Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշումը չի բխում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման շահերի տրամաբանությունից. հայտարարություն

Ապրիլ 26,2025 18:20

«ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» և  «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերությունների համատեղ հայտարարությունը ՀՀ Կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման ընդունման վերաբերյալ

Մենք՝ մեկից ավելի ուղղություն սպասարկող գործող տեղական ավիափոխադրողներս, ցանկանում ենք արտահայտել մեր խոր մտահոգությունը՝ կապված ՀՀ Կառավարության կողմից ս․թ․ ապրիլի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման վերաբերյալ։

Հարկ ենք համարում նշել, որ այն չի համաձայնեցվել գործող ավիափոխադրողների հետ և չի բխում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման շահերի տրամաբանությունից։

Մեր խորին համոզմամբ՝ նման ծրագիրը, որի հայտարարված նպատակը զբոսաշրջության խթանումն է, ներկայիս ձևով կրում է մի շարք վտանգավոր կողմնակի հետևանքներ, որոնք կարող են լրջորեն խաթարել տեղական ավիափոխադրողների զարգացման հեռանկարները և է՛լ ավելի խորացնել առանց այն էլ առկա անհավասար մրցակցության պայմաններն օտարերկրյա ավիափոխադրողների հետ՝ հաշվի առնելով, որ ՀՀ ավիացիոն ոլորտը գտնվում է ԵՄ և մի շարք այլ երկրների (Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն), այսպես կոչված, «սև ցուցակում»։

Մտահոգիչ է, որ ՀՀ Կառավարության նիստի ընթացքում հնչել են տեղեկություններ, որոնք տպավորություն են ստեղծել, թե նախագիծը ընդունելի է ՀՀ-ում գործող տեղական ավիափոխադրողների համար, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, պետական պատկան մարմիններին թե գրավոր, թե բանավոր կերպով տեղեկացվել է այս որոշման նկատմամբ տեղական ավիափոխադրողնորի բացասական դիրքորոշման մասին, ինչը հաշվի չի առնվել նախագծի հեղինակների կողմից։

Կարևորելով ՀՀ ազգային շահերի առաջնահերթությունը՝ կոչ ենք անում սահմանել տեղական ավիափոխադրողների օրինական շահերի պաշտպանության գործուն մեխանիզմներ։

«ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ անունից՝
Գլխավոր տնօրեն Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ՍՊԸ անունից՝
Գլխավոր տնօրեն Լևոն ՔԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930