«Ղարաբաղյան շարժումը մի շարժում էր, որը շարժում էր բոլորի հոգիները…երբ համեմատում եմ 1988-ի հասարակությունը, այն ժամանակվա միտինգի դեմքը եւ հետագայում որոշ միտինգների միտինգավորներին դեմքը, շատ բան է փոխվել: Պետք է հարցով սկսեմ. ինչո՞ւ սովետական տոտալիտար պետության մեջ աճեցված, մեծացած սերունդը կարողացել է բարձրացնել արցախյան հիմնահարցը, հասցնել հաջող ավարտին ու ինչո՞ւ նորանկախ Հայաստանում ծնված, մեծացած սերունդը այդ ամենը կարողացավ, այսպես ասած, ջրել: Եթե խոսեմ լուրջ իրավական դաշտի մեջ, այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հանրապետության հետ, հանցագործություն է: Չմանրամասնեմ՝ ում կողմից, ինչ, բայց դա հանցագործություն է միջազգային իրավունքի դեմ», – այսօր «Հայկական հարցը արդի փուլում. քաղաքական, իրավական եւ դիվանագիտական հեռանկարներ» խորագրով համաժողովի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ բոլոր նրանք, որոնք ապրել են ղարաբաղյան շարժման օրերին, ապրել են մեծ ոգեւորություն. «Միամտություն է, միամտություն չէ, իրոք հավատում էինք, որ մեր տասնյակ տարիների պայքարը գալիս է իր պանծալի ավարտին: Ղարաբաղյան շարժումը շարժել է մեր մտքի եւ հոգու ամենանուրբ լարերը: Հայաստանի հանրապետությունում 1965-ից բարձրացվել էր ցեղասպանության ճանաչման հարցը, պահանջատիրություն, հողեր եւ այլն: Վերին աստիճանի ակտիվություն է եղել, Արցախում ստորագրահավաք է եղել եւ այլն: ՀՀ հասարակության համար վերին աստիճանի զգայուն հարց էր դա: Այդ խնդիրը բարձրացվում էր միշտ՝ նույնիսկ ստալինյան շրջանում, որ անօրինական է ԼՂ-ի բռնակցումը Ադրբեջանին»:
Լարիսա Ալավերդյանը ղարաբաղյան շարժման ուզուրպացիա է համարում 1989-ին հայոց համազգային շարժման մեկնարկը. «Ժողովուրդը բարձրացել էր բոլորովին այլ հարցի համար զուգահեռ անկախություն կամ միացում հայտնվեց, այսպես կոչված ժողովրդավարական այդ շարժումը կոռուպցիայի դեմ եւ այլն: Ղարաբաղյան շարժման նշանակությունը ՀՀ կայացման համար, հասարակության եւ համայն հայության արթնացումը անուրանալի նշանակություն ունի: Այն, ինչ տեսնում ենք այսօր արդյունք է նրա, որ քաղաքական էլիտաները ամբողջովին այլափոխել են ղարաբաղյան շարժման նպատակները: Այն, ինչ տեսնում ենք այսօր սկսվել է 1989 թվականին այդ կարգախոսի փոփոխությամբ եւ բերել է այն իրավիճակին, որը հարիր չէ հայ ժողովրդին, բայց այս վիճակից կան ելքեր»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ