«Ի՞նչ միավոր էր Արցախն ու ինչո՞ւ այս ճակատագրին արժանացավ: Օրեր առաջ ՀՀ տարածքում Գերմանիայի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որ Արցախը միջազգային իրավունքի համաձայն՝ ադրբեջանական տարածք է: Այս հարցի հակազդեցություն, պատասխան չհնչեցվեց որեւէ հարթակում: Թե՛ քաղաքական, թե՛ հասարակական դաշտը պատասխան չտվեց այս հայտարարությանը:
Արցախի հիմնախնդիրը դարձել է միջազգային հարթակների քննարկման առարկա: Առանձնակի կարեւորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որը դեռ 90-ականներին զբաղվել է խնդրով ու ընդունել բանաձեւեր, որոնք ադրբեջանական կողմը հաճախ շահարկել է՝ հիմնավորելու համար, որ հայկական զորքերն են օկուպացրել Արցախը, գործ ունենք տարածքային ամբողջականության, ոչ թե ազգերի ինքնորոշման հետ: Հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը իր որոշումներով լեգիտիմացրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես օրինական պլատֆորմ, որը խաղաղ ճանապարհով պետք է լուծեր հակամարտությունը ».-այսօր «Հայկական հարցը արդի փուլում. քաղաքական, իրավական եւ դիվանագիտական հեռանկարներ» խորագրով համաժողովի ժամանակ պատմական էքսկուրսով իր խոսքը սկսեց միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը:
Ըստ նրա՝ իրավական տեսանկյունից խիստ կարեւոր է, որ Արցախի անկախության ինքնահռչակման հարցը քննարկման առարկա դարձնելով՝ ՄԱԿի-ի անվտանգության խորհուրդը չի ձեւակերպել , որ այդ անկախության ինքնահռչակումը խախտում է միջազգային իրավունքը. «Քննարկումներին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում այդ կոնֆլիկտների առնչությամբ, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պարզել է, որ ինքնահռչակումը խախտում է միջազգային իրավունքը, կոնկրետ միջոցի է դիմել՝ թույլ չտալու համար քաղաքական ճանապարհով պետության ձեւավորում:
Այսինքն՝ միջազգային իրավունքը խախտող անկախությունների հռչակումը չէր կարող հանգեցնել պետության առաջացման՝ ճանաչման ուղիով… հիմա հարց, եթե Արցախի անկախության ինքնահռչակումը խախտում էր միջազգային իրավունքը, ինչո՞ւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որի կազմը ոչ պակաս պրոադրբեջանական էր, քան՝ պրոհայկական, չդիմեց կոլեկտիվ չճանաչման գործիքին ու հենց 90-ականներին չարգելափակեց ճանաչման քաղաքական գործընթացը ու չվերականգնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Պատասխանը միանշանակ է, որ այդ ողջ գործընթացը համապատասխանել է միջազգային իրավունքին, միջազգային իրավունքը չէր կարող ճնշել ինքնորոշման իրավունքը: Այն դուռը բաց է թողել քաղաքական գործընթացների: 90-ականներից ի վեր պետք է քաղաքական, դիվանագիտական ճանապարհով հասներ մեծաթիվ ճանաչումների, ինչն էլ Արցախի սուբյեկտայնության հարցը կլուծեր»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ