորոշումն այս խնդրով։
«Միջազգային ճնշմամբ Թուրքիայի նկատմամբ նման պահանջի առաջ քաշելն այդ երկրի ներսում կառաջացներ կատաղի դիմադրություն՝ ստիպելով շատ ավելի ակտիվորեն աջակցել Ադրբեջանին հայերի դեմ պատերազմում։ Մենք աշխատում էինք Թուրքիայի հետ առանց միջազգային աղմուկի եւ ոչ թե պահանջագրի կամ պարտադրանքի լեզվով, ինչը, միեւնույն է, որեւէ արդյունք չէր տալու, այլ խորհրդապահական երկկողմ դիվանագիտական հանդիպումներում ներկայացնելով դրա կարեւորությունը հայ-թուրքական հաշտեցման համար»,-շեշտում է Զուրաբյանն ու պնդում, որ այս քաղաքականության լավագույն արդյունքն այն էր, որ «1992 թվականին կարողացանք հաց բերել Հայաստան՝ Թուրքիայի տարածքով (քաղաքացիական պատերազմի պատճառով Վրաստանի տարածքը փակ էր), իսկ 1995-ին՝ Ստամբուլի քաղաքային իշխանության պաշտոնյան այց կատարեց Երեւան եւ ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ազդանշան տալով, որ Թուրքիան բացվում է հարցի քննարկման հանդեպ»։
Զուրաբյանի խոսքով՝ գիտակցելով Թուրքիայի առաջ պահանջ դնելու վնասակար հետեւանքները, Տեր-Պետրոսյանի կառավարությունը կենտրոնանում էր Ցեղասպանության գիտական ուսումնասիրության եւ տեղեկացվածության բարձրացման վրա՝ «թողնելով Թուրքիային պատասխանատվության կանչելու գործը համաշխարհային մարդկությանը»։
1995 թվականի գիտաժողովն ու թանգարան-ինստիտուտի ստեղծումը
Զուրաբյանը վկայակոչում է 1995-ին նախագահ Տեր-Պետրոսյանի հրամանագրով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ստեղծումն ու կառուցումը Ծիծեռնակաբերդում, ինչպես նաեւ ապրիլին անցկացված երեւանյան միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու համար հրավիրվել էին աշխարհի անվանի ցեղասպանագետներ։
«Հայաստանի մայրաքաղաքում գումարված միջազգային այս գիտաժողովն ըստ այդմ մենք դիտում ենք նախ՝ որպես հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ երկրորդ՝ որպես բարեկամության ցույց մեր նորանկախ պետականության նկատմամբ»,- գիտաժողովի ժամանակ իր խոսքում մասնավորապես նշել է նախագահը։
Վերահաստատելով իր պնդումը, որ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը վերքաղաքական խնդիր է եւ պետության պաշտոնական օրակարգում ներառելը այն կդարձներ քաղաքական առեւտրի առարկա, Լեւոն Զուրաբյանը վկայակոչում է ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերը, որով 2000-ականների սկզբին Հայաստանի իշխանությունները խոստանում են հրաժարվել Ցեղասպանության հարցի բարձրացումից, եթե Անկարան բացի հայ-թուրքական սահմանը։
Զուրաբյանի եզրահանգմամբ՝ Ցեղասպանության ճանաչման ներառումը պետական օրակարգում չամրապնդեց Հայաստանի պաշտպանվածությունն ու անվտանգությունը։ «Թուրքիայի բացահայտ եւ անկաշկանդ մասնակցությունը Արցախում ադրբեջանական ցեղասպանական էթնիկ զտման արշավին ցույց է տալիս, որ այդ ամենը կոշտ աշխարհաքաղաքական իրողություններից կտրված սուտ պրոպագանդա էր»,-ասում է նա։
Ճանաչումը նախապայման չի եղել. Միկոյան
Մեծ եղեռնի՝ որպես ցեղասպանություն միջազգային ճանաչման հարցը Հայաստանի պաշտոնական օրակարգ է բերվել 1998 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի ընտրությունից հետո։ Մեզ հետ զրույցում այս փաստը հաստատեց երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։
«1915-ին Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ժամանակին չգտավ արժանի դատապարտում, որն էլ խրախուսեց որոշ ռեժիմների կողմից նոր հանցանքների իրականացումը»,-1998 թվականի սեպտեմբերին՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հինգ ամիս անց ՄԱԿ գլխավոր ասամբլեային ուղղված ելույթում հայտարարեց Քոչարյանը։
Միկոյանը միեւնույն ժամանակ ընդգծում է, որ Հայաստանը Ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի հռչակել Թուրքիայի հետ շփումներում։ «Հայաստանի դիրքորոշումը երբեւէ կապրիզ չի եղել»,-վերահաստատում է զրուցակիցս։
«Առավոտին» Բագրատ Միկոյանը փոխանցեց՝ «Ցեղասպանության միջազգային ճանաչումն օրակարգ բերելու լավագույն արդյունքը մոտ մեկուկես տասնյակ պետությունների կողմից Ցեղասպանության ճանաչումն էր»։
1998-2008 թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մի շարք խորհրդարանական որոշումներ, օրենքներ կամ հռչակագրեր են ընդունվել՝ բելգիական, ֆրանսիական, իտալական, կանադական, արգենտինական, ուրուգվայական, սլովակական, նիդեռլանդական, լեհական, գերմանական, վենեսուելական, լիտվական, չիլիական օրենսդիր մարմինների կողմից։ Եվրոպական խորհրդարանն ու ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանը եւս ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Հովհաննես Պողոս Պապը 1915 թվականի հանցագործությունները նույնպես ցեղասպանություն է որակել։
Միկոյանը չցանկացավ մեկնաբանել ժամանակին Ռոբերտ Քոչարյանի հասցեին ուղղված մեղադրանքները, ըստ որոնց՝ նա Ցեղասպանության ճանաչումը օրակարգ է մտցրել՝ Սփյուռքից ներդրումներ խթանելու համար։
«Ես չէի ցանկանա անգամ պատասխանել այդ հարցին։ Դա այնքան անբարոյական պնդում է։ Տնտեսական հարցերն ի՞նչ կապ կարող էին ունենալ ճանաչման հետ։ Պատկերացնում եք՝ որեւէ հրեա Իսրայելին մեղադրի Հոլոքոստի դատապարտման օրակարգի առաջմղման համար»,-Բագրատ Միկոյանի արձագանքն էր։
Էրդողանի առաջարկն ու Քոչարյանի պատասխանը
Ցեղասպանության ճանաչման՝ օրակարգում ներառվելուց հետո, 2005-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հղված նամակում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն առաջարկում է ստեղծել «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից բաղկացած համատեղ խումբ, որը կուսումնասիրի 1915-ի դեպքերն ու զարգացումները»:
Նախագահ Քոչարյանն իր պատասխան նամակում Էրդողանի առաջարկին արձագանքում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման համատեքստում՝ հայտնելով՝ «Երկկողմ հարաբերությունների զարգացումը կառավարությունների պատասխանատվությունն է, եւ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը արտապատվիրակել պատմաբաններին»։
Պայքար ժխտողականության դեմ. Շարմազանով
2008-ին ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելով՝ Սերժ Սարգսյանը զարգացրեց Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ընդգծում է, որ 2008-2018 թթ. նոր թափ ստացավ նաեւ թուրքական ժխտողականության դեմ պայքարը։ Կիպրոսը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացրեց, Գերմանիան միաձայն ճանաչեց Ցեղասպանության փաստը, մի շարք քաղաքներում, օրինակ՝ Տոկիոյում, Պրահայում, Բրատիսլավայում Մեծ եղեռնին նվիրված ցուցահանդեսներ բացվեցին։
Չորս նախագահների այցը Ծիծեռնակաբերդ
«Մենք կենացներ չենք ասել։ Իրական աշխատանք է կատարվել։ Պատկերացրե՛ք, 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանեցին եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին բարձրաստիճան պաշտոնյաներ բազմաթիվ երկրներից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը»,-թվարկում է Շարմազանովն ու ավելացնում՝ «սա այն պարագայում, երբ նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխարհի առաջնորդներին հրավիրել էր մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին»։
2014-ին ՄԱԿ-ի իր խոսքի առաջին իսկ րոպեին նախագահ Սարգսյանն ընդգծում էր՝ «2015-ը հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի հայության համար»:
«1915 թվականի Ցեղասպանությունը քաղաքակրթության եւ մարդկության դեմ հանցագործություն էր, իսկ դրա ոչ լիարժեք դատապարտումը նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երեւույթ»,-ասել է Սարգսյանը։
Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման լավագույն միջոցը պատմության ընթացքում տեղի ունեցած նմանատիպ դեպքերի մասին բարձրաձայնելն է։
2015-ին հայկական դիվանագիտության նախաձեռնությամբ ՄԱԿ գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձեւ, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Սարգսյանի նախագահության տասը տարիների ժամանակահատվածում շարունակվեցին Հայոց ցեղասպանության թեմայով խորհրդարանական որոշումների, օրենքների կամ հռչակագրերի ընդունումը։ 1915 թվականի Եղեռնին անդրադարձած պետություններն են՝ Շվեդիան, Բոլիվիան, Չիլին, Չեխիան, Ավստրիան, Գերմանիան, Ռուսաստանը, Լյուքսեմբուրգը, Բրազիլիան, Բելգիան, Պարագվայը, Ֆրանսիան։ Բանաձեւով է հանդես եկել Եվրոպական խորհրդարանը։ Ֆրանցիսկոս Պապը Եղեռնը նույնպես ցեղասպանություն է բնութագրել։
Հատկանշական է, որ երբ 2008 թվականի հունիսին Սերժ Սարգսյանն անդրադարձել է պաշտոնական Անկարայի պատմաբանների հանձնախումբ ստեղծելու առաջարկին՝ սկզբունքորեն դեմ չարտահայտվելով այդ մտքին, բայց այն պատեհ համարելով սահմանի վերաբացումից հետո։
«Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց»,-ասել է Սարգսյանը Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպմանը։
Փաշինյանի կոշտ կշտամբանքն Անկարայի նկատմամբ
«Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մարդկության առջեւ` պահպանելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը եւ նպաստելու այդ սարսափելի ոճիրի կրկնության կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»։ Խոսքերի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նա այս միտքը հնչեցրել է 2020-ի սեպտեմբերին՝ ՄԱԿ ԳԱ-ին հղած ուղերձում։
Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի եւ Սարգսյանի, Փաշինյանը նաեւ կոշտ կշտամբում էր Թուրքիային։
«Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության»,-2019 թվականին Նյու Յորքում հայտարարել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանի հեղափոխությունից մինչեւ 2022 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շեշտակի փոփոխությունը, որը զուգորդվեց Փաշինյանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչմամբ` Հայոց ցեղասպանությանն անդրադարձող մի շարք խորհրդարանական որոշումներ, օրենքներ կամ հռչակագրեր են ընդունվել` Իտալիայի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի, Սիրիայի, Լատվիայի կողմից։ Մեծ եղեռնը որպես ցեղասպանություն որակեց նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իսկ այդ պաշտոնում Բայդենին հաջորդած Դոնալդ Թրամփը կրկին միացավ թուրքական ժխտողական քաղաքականությանը։
Հակասող մոտեցումներ
Զուրաբյանը համոզված է, որ նախագահի պաշտոնում Տեր-Պետրոսյանին հաջորդած Քոչարյանի «ամենամեծ սխալներից մեկն» այն էր, որ նա Ցեղասպանության խնդիրը դարձրեց քաղաքական գործիք՝ Թուրքիայից զիջումներ՝ հայ-թուրքական սահմանի բացումը ստանալու համար։ Ըստ զրուցակցիս՝ այդ քայլով «վերջ դրվեց» սեփական պատմության հետ առերեսվելու Թուրքիայում սկսված գործընթացը, «իսկ Ցեղասպանության ճանաչման հարցը դարձավ մեծ աշխարհաքաղաքական առեւտրի մանրադրամ եւ մարդկության առջեւ Թուրքիայի պատասխանատվության գլոբալ խնդրից վերածվեց հայ-թուրքական միջպետական լոկալ վեճի առարկայի»։
«Դրանից անմիջապես օգտվեցին թուրքերը եւ, մերժելով սահմանի բացումը, առաջարկեցին ստեղծել Ցեղասպանության եղելությունը ուսումնասիրող պատմաբանների միջկառավարական հանձնաժողով։ Դա ծուղակ էր։ Եթե Հայաստանը ընդունում էր առաջարկը, ապա համաձայնվում էր Ցեղասպանության եղելությունը հարցական համարել, իսկ եթե հրաժարվում էր, տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանը խուսափում է փաստերի ուսումնասիրությունից։ Դրանով նսեմացվեց Ցեղասպանության եղելությունը՝ օգնելով Թուրքիային խուսանավել պատասխանատվությունից»,-կարծում է ՀՀ առաջին նախագահի նախկին օգնականը։
Մինչդեռ, Բագրատ Միկոյանի դիտարկմամբ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ պաշտոնական օրակարգի մաս դարձնելն ամրապնդել է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։
«Ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար կարեւոր է իր անվտանգային ճարտարապետության մեջ ներառել Ցեղասպանության ճանաչման հարցը՝ նաեւ դրա կրկնությունը բացառելու համար։ Սա ընկալելի պահանջ էր միջազգային հանրության համար։ Նույն տրամաբանությամբ է գործել Իսրայելը՝ Հոլոքոստի ճանաչման համատեքստում»,-պարզաբանում է նախագահ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչը։
Սերժ Սարգսյանի թիմակից Էդուարդ Շարմազանովն էլ Ցեղասպանության ճանաչման օրակարգի առաջմղումը Հայաստանի կողմից համարում է հետագա ոճրագործությունների կանխարգելման արդյունավետ միջոց։
Չնայած տարբերվող մոտեցումներին, նախագահներ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը եւ Սարգսյանը յուրովի զբաղվել են Ցեղասպանության ոգեկոչմամբ` դա կլիներ միջազգային գիտաժողով կազմակերպելով եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրմամբ, թե Ցեղասպանության մասին միջազգային ամբիոններից խոսելով եւ մի քանի տասնյակ պետությունների կողմից դատապարտող հայտարարություններ ստանալով։
Փաշինյանի օրոք, սակայն, ակներեւ է, որ ինչ-որ բան փոխվել է. սկզբում անտրամբանական ագրեսիվություն, հիմա՝ վճռական խմբագրում։
ԱԳՆ-ից մեր հարցմանը դեռ չեն պատասխանել
Գործող կառավարության` 2021-2026 թվականների ծրագրում Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրն առաջնահերթություն է համարվում՝ Հայաստանի անվտանգության մասնիկ։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, եւ սա լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում»,-նշվում է Կառավարության ծրագրում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից փորձեցինք ճշտել` ի՞նչ դեր ունի Ցեղասպանության ճանաչումը կառավարության այսօրվա քաղաքականության մեջ։
Ապրիլի 14-ին ուղարկված մեր գրավոր հարցմանը ապրիլի 25-ի դրությամբ չեն պատասխանել, չնայած գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաստատել է, որ հարցումը ստացել են։
Թերեւս միայն հիշեցնենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անցած տարվա աշնանն Ազգային ժողովում հաստատեց` Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը չէ։
Ապրիլքսանչորսյան իր ամենամյա ուղերձում էլ կառավարության ղեկավարը «ցեղասպանություն» եզրն օգտագործում է միայն երկու անգամ, «Մեծ եղեռնը»` չորս անգամ։ «Թուրքիա» անվանումը չի գործածվում ուղերձում։ Փոխարենը մեկ անգամ նշվում է «Օսմանյան կայսրություն» անվանումը։
Նիկոլ Փաշինյանի ուղերձում` 1915 թվականի եղեռնագործությունը կապվում է 2020-ից հետո մեկնարկած սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հետ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ԳԽ նախագահ Բաբկեն Արարաքցյանը՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացմանը, 1995թ., ապրիլի 24
«Առավոտ» օրաթերթ
26.04.2025