Վատագույն երազում հնարավոր չէր պատկերացնել, որ անկախ Հայաստանի պետական որևէ պաշտոնյա շահարկումների առարկա կդարձնի Հայոց ցեղասպանության փաստը: Ցավով պետք է արձանագրել, որ ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս, Հայոց ցեղասպանության փաստի հիշատակման միակ միջոցառումը, կարծես, դարձավ Ջահերով երթը: Պետական մակարդակով որևէ միջոցառում չանցկացվեց, պաշտոնյաներն առհասարակ կարծես սարսափեն այս թեմայի մասին Թուրքիային ուղղված սուր դիտարկումներ անելուց: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է՝ Հայոց ցեղասպանությունը և Արցախյան հիմնախնդիրն այն երկու թեմաներն էին, որոնց շուրջ կար ազգային միասնականություն, միակարծություն:
«Դրանք ազգային գաղափարներ էին, որոնց շուրջ չկային տարակարծություններ: Ավելին, «Արցախը հայկական է և չի կարող լինել Ադրբեջանի կազմում», իսկ «1915 թվականին տեղի է ունեցել ցեղասպանություն օսմանյան Թուրքիայի կողմից, և պետք է ամեն ինչ անել դրա միջազգային ճանաչմանը հասնելու համար» թեմաների շուրջ կար գրված և չգրված տաբու: Օրինակ՝ եթե որևէ մեկը մինչև 2018 թ. այս երկու թեզերը կասկածի տակ դներ և առաջ տաներ այն կերպ, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը, միանգամից «իզգոյ» կդառնար: Այդ մարդիկ ոչ միայն չէին կարող ունենալ քաղաքական ապագա, այլ նրանց համար փողոց դուրս գալը բավականին պրոբլեմատիկ կարող էր լինել: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, երևի թե կոչվում է պետության, հանրության, քաղաքական դաշտի ու մտքի այլասերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հայ ազգի բոլոր հատվածների համար այս երկու անժխտելի թեզերը կասկածի տակ դնելով կամ ժխտելով, դրա հիման վրա ուզում է կառուցել իր, այսպես կոչված, «իրական Հայաստանի» մոդելը՝ դա հակադրելով իր իսկ հնարած «պատմական Հայաստանի» մոդելին: «Ե՛վ իրական Հայաստանն է հնարել, և՛ պատմական Հայաստանը, որովհետև կա միայն հայրենիք, Հայաստան, երկիր: Դրանք միասնական գաղափարներ են: Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «իրական Հայաստանն» Ալիևի հռչակած «Արևմտյան Ադրբեջանն» է: Թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի մոտեցումները Հայաստանի ներկայի և ապագայի շուրջ համընկնում են, առայժմ անվան մեջ է հարցը: Եթե Ալիևը դա անվանում է «Արևմտյան Ադրբեջան», Նիկոլ Փաշինյանն այն առայժմ անվանում է «իրական Հայաստան»:
Բնականաբար, եթե Հայաստանի երրորդ հանրապետությունից հանում ես Արցախի պատկանելիության, ստատուսի հարցերը, իրենց բնօրրանում ապրելու արցախցիների իրավունքը, նրանց ինքնորոշման իրավունքը, մեղմ ասած, կասկածի տակ ես դնում Հայոց ցեղասպանության փաստը և այդ խնդիրը բարձրացնելու նպատակահարմարությունը, ապա արմատախիլ ես անում Հայաստան պետությունը և առաջ բերում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը: Քեզ կասեն, թե որքան տարածք, կենսական նշանակության, գոյատևման հնարավորություններ կտան քեզ, այդքանն է քոնը, որովհետև դուք թույլ եք, տկար եք, տգետ եք: Նիկոլ Փաշինյանը գալիս ու կառավարության նիստում նույնն ասում է՝ թույլ ենք, տգետ ենք: Խնդիրն այն չէ, որ սա իր մասին է ասում, նա բոլորիս է տգետ անվանում, և ամենաաբսուրդն այն է, որ ասում է՝ մեր տգետ հալով ձեզ պետք է կրթենք: Խնդիր է նաև այն, որ քաղաքական ու տնտեսական այն էլիտան, որ նստած է կառավարությունում և խորհրդարանում, ծպտուն չի հանում՝ իրենց աթոռը պահելու մոլուցքից ելնելով»,-նշում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Ընդգծում է՝ այնքան այլասերված են հարաբերություններն այս երկրում և իշխանական համակարգում, որ ինչ-որ մեկը կարող է, իբր իր մեղավորությունը ճանաչելով, որպեսզի վաղը մարդկանցից ձայներ ստանա, «փչացնել» մնացածներին, մասնավորապես՝ կառավարության, իր խմբակցության անդամներին:
«Որևէ մեկը չի հանդգնում որևէ բառ ասել: Սա բնորոշում է ոչ միայն երկրում տիրող իրավիճակը, այլ նաև իշխանության մեջ տիրող ստրկատիրական համակարգը: Կառավարության որևէ անդամ կամ ԱԺ պատգամավոր չի կարողանում այդքան խիզախություն ունենալ և իր ներսից հանել իր ստրկատիրոջ նկատմամբ վախը»:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում