«Ելույթ ունենալով «Ռեֆորմիստների կուսակցության» հրավիրած «Աշխարհն առանց նացիզմի» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ առանց նացիզմի աշխարհը ցեղասպանությունների, պատերազմների, մահվան ճամբարների միջով անցած միլիոնավոր մարդկանց երազանքն է: «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը խոստացել էր, որ այլեւս չի լինելու հոլոքոստ, օսվենցիզմ, տոտալ ատելության գաղափարախոսություն: Սակայն 100 տարի էլ չի անցել, ու մենք կրկին բախվում ենք անցյալի ուրվականին: Նացիզմը ծնվում է այն հասարակություններում, որոնք թույլ են տալիս բաժանել իրեն իրականների եւ ոչ իրականների, ճշտերի եւ ավելորդների»,-ասաց բանախոսը եւ մեջբերեց նացիստների՝ Հիտլերի, Հիմլերի, Գեբելսի եւ այլոց թեզերից մի քանիսը:
«Այս մեջբերումները խոսում են իրենք իրենց մասին եւ պարզ է դառնում, թե ինչպիսի հրեշավոր երևույթ է նացիզմը: Երբ Հիտլերը եկավ իշխանության, Գերմանիան ժամանակի ամենակրթված երկրներից էր: Ասել է, թե կրթված հասարակությունն էլ կարող է գաղափարախոսության արդյունքում վերածվել ատելության հասարակության»,-շարունակեց բանախոսը եւ ընդգծեց, որ երբ Գերմանիան ներխուժեց Խորհրդային Միություն, հարյուր հազարավոր հայ զինվորներ կարմիր բանակի շարքերում ելան պաշտպանելու ոչ միայն իրենց հայրենիքը, այլեւ աշխարհը առանց նացիզմի գաղափարախոսությունը: Եվ շուրջ 300 հազար հայեր կյանքը տվեցին Հայրենական մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում:
1915 թվականին ցեղասպանություն տեսած Հայաստանը սեփական փորձով գիտեր, թե ինչ է նշանակում լինել «բարձր ռասայի» կողմից էթնիկ զտման թիրախ:
Մենք այսօր էլ չենք կարող ասել, որ աշխարհն առանց նացիզմի է: Մի շարք երկրներում, օրինակ, Մերձբալթյան երկրներում, խրախուսվում են նացիստական գաղափարները, ոչնչացվում Եվրոպան նացիզմից ազատագրողների հուշարձանները:
Կարդացեք նաև
Հայաստանը, ցավոք, այսօր այս ամենից մի կողմ կանգնած չէ: Այսօր Հայաստանում կան որոշ ուժեր, մարդիկ, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը, իսկ ոմանք էլ ավելի առաջ են գնում՝ կոչ անելով մոռանալ այդ ողբերգական պատմական փաստը, բարեկամություն անել Թուրքիայի հետ, ասես, ոչինչ չի եղել: Հայաստանում սկսել են դավաճաններին իսկական հայեր համարելու հռետորաբանություն ներդնել, ինչը չափազանց վտանգավոր է, քանի որ դա մեր հասարակությանը մղում է պառակտման եւ ներքին պատերազմների: Անհանդուրժողականություն են փորձում ձեւավորել այն մարդկանց նկատմամբ, որոնք այլ կերպ են մտածում եւ չեն տեղավորվում իրենց, այսպես կոչված, «ճիշտ հայի» մոդելի մեջ»,-ասաց Արման Ղուկասյանը:
Բայց նաեւ շատ հստակ ձեւակերպեց, որ հայրենասիրությունը այլոց նկատմամբ ատելություն չէ, որ ազգի ուժը իր արժեքները պաշտպանելն է առանց այլոց նսեմացնելու: Եվ որպես լուծում, առաջարկեց երիտասարդությանը սովորեցնել, թե իրականում ինչ է նացիզմը եւ դրա հետեւանքները, տեր կանգնել եւ պաշտպանել պատմական արդարությունը, դիմակայել Հայերի ցեղասպանության եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը ձեւախեղելուն: Հայաստանը պետք է կանգնի նացիզմի դեմ պայքարող, այլ ոչ թե նացիզմը վերածնող երկրների ճամբարում»,- ասաց Արման Ղուկասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ