Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» («Հարյուր տարվա ապարտեիդ») գրքի շնորհանդեսը, որը կատարեց ինքը՝ արդեն շուրջ մեկ շաբաթ Հայաստանում գտնվող Թաներ Աքչամը:
Աքչամը գրքում քննադատում է Թուրքիայի Հանրապետության հարյուրամյա պատմությունը, ընդգծում դրա կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը:
Նա քննարկում է, թե ինչու հնարավոր չեղավ կառուցել հավասարության վրա հիմնված հանրապետություն, ցույց է տալիս, որ երկրի հիմնադրման պաշտոնական պատմությունը խեղաթյուրված է ու ծառայում է գործող ռեժիմի շահերին: Հեղինակը նաեւ նշում է, որ Թուրքիայի պետական կառուցվածքը հիմնված է խտրականության, բռնության եւ ճնշումների վրա, ինչը հիշեցնում է ապարտեիդի համակարգի գործելաոճը:
Կարդացեք նաև
Շնորհանդեսի ավարտից հետո Aravot.am-ը կարճ զրույց ունեցավ Թաներ Աքչամի հետ:
-Հայոց ցեղասպանության 110-ամյակի եւ ձեր գրքի շնորհանդեսի առիթով շուրջ մեկ շաբաթ է Երեւանում եք: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից՝ նախագահ, վարչապետ, կառավարության անդամներ, Ազգային ժողով եւ այլն, որեւէ մեկը ձեզ ընդունե՞լ է:
-Ոչ: Ես գիտնական եմ, ինչո՞ւ պետք է նրանց հանդիպեմ: Ես չեմ խնդրել, նմանատիպ առաջարկ չի եղել: Մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում:
-Հայաստանի իշխանություններն ըստ էության հրաժարվում են Արցախից: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ես Հայաստանի մասնագետ չեմ եւ չեմ կարող մեկնաբանել Հայաստանի կառավարության գործունեությունը: Բայց հասարակությունը ժողովրդավարական հասարակություն է եւ որքան ուզեք, կարող եք քննադատել ձեր կառավարությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ