Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մարտիրոսյան. Փաշինյանը հասկանում է, որ դեռ ժամանակը չէ, նա փորձում է «կրթել» նոր սերնդին, որը կհամապատասխանի թուրքական պահանջներին. «Հրապարակ»

Ապրիլ 26,2025 11:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի իշխանու­թյուն­ներն ու Փաշինյանը նույն լեզվով են խոսում ու նույն բանն են ասում․ առաջինը՝ թուրքերեն, երկրորդը՝ հայերեն: Ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման ամենամեծ ու այս իշխանության անգործության պայմաններում փաստացի միակ զանգվածային համահայկական միջոցառման՝ Ջահերով երթի ընթացքում թուրք-ադրբեջանական դրոշներն այրելն այնքան էր խոցել Նիկոլ Փաշինյանին, որ նա ապրիլի 24-ի վաղ առավոտյան հրահանգել էր իր խոսնակին դատապարտել այդ ավանդական արարողությունը՝ համարելով «անպատասխանատու եւ անընդունելի, սադրիչ եւ հրահրող»:

Իր ապրիլքսանչորսյան ուղեր­ձում Էրդողանը հայտարարել է գրեթե նույնը, ինչը Փաշինյանն է ասում վերջին տարիներին: «Անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան եւ ապագան», իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն պակաս դիվանագետ է գտնվել ու ուղիղ հայտարարել է. «Մենք կտրականապես ժխտում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները, որոնք արվում են՝ խախտելով պատմական փաստերը եւ միջազգային իրավունքը»: Ավելին, հանդգնել է ցուցում տալ. «Մենք հայտարարում ենք, որ չպետք է խրախուսվեն արմատական շրջանակների՝ պատմությունից թշնամանք կորզելու ջանքերը»:

Թե այդ որ շրջանակներին են թուրք իշխանություններն «արմատական», իսկ Փաշինյանը՝ «սադրիչ» համարում, պարզից էլ պարզ է. քաղաքական իմաստով՝ ազգային ուժերին, իսկ ավելի լայն իմաստով՝ ամբողջ հայ ժողովրդին ու սփյուռքին, բացառությամբ նրա այն փոքր հատվածի, որը «կերել» է նիկոլական «կուտը» կամ պարզապես համակարծիք է նրա թրքահաճ մոտեցումներին:

«Մեր իշխանությունն արդեն որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որն ամբողջությամբ բավարարում է Թուրքիային ու Ադրբեջանին: Նրան թվում էր, որ այդ ճանապարհով կարող են առաջնորդվել, բայց տեսան, որ ազգի պուլսը դեռ աշխատում է: Իշխանությանը թվում էր, թե ապրիլի 23-ի երթին քիչ մարդ կմասնակցի, որ անձրեւ է, երթը բազմամարդ չի լինի, բայց նրանք տեսան, որ այդ հարցի շուրջ հանրային կոնսոլիդացիա կա, եւ ազգի մոտեցումն այլ է, քան իրենց քաղաքականությունը: Այս իշխանությունը՝ որպես քաղաքական «կենդանի», շատ լավ է զգում իրավիճակը եւ հասկանում է, թե ինչ կլինի, եթե այդ հարցում ուղիղ հակադրվեն ժողովրդին: Դրա համար ապրիլի 24-ին բոլորը՝ վարչապետից մինչեւ պաշտոնյաներ, խելոք գնացին Ծիծեռնակաբերդ»,- «Հրապարակ»-ին ասում է բանակցային հարցերով փորձագետ Արթուր Մարտիրոսյանը՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ դա ամենեւին չի նշանակում, թե իշխանությունն իր մոտեցումներից նահանջում է, պարզապես այդ հենասյունը փորձում են քանդել ավելի նուրբ ձեւով:

«Փաշինյանը հասկանում է, որ դեռ ժամանակը չէ, նա փորձում է «կրթել» նոր սերնդին, որը կհամապատասխանի թուրքական պահանջներին: Ճիշտ է, նրանք ապրիլի 24-ին գնում են Ծիծեռնակաբերդ, բայց սկսել են կրկնել նույնը, ինչն ասում է Անկարան»,- ասում է մեր զրուցակիցը: Ազդա՞կ էր արդյոք այն փաստը, որ հայ համայնքին դիմող Էրդողանը ոչ մի խոսք չի ասում Երեւան-Անկարա հաշտեցման գործընթացի մասին: Բանակցային գործի մասնագետն ասում է՝ այո, Էրդողանը Փաշինյանին ասում է՝ եթե Հայաստանը շեղվում է, մենք նույնիսկ չենք խոսի այդ հարաբերությունների մասին:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930