Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ագրեսիայի զոհ Հայաստանը ագրեսիայի դեմ պայքարն ուժեղացնող իրավական միջազգային փաստաթղթերը չի վավերացրել

Ապրիլ 25,2025 23:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը, ճանաչեց իրավազորություն երեք հանցագործությունների նկատմամբ՝ ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական գործողություններ: Ագրեսիայի նկատմամբ իրավազորություն ստեղծելու համար անհրաժեշտ էր լրացուցիչ փոփոխությունների ստորագրում, ինչը չի կատարվել ՀՀ կողմից եւ սա էլ ինքնին հարցադրում է:

Եթե քաղաքական առումով նպատակահարմար է եղել տվյալ իրավիճակում ընդունել Հռոմի դատարանի իրավազորությունը, արդեն իսկ 2021-ից Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայի զոհ է դարձել, ինչո՞վ է պայմանավորված հենց ագրեսիայի դեմ պայքարն ուժեղացնող իրավական փաստաթղթերի չվավերացումը, չստորագրումը:

Այսինքն՝ եթե առաջիկա շաբաթներին Ադրբեջանը առաջխաղացում ցուցաբերի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, շարունակի իր ոտնձգությունները ուժի տարբեր դրսեւորմամբ, դրանք պատժելի չեն կարող լինել միջազգային քրեական դատարանի մեխանիզմի միջոցով»,-այսօր «Հայկական հարցը արդի փուլում. քաղաքական, իրավական եւ դիվանագիտական հեռանկարներ» խորագրով համաժողովի ժամանակ ասաց միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով, 2023-ին արցախցիների հետ կատարվածը բռնի տեղահանում էր. «Ինչը Հռոմի ստատուտի համաձայն դիտարկվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Իրավական համայնքում քննարկվում է՝ արդյոք տեղի ունեցածը պետք է որակել ցեղասպանությո՞ւն, թե՞ մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Հարցը որոշակի առումով վիճելիություն ունի, ցեղասպանության կոնցեպտն առաջ քաշելիս դրվում է այն հանգամանքը, որ կյանքի, գոյության համար անհամատեղելի պայմաններ են ստեղծվել Լաչինի միջանցքի շրջափակման միջոցով եւ դա հանգեցրել է նույնիսկ մահերի, մարդասիրական այլ խնդիրների:

Այստեղ ազգի որոշակի մասի ֆիզիկական բնաջնջում է եղել ու իրական սպառնալիք է եղել ամբողջական բնաջնջման համար: Ցեղասպանության ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հիմնական տարբերությունը հատուկ նպատակն է, որը պետք է հիմնավորվի ցեղասպանության պարագայում:

Այսինքն՝ ազգի մի մասի ոչնչացման կամ ամբողջ ազգի այդ բնաջնջման միտումն ու դիտավորությունը պետք է ապացույցներով հիմնավորելի լինի: Հակափաստարկները հանգում են նրան, որ ամբողջովին մարդասիրական աջակցությունը դադարեցված չի եղել, սահմանափակումներ կիրառվել են, բայց բանակցվել ու քննարկումների առարկա է եղել այլընտրանքային ուղիներով մարդասիրական օգնության ցուցաբերումը:

Եվ երկրորդ փաստարկը, որ Լաչինի միջանցքը վերահսկվել է ադրբեջանցիների կողմից ու նրանց թույլտվությամբ մարդիկ կարողացել են լքել՝ չենթարկվելով ֆիզիկական բնաջնջման: Այս երկու հանգամանքների մեջբերմամբ՝ պնդումներ են ներկայացվում, որ ցեղասպանության հատուկ միտումը հիմնավորելի չի լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930