«Նժդեհի հետնորդները» գիրքը ոչ միայն պատմություն է, այն նաեւ ուղերձ` պահպանելու մեր ինքնությունը, հիշելու մեր անցյալը, արժեւորելու այն ամենն, ինչ թողել են մեզ հերոսները։ Գիրքը նրանց շարունակությունն է, վկայություն, որ նրանց գաղափարները կենդանի են եւ ազդում են մեր կյանքի վրա. գրքի հեղինակներ Անի Կարապետյանը եւ Լուսինե Եղիազարյանն այսպես են բնութագրում աշխատանքը, որը կատարել են։
Գրքում ամփոփված են 2022 թվականի սեպտեմբերի 13 ին Կապանի դիրքերում անմահացած 38 հերոսսների կյանքի ու մահվան, հանուն հայրենիքի, հայրենի հողի պայքարի պատմությունները։ «Նժդեհի հերոսները» նաեւ կիսատ մնացած պայքարի վկայություն է։ Այն գրքի վերածելու գաղափարը անմահացած տղաների ծնողներինն է. պատմության համար հերոսական այս պատմությունների փաստագրումով ցանկացել են հավերժացնել տղաների հիշատակը, նաեւ` սփոփել իրենց, մի քիչ էլ մեղմել ծանր ցավը։ Այսօր գրքի շնորհանդեսն էր։
Կարդացեք նաև
«Թշնամին թիկունքից է մոտեցել, շրջափակման մեջ են ընկել։ Գոռն 9 ծառայակիցների հետ պահել է դիրքը։ Հրամանատար չի եղել… մինչեւ վերջ կռվել են` մահն աչքերի առաջ»,- Aravot.am-ի հետ զրույցում որդու սխրանքների մասին ցավով ու հպարտությամբ է պատմում Ներքին Հանդի 101 դիրքում զոհված Գոռ Համբարձումյանի մայրը` Անժելա Չիլինգարյանը։
Ասում է` որդու մահից հետո հայրենիքն իր համար ավելի թանկ է դարձել. այն այլեւս իր որդու արյունով է շաղախված։ Ինքն այս հողին հիմա առավել, քան երբեւէ է կպած. «Պայքարել է պետք, որ ապագա սերունդը լավ ապրի, դրա համար են գնացել մեր տղաները. հենց այնպես չեն գնացել»։
ՀՀ գործող իշխանության քաղաքական կուրսը, դիվանագիտությունը տիկին Անժելայի սրտով չեն, դրանք չեն տանում դեպի մեր պետության ու ազգի ապագային վերաբերվող իր պատկերացումներ, չեն արտացոլում տղաների աննկուն պայքարն ու ոգին։ Բայց չի ընկճվում։ Ասում է` պիտի պայքարենք. «Գոնե այդ դիրքերը պետք է ետ բերենք։ Ուզում եմ, որ գնամ այդ դիրք` հողը համբուրեմ»։
Մանրամասները` տեսանյութում
Անմահացած Վահե Կարապետյանի մորը` Աննա Չոբանյանին, փոքրիկ Վահեն է ստիպում ապրել։ Նա մի քանի ամիս է, ինչ իր ներկայությամբ ստիպում է ապրել եւ ապրեցնել։
«Բարդ է, բայց փոքրիկ Վահեի սերն ապրեցնում է»,-ասում է Աննան։
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ