Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մարգարյան․ Հարցը նրանում է, որ, իբրեւ կոտորված ժողովուրդ, քո արժանապատվության տե՞րն ես, թե՞ տերը չես․ «Հրապարակ»

Ապրիլ 26,2025 11:00

Հարցազրույց ՀՅԴ անդամ, Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ

– Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության միջազգայնացման հարցը չկա իրենց օրակարգում, ի՞նչ վտանգներ եւ մարտահրավերներ եք տեսնում այս քաղաքականության տակ։

– Գիտեք, 110 տարիների ընթացքում շատ կարճ ժամանակ է եղել, որ Հայաստանի իշխանությունները հետապնդել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը։ 110 տարվա մեջ՝ գուցե 20 տարի: Մի փոքրամասնություն է եղել, մի մարտնչող, ազգային փոքրամասնություն, որ այդ նպատակը դրել է իր առջեւ եւ առաջ է գնացել։ Հաջողվել է` այսօր շատ երկրներ Հայոց ցեղասպանությունն ընդունում են, սակայն ընդունելու փաստն այդքան կարեւոր չէ, կարեւորը պայքարն է, պայքարի ոգին, այն, որ կարողանանք աշխարհին ասել, որ այդ ցավը չենք մոռացել, մենք տեր ենք մեր իրավունքներին եւ վերատիրանալու ենք այդ իրավունքներին։ Այսօր կրկնակի է դարձել դրա անհրաժեշտությունը, որովհետեւ նաեւ ունենք Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դեռ պետք է պարզի՝ ինչպես է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը հայտնվել հետխորհրդային Հայաստանում: Ակնարկում է, որ ռուսներին է ձեռնտու եղել այն օրակարգ բերելը։ Ինչո՞ւ են նման թեզեր առաջ տանում։ 

– Մեզ կոտորել են, մենք էլ կոտորվել ենք, թե նշումն ում է ձեռնտու, ում ձեռնտու չէ, ով է քաջալերել, ով՝ ոչ, 100-րդական  է։ Հարցը նրանում է, որ, իբրեւ կոտորված ժողովուրդ, քո արժանապատվության տե՞րն ես, թե՞ տերը չես։ Ի՞նչ ենք փնտրում՝ ասելով․ ով է հրահրել, ով է ուզել, մենք խնդիր չունե՞նք, այնքան ենք մեռել, որ մեր իրավունքների տերը չենք, մեզ պիտի հուշեի՞ն, որ մեր իրավունքների տերը լինեինք։ Ես կարծում եմ, որ անհեթեթ է այդ հարցադրումը, մեզ վայել չէ։

– Իշխանության քաղաքականության մեջ տեսնո՞ւմ եք ցեղասպանության ժխտման օրակարգ։ 

– Ես տեսնում եմ ընկճվածություն, պարտության արդյունքում ընկճվածություն։ Մենք ոչ միայն պարտվել ենք պատերազմում, այլեւ՝ հոգեպես։ Այս իշխանությունը հոգեպես է պարտվել, ծնկի է եկել եւ չի կարողանում իր մեջքը շտկի, որովհետեւ իր հույսը չի դնում ժողովրդի վրա, չի փորձում ժողովրդին համախմբի՝ իր մեջքը շտկի։ Անկախ պատճառներից, թե ինչու ենք պատերազմում պարտվել, փաստ է, որ պարտվել ենք, բայց կարեւորն այն է, որ կարողանանք ոտքի կանգնենք, մեր մեջքը շտկենք եւ դա անենք միասնականությամբ, ներազգային խնդիրները երկրորդական պլան մղելով։

– Ընդդիմությանն էլ են մեղադրում՝ անգործության համար։ Շատերը կարծում են, որ ճիշտ ժամանակն է՝ իմպիչմենթի գործընթաց սկսելու։ Դուք ի՞նչ կարծիքի եք։ 

– Ոչ մի ճանապարհ մյուս ճանապարհին չի խանգարում՝ լինի իմպիչմենթ, թե ընտրություն, փողոցային պայքար, հեղափոխություն, թե հեղաշրջում։ Սրանք՝ բոլորը, նույն նպատակին են ծառայելու, եւ պետք չէ հակադրության մեջ դնել, որովհետեւ այդկերպ վնասելու ենք մեր ընդհանուր պայքարին։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930