Գյումրու սրտում գտնվող «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում» այսօր յուրօրինակ ձևով նշվեց մեծանուն բանաստեղծի ծննդյան տոնը։
Երևանի «Տաթև» ոչ պետական դպրոցի 7-րդ «Սևան» դասարանի սաները (ի դեպ, այս դպրոցում դասարանները հայ նշանավոր մեծերի, պատմիչների, հայոց թագավորների, մայրաքաղաքների, լճերի ու գետերի անունով են, ասենք՝ «Ագաթանգեղոս» դասարան, «Կոմիտաս» դասարան, «Արցախ» դասարան, «Եփրատ», «Տիգրիս» դասարան և այլն, դպրոցի նշանաբառը «Ազգ, Հայրենիք, Գիտելիքն» է) միջոցառում էին կազմակերպել՝ արտասանելով նրա բանաստեղծություններն ու դրվագ առ դրվագ ներկայացնելով Շիրազի ողջ կյանքն ու գրական ժառանգությունը․ ծանր մանկությունից սկսած մինչև Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորվելն ու սիրտը Արարատ լեռան բարձունք տեղափոխելը։
Այսօր հնչեցին մորը, հայրենիքին նվիրված նրա գրեթե բոլոր բանաստեղծությունները․ մայրաքաղաքից Գյումրի եկած դպրոցականները կարողացան ներկաներին հուզել ու տեղափոխել շիրազյան կյանք ու ժամանակաշրջան։
Թանգարանի այցելուներին ներկայացվեց նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տաթևիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ կատարված նախագծային աշխատանքը, որի շրջանակներում սաները ֆիլմ էին նկարահանել Հովհաննես Շիրազի մասին։
Կարդացեք նաև
Նկարահանումները կատարվել էին Գյումրիում՝ «Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում», Երևանի պետական համալսարանում, Կոմիտասի անվան պանթեոնում, նրանք հանդիպել էին Շիրազի որդու հետ։
«Տաթև» ոչ պետական դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը Հովհաննես Շիրազից իրենց ընտանիքի անդամներին նվիրված մասունք- ձեռագրերը հանձնեց թանգարանին։ Շիրազը ձեռագրերում իրեն կոչել է Շիրակացի։
Բանաստեղծն անձնական կապեր է ունեցել Օֆելյա Պետրոսյանի հոր՝ Լյովա Կարապետի Պետրոսյանի հետ, որը Գյումրիում ճանաչված անձնավորություն է եղել․ 30 տարի ղեկավարել է Լենինականի առևտրի վարչությունը։ Բանաստեղծը մոտ է եղել նաև Օֆլեյա Պետրոսյանի պապիկի՝ Կարո Պետրոսյանի հետ, որը եղել է Լենինականի Քաղսովետի նախագահի տեղակալը։
«Մոտ 40-50 տարի այս ձեռագրերը պահվել են մեր տանը և սրբացված մասունքի նշանակություն ունեն, որովհետև այստեղ կան երկտողեր, քառատողեր, որոնք առ այսօր հրատարակված չեն։ Մեծ հուզմունքով և սիրով փոխանցում եմ հուշատանը՝ այն առաքելությամբ, որ դրանց ոչ միայն հաղորդակից լինենք մենք՝ հայրիկիս սերունդները, այլ հանուր մարդկությունը տեսնի, ճանաչի, և ինչու ոչ՝ բերնեբերան փոխանցի Շիրազի այս քառատողերը և երկտողերը։
Մի երկու դրվագ ուզում եմ ընթերցել․ այս ընծայականը Հովհաննես Շիրազը ներկայացրել է իր խմբագրած Հովհաննես Հովհաննիսյանի գրքում, իր ձեռագիրն է․
Ոչ թե Լյովա, այլ Լևոնին…
Չկորչես ծոցում օտար անկողնի`
Կարոյիդ գահը թափուր մի թողնի,
Որ հավերժ մնա քեզ հույսի ճրագ,
Անիի դուստր՝ աշխարհն իմ Շիրակ․
Հովհաննես Շիրազ․ 1976 թվական»։
Ձեռագիր քառատողերում Շիրազը հաճախակի է հիշել իր ծննդավայրը՝ հույս ունենալով, որ այն երբեք չեն լքի ու կծաղկեցնեն առավել։
Շիրազի հուշատուն-թանգարանը վերջին շրջանում համալրվել է բազմաթիվ ցուցանմուշներով՝ ձեռագրերով, բանաստեղծի լուսանկարներով, նրա մահադիմակով։
Այս թեմայի շուրջ զրուցել ենք Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Լուսինե Պետրոսյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ