Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման 110-րդ տարելիցի առթիվ բազմաթիվ երկրներում կազմակերպվել են գիտական, հոգևոր-մշակութային միջոցառումներ, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։
ՌԴ հայերի միության կողմից Մոսկվայում կազմակերպված «Ցեղասպանություն․ հիշողություն և նախազգուշացում․ ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ներկայացուցչական միջոցառմանը հրավիրված ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գուրգեն Արսենյանը գերադասել էր ներկա չգտնվել միջոցառմանը, և դա հասկանալ կարելի է, որովհետև նա, անկասկած, տեղյակ էր այլ հրավիրված մարդկանց մասին և գիտակցում էր, որ նրանց ելույթները լսելը իր համար շատ տհաճ կարող էր լինել։
Կարծում եմ, նա այդ հարցում չէր սխալվել։ Իսկապես թեև միջոցառման վերնագիրը ենթադրում էր, որ բանախոսները պետք է իրենց ելույթներով առաջնահերթությունը տային Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և այդ թեմայի վերաբերյալ այլ մարտահրավերների լուծմանը միտված գաղափարներին ու առաջարկություններին, սակայն, չափազանցված չի լինի, եթե ասեմ, որ այն ամբողջությամբ նվիրված էր ՀՀ իշխանություններին ու մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելուն, իսկ ցեղասպանության հարցը, կարծես, երկրորդ պլան էր մղվել։
Արդարացի և կառուցողական քննադատությունների շուրջ վիճելու մտադրություն չունեմ, թեև, պետք է նշեմ, որ փոքր-ինչ չափազանցված դրվագներ կային։ Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ կան բաներ, որոնց մասին կարող են խոսել հայաստանաբնակ ընդդիմադիր գործիչներն ու հանրությունը, իսկ կան բաներ, որոնց մասին պետք է բարձրաձայնեն սփյուռքի հայ ազգային գործիչները։ Սփյուռքի քաղաքական հայ գործիչները, կարծում եմ, պետք է ավելի զգույշ լինեն, որպեսզի իշխանություններին քննադատելով՝ այլ ազգերի աչքի առաջ չստորացվի նաև Հայաստանում բնակվողների արժանապատվությունը, ինչի վտանգը կար հատկապես մոսկովյան նշածս միջոցառմանը ելույթ ունեցող որոշ բանախոսների ելույթներում։
Կարդացեք նաև
Ե՛վ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, և՛ մյուս բանախոսները շատ լավ տեղյակ են, որ Հայաստանում ընդդիմությունը քնած չէ, և հայ ժողովուրդն էլ մտադիր չէ համակերպվել ՀՀ իշխանությունների զիջողական ու ապազգային քաղաքականության հետ, ուստի, ըստ իս, ավելի նպատակահարմար կլիներ, եթե բանախոսները ինքնաքննադատությամբ նույնպես զբաղվեին, իսկ քննադատությունների մեջ մի քիչ էլ իրենց նեղություն տային ու քննադատեին Բաքվում Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր առաջնորդներին, ովքեր աջակցում են Ադրբեջանին տարածաշրջանում հայկական հետքը ջնջելու հակաքրիստոնեական քաղաքականությանը, ինչը նույնպես հայ հասարակության կողմից դիտվում է որպես ցեղասպանության շարունակություն։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ