Հայոց աշխարհի Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառում 13-րդ դարում Պռոշ իշխանի կողմից կառուցված Բոլորաբերդ-Պռոշաբերդից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք ընկած լեռան հարավային լանջին 14-րդ դարի սկզբներին հիմնվել է Սպիտակավոր վանքը՝ տարածքի բնակիչների ասելով՝ նաև Ծաղկավանքը։ Ըստ եկեղեցու պատերին եղած արձանագրությունների՝ համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Էաչի իշխանը, որը մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը 1321 թ․ ավարտել է նրա որդի Ամիր Հասանը։
Վանական համալիրը ժամանակին պարսպապատ է եղել, իսկ պարսպի ներսում կանգուն են եղել Սուրբ Աստվածածինը, գավիթը և զանգակատունը։ Տարածքում նաև պահպանվել են տապանաքարեր, որոնք հիմնականում պատկանել են վանականներին։ Կան նաև խաչքարերի բեկորներ, այլ կառույցների հիմքեր։ Սրբավայրի շինությունները կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, և այդ պատճառով կոչվում է «Սպիտակավոր»։
Վանական համալիրի կանգուն շինությունները հիմնանորոգվել են 1960-1970-ական թվականներին և 2006-ին։ Պռոշաբերդը, որի պարիսպները դեռ կանգուն են, գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավային հատվածում՝ Եղեգիս և Մոնզան գետերի միջև գտնվող 2912 մ բարձրությամբ Թաքեադոնդուրան լեռան գագաթին՝ Սրկղունք ձորահովտում, ժամանակին նաև հսկել է սրբատունը։ 1987 թվականի հունիսի 17-ին Նժդեհի աճյունը գաղտնի հուղարկավորվել է Սպիտակավոր եկեղեցու բակում, շիրմին տեղադրվել է շիրմաքար-խաչքար՝ «Այստեղ հանգչում է նա, որ գործեց իբրեւ կենդանի սուր» գրությամբ։ Այսպիսով Սպիտակավորը դարձել է կրկնակի սրբավայր ու ուխտատեղի մեր ժողովրդի համար։ 1987-ից սկսած՝ ամեն տարի, հունիսի 16-17-ը նժդեհականները տարբեր տեղերից ուխտագնացության են գալիս Սպիտակավոր։
Կարդացեք նաև
Տարիներ առաջ, երբ բնակվում էինք Բերձորում, Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր գլխավոր բժիշկ երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանի, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հոգևոր հովիվ Աթանաս վարդապետի հետ հունիսին ուխտի եկանք Սպիտակավոր։ Ա. Բունիաթյանն ու Աթանաս վարդապետը Նժդեհի աճյունը տեղափոխելու և հուղարկավորելու կազմակերպիչներից են։
Պատմեցին, թե ինչպես են իրականացրել այդ դժվար աշխատանքը խորհրդային ՊԱԿ-ի հսկողության տակ։ Նույն կազմակերպիչները որոշել էին՝ յուրաքանչյուր տարի հունիսի 16-17-ին կայցելեն Սպիտակավոր, հոկտեմբերի 6-7-ին՝ Խուստուփ։ Նաև երդվել էին. «Եթե չգանք, ուրեմն՝ չկանք»։ Այսօր նրանցից շատերն արդեն չկան, բայց Նժդեհյան ուխտավայրերը կան։ Նշեմ՝ Վարագ Առաքելյանի նախաձեռնությամբ՝ 1983 թ. Գարեգին Նժդեհի աճյունը Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից նրա թոռնուհու ամուսինը՝ Պավել Անանյանը, գաղտնի տեղափոխել է Երևան։ Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ մնացած նշխարհներն ամփոփվում են Սպիտակավորի բակում։ 2000-ականների սկզբին մի քանի անգամ Նժդեհի նշխարը Խուստուփի լանջին ամփոփողների հետ եղել եմ Կոզնի աղբյուրի ուխտավայր։ Բժիշկ Ա․ Բունիաթյանը, մյուսները պատմում էին՝ ինչ ոգևորությամբ էին իրականացրել Սպարապետի երազանքը՝ թաղվել հայրենի հողում։ Իսկ Սպիտակավորում 10 տարուց ավելի է, ինչ Նժդեհյան ուխտը միտված է նաև Հայոց Մեծ Եղեռնի միլիոն ու ավելի զոհերի հիշատակը հարգելուն։ Այս տարի՝ 2025-ի ապրիլի 24-ին դարձյալ հարյուրավոր, հնարավոր է՝ հազարավոր, ուխտավորներ էին Սպիտակավորում։
Ուրախալի է՝ շատ են դպրոցականները, ուսանողները, երիտասարդներ։ Այս անգամ ևս Սպիտակավոր բարձրացա Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի ուսուցիչների ու աշակերտների հետ։ Դպրոցի տնօրեն, Նժդեհի գաղափարակիր Աշոտ Նավասարդյանի դուստր Անուշ Նավասարդյանը նույնպես իր սաների հետ էր։ Ասաց՝ արդեն մի քանի տարի է, ինչ ապրիլի 24-ին այցելում են Նժդեհյան ուխտավայր. «Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը Նժդեհյան ուխտատեղի այցելելը պայմանավորված է այն իրողությամբ, որ 1948 թ. ապրիլի 24-ին Գարեգին Նժդեհը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, իսկ 1915 թ. ապրիլի 24-ին էլ հայ ազգը զրկվել է իր ղեկավար ուժերից և մտավորականներից»։
Վերնաշենում է գործում «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ տեղակայված 12-13-րդ դարերում հիմնված Սուրբ Հակոբ եկեղեցում։ Սրբատան մոտ շարվեցին դպրոցականները, ուսուցիչների կողմից ստացան հրահանգ ու շարժվեցին դեպի ուխտավայր։ Ճանապարհին հանդիպում էինք տարբեր խմբերի՝ դպրոցականներ, արշավականներ, մշակութային խմբեր, այլոք։ Երիտասարդների մի խումբ Եղեգնաձորից էին բարձրանում։ Արցախցիներ էին՝ հիմնականում Ստեփանակերտից․ այժմ բնակվում են Եղեգնաձորում։ Սպիտակավորի բակում տարբեր խմբեր միասին ռազմահայրենասիրական երգերի հնչյունների տակ պարում էին։ Օրը հագեցած էր Նժդեհյան ոգով, նրան նվիրված երգերով, պատումներով։ Ցավ է՝ արդեն 2-րդ տարին է՝ հոգեպես է այստեղ «Կարին»-ի հիմնադիրը՝ երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանը՝ Նժդեհի գաղափարակիրը։ Գինոսյանի սիրելի պարերից «Յարխուշտա», «Իշխանասար», «Քոչարի» և այլն կատարեցին Նավասարդյանականները ևս՝ ծածանելով ՀՀ և Արցախի Եռագույնները։
Մինչ երեկո բազմամարդ էր Սպիտակավորը։ Շատ ուխտավորներ նաև Պռոշաբերդ էին բարձրանում։ Տարածքում էին նաև շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցները։ «Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ» խոսքը Մեծ հայորդու շիրմաքարին է գրված։ Այսօր ևս շատ արդիական է Սպարապետի այս խոսքը, որ ասել է 100 տարի առաջ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ