Լրահոս
Օրվա լրահոսը

Ճոռոմ ճառերը եւ ինքնանվաստացումն իրար չեն բացառում

Ապրիլ 26,2025 10:00

Ներկայիս իշխանությունը ձեւ է անում, իբր իր անողնաշար, անհետեւողական, որեւէ սկզբունքից զուրկ քաղաքականությունը շտկում է նախորդ սխալները: Մինչդեռ դա սխալների շարունակությունն է, ընդ որում՝ շատ ավելի ճակատագրական, կործանարար հետեւանքներով:

Սխալ է «ոչմիթիզականությունը», ինչպես դա սիրում են անվանել առաջին նախագահի կողմնակիցները: Խոսքը անիրատեսական, առավելապաշտական դիրքի մասին է՝ Ադրբեջանի հետ բանակցություններում: Այդ «ոչմիթիզականության» ամենախանդավառ ջատագովներից էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2020 թվականի աշունը: Կարդացեք նրա բոցաշունչ ճառերը, այդ թվում՝ իր հրապարակած «Մյունխենյան սկզբունքները» (16.02.2020): Մեջբերեմ դիցուք թիվ 1 սկզբունքը. «Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը»: Սխալ է նաեւ, երբ սկզբից կոչ է արվում փոքր-ինչ իջեցնել Ղարաբաղի կարգավիճակի հարցում մեր հավակնությունների նշաձողը (13.04.2022), իսկ այնուհետեւ ընդհանրապես հրաժարվել որեւէ հավակնություններից եւ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս (06.11.2022)` դրա դիմաց ստանալով կատարյալ զրո: Անիմաստ հոխորտանքների, առավելապաշտական պահանջների եւ, մյուս կողմից, կապիտուլյացիայի միջեւ կա հսկայական բանական դաշտ, որում խաղալու համար պետք է ունենալ որոշակի մտավոր (ոչ թե «ֆռացնելու») ունակություններ:

Սխալ էր, երբ Հայաստան պետությունը Ցեղասպանությունը դարձնում էր Թուրքիայի եւ այլ երկրների առեւտրի առարկա: Ավելի սխալ է՝ խոսել Ցեղասպանության մասին, ինչպես մի տարերային աղետի, ոչ թե՝ որպես Օսմանյան կառավարության հանցագործության՝ հանցագործություն, որը չեն ընդունել Թուրքիայի հաջորդ կառավարությունները եւ որն այդ պատճառով հետագա տարիներին կրկնվել է եւ կարող է շարունակվել:

Սխալ է, կարծում եմ, այրել ՈՐԵՎԷ երկրի պետական դրոշը: Բայց  պատճառահետեւանքային կապ նկատել դրոշի այրման եւ ադրբեջանական կրակոցների միջեւ, պարզապես մանր ժուլիկություն է: Թե չէ կստացվի, որ այս անցած տարիների ընթացքում հակառակորդը կրակում էր միայն ապրիլի 24-ին:

Սխալ է ճոռոմ, «կենացային» ճառեր արտասանել «ծովից ծով» կամ «գետից գետ» (Քուռ-Արաքսյան) Հայաստանի մասին՝ ի դեպ, այդ գաղափարն էին պաշտպանում Փաշինյանի ներկայիս ջերմ ադեպտները: Բայց մի՞թե դրա այլընտրանքը թշնամու կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի զավթումը հանդուրժելն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Խորհրդային Միության ժողովուրդները եթե դիմանաին Պերեստրոյկայի ղեկավարների պետականաքանդ ազգակործան քաղաքականությանը, արդյունքում կլիներ Պերեստրոյկայի ղեկավարների դատը եւ պետական դավաճանության հոդվածով շատերը կդատվեին, այնպես որ այդ մեղադրյալները երկու ճանապարհ ունեին՝ կամ զագս կամ դատախազություն՝ կամ երկիրը վարի կտան ու կփրկվեն կամ հոդվածով պետք է դատվեն եւ քանի որ իշխանությունը մեղադրյալների ձեռքում էր, նախընտրեցին երկիրը վարի տալ՝ երկիր չկա, չկա եւ երկրի օրենք, դատարան ու դատաստան:
    Այսօր Պերեստրոյկայի ուրվականը շրջում է ողջ աշխարհով, միջազգային ինստիտուտները՝ միջազգային օրենքներն ու դատարանները վարկաբեկվում եւ ոչնչանում են, որ ամեն մի պետությունում համաշխարհային Պերեստրոյկայի ղեկավարները մնան անպատիժ եւ իրենց պետականաքանդ ու ազգակործան գործը հասցնեն իրենց պետականության ու ազգի փլուզմանը:
    Երբ ավարտվում են միջազգային օրենքները, սկսվում են միջազգային հասկացությունները: Հասկացությունների հետ խոսել օրենքի լեզվով, երբ օրենքի թիկունքում ուժ չկա, անմտություն է: Կամ Օրենքն է ենթարկվում Հասկացություններին կամ Հասկացություներն են ենթարկվում Օրենքին: Երբ Օրենքն է ուժեղ, Հասկացությունները թողնում հեռանում են երկրից, երբ Հասկացություններն են ուժեղ, Օրենքն է հեռանում երկրից:
    Աշխարհում կան ընդամենը երկու սուբյեկտ՝ դա ժողովուրդն է եւ մյուս սուբյեկտը, որը շատ բնական է եւ միայն մարդկությանը չէ, որ վերաբերում է, դա այդ ժողովուրդների պարազիտներն են:
    Ինչպե՞ս փափուկ ուժն օգտագործելով բնական գլիստներից ազատել ժողովրդին: Երբ մեր հանճարեղ ու աշխատասեր ժողովուրդը սովորի առողջ ազգի կենսակերպով ապրել, որը մեր ժողովրդի առողջ մտավորականությունն ու մեր ժողովրդի առողջ հոգեւորականությունն իրենց ամենօրյա կենսակերպով կցուցադրեն մեր անչափ սիրելի ժողովրդին, առողջ հոգեւոր ֆիզիկական թե մտավոր կենսաշխարհում մեր ժողովրդի պարազիտներն անելիք չունեն, նրանք դուրս կգան մեր ժողովրի օրգանիզմից եւ կլքեն մեր երկիրը, իսկ առողջ հայերը դրսից կգան մեր երկիր եւ մեր երկրի առողջ ժողովրդի հետ ձեռք ձեռքի տված եւ ուս ուսի կանգնած մեր երկիրը Արարչին հաճելի ամրոց պարտեզ կարարենք:
    ՈՎ Հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական՝ ամեն հայի մտավոր թե հոգեւոր թե ֆիզիկական գլիստերից ազատվելու մեջ է: Գլիստների համար ամենաուժեղ թույնը սերն է, առողջներին սերն ավելի ուժեղ է դարձնում, իսկ գլիստներին թուլացնում է սերը: Սիրենք մեր պետականաքանդ ու ազգակործան Պերեստրոյկայի ղեկավարներին, մենք նրանց չենք դատի, թող լքեն մեր երկիր եւ ապաստարան գտնեն իրենց տերերի մոտ: Դրա դիմաց մենք կունենանք առողջ ազգ եւ հզոր պետություն:
    Հ.Գ. Եթե մարդ չունի դիմադրողականություն իմունիտետ, ինչ պարազիտ ասես, չի գա մտնի մարդու օրգանիզմ, պետության դիմադրողականությունը դա պետության պարազիտերից ձեռբազատված ԱԱԾն է: Առողջ ժողովուրդն ու իր պետության առողջ ԱԱԾ մի շունչ մի մարմին են:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930