Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը և դրա շարունակական ժխտումը իրական հետևանքներ ունեն ճիշտ այնպես, ինչպես Հոլոքոստի ժխտումը, հակասեմականությունը. Ամերիկայի հայկական համագումար

Ապրիլ 25,2025 22:00

Ամերիկայի հայկական համագումարի մամլո հաղորդագրությունը

Թրամփի վարչակազմը նախագահական հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

 

Վաշինգտոն – Նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տարածեց մի հիշատակի հայտարարություն, որում օգտագործվել է ցեղասպանության բառարանային սահմանում՝ իր նախորդներից շատերի պես։ Այս տարվա ապրիլի 24-ի նախագահական հայտարարությունը չի ենթադրում ԱՄՆ քաղաքականության փոփոխություն, քանի որ օրենսդիր և դատական ​​մարմիններն արդեն հստակորեն հաստատել են պատմական արձանագրությունը, իսկ նախագահներ Ռոնալդ Ռեյգանը և Ջո Բայդենը իրենց հիշատակի խոսքերում ժամանակ բացահայտորեն հիշատակել են ցեղասպանությունը։

Նախագահ Թրամփի հայտարարության մեջ մասամբ ասվում էր. «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգանքի տուրք ենք մատուցում այդ հրաշալի հոգիների հիշատակին… Սկսած 1915թ․-ից, Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին և տարվեցին մահվան ճանապարհով… Մինչ մենք հարգում ենք զոհերի հիշատակը, իմ վարչակազմը շարունակում է հանձնառու մնալ կրոնական ազատության ապահովմանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը։

«Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումն ու քաղաքականությունը հստակ են»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ «Մենք շարունակում ենք անսասան մնալ հայ ժողովրդի դեմ երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար համատեղ աշխատելու հարցում, մինչ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանը, և մինչ 23 հայտնի հայ պատանդներ անարդարացիորեն պահվում են Բաքվում։ Հետևաբար, Համագումարը ուժգին կոչ է անում վարչակազմին կատարել նախագահ Թրամփի անցյալ տարվա խոստումը՝ պաշտպանել հայ քրիստոնյաներին, ովքեր «սարսափելիորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախում»,– ընդգծեց Արդունին։

Հաստատված փաստ է, որ ցեղասպանության իրականացման դեմ միջազգային արձագանքի բացակայությունը միայն խրախուսում է հանցավոր ռեժիմները, իսկ Արցախի էթնիկ զտումները և հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող խոշտանգումները երիտթուրքերի 20-րդ դարի քաղաքականության շարունակությունն են։ Բոլորը գիտեն, թե ինչ դաս քաղեց Ադոլֆ Հիտլերը Հայոց ցեղասպանությունից, երբ ասաց. «ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին», և այդ արտոնությամբ սկսեց համաշխարհային պատերազմ և իրականացրեց Հոլոքոստը։ Ադրբեջանի նախագահ Ալիևը նույն տարածված բառերն օգտագործեց, երբ արցախահայերի վրա հարձակվելիս պարծենում էր, թե «մենք նրանց շների պես քշում ենք»։

Հայոց ցեղասպանությունը և դրա շարունակական ժխտումը իրական հետևանքներ ունեն ճիշտ այնպես, ինչպես Հոլոքոստի ժխտումը, հակասեմականությունը և ռասիզմի այլ ձևերը։

Ամերիկյան արձանագրությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ չափազանց հստակ են։ Պատմական ապացույցները հստակ են և ճնշող՝ սկսած դեսպան Մորգենթաուից, ով առաջինը աշխարհին տեղեկացրեց տեղի ունեցող սարսափների մասին՝ հեռագրելով Պետդեպարտամենտին, որ ընթանում էր «ռասայական ոչնչացման արշավ»։

Հենրի Մորգենթաուն, որը 1913-1916թթ․-ին ԱՄՆ դեսպանն էր Օսմանյան կայսրությունում, նաև նշել էր. «Անցյալի մեծ կոտորածներն ու հալածանքները գրեթե աննշան են թվում՝ համեմատած հայ ազգի 1915թ․-ի տառապանքների հետ»։

Այնուհետև, 1915թ․-ի մայիսին, Գերմանիայի, Ավստրիայի և Թուրքիայի դեմ պատերազմող դաշնակից տերությունները համատեղ հայտարարություն տարածեցին, որում առաջին անգամ բացահայտորեն մեղադրեցին մեկ այլ կառավարությանը «մարդկության և քաղաքակրթության դեմ» հանցագործություններ կատարելու մեջ։ Մինչդեռ, 1916թ․-ին ընդունվեց Սենատի միաժամանակյա բանաձև, որով կոչ էր արվում «Միացյալ Նահանգների նախագահին (Վուդրո Վիլսոն)… նշանակել մի օր, երբ այս երկրի քաղաքացիները կարող են արտահայտել իրենց կարեկցանքը՝ նվիրաբերելով այժմ հայերին օգնելու համար հավաքվող միջոցները», ովքեր այդ ժամանակ տառապում էին «սովից, հիվանդություններից և աննկարագրելի տառապանքներից»։

Գեներալ-մայոր Ջեյմս Հարբորդը, որը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել էր որպես գեներալ Ջոն Պերշինգի շտաբի պետ, գլխավորել էր ամերիկյան ռազմական առաքելությունը դեպի Հայաստան և 1919թ․-ին ներկայացրեց իր զեկույցը «Մարթա Վաշինգտոն» ամերիկյան նավից, որում մասամբ ասվում էր. «մարմնական մասնատումները, բռնությունը, խոշտանգումները և մահը թողել են իրենց հետապնդող հիշողությունները հարյուրավոր գեղեցիկ հայկական հովիտներում, և այդ տարածաշրջան այցելող ճանապարհորդը հազվադեպ է ազատվում բոլոր դարերի այս ամենախոշոր հանցագործության վկայություններից»։

Լիովին տեղեկացված լինելով հայ ժողովրդի դեմ վատ վերաբերմունքի մասին ՝ 1920թ․-ին նախագահ Վուդրո Վիլսոնը հայտարարեց, որ «մեր ժողովրդի մեջ Հայաստանի նկատմամբ համակրանքը բխում է անարատ խղճից, մաքուր քրիստոնեական հավատքից և իրենց տառապանքի ժամանակ աջակցություն ստանալու համար քրիստոնյա մարդկանց ամենուրեք տեսնելու անկեղծ ցանկությունից…»:

Նույն գիտակցությունը դրդեց իրավաբան և Հոլոքոստը վերապրած Ռաֆայել Լեմկինին ստեղծել «ցեղասպանություն» եզրույթը, որը բազմիցս մեջբերել է Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը որպես ցեղասպանության հանցագործության օրինակներ։ Հենց նրա անձնուրաց ջանքերի շնորհիվ էր, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը 1948թ․-ին ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան։ Երբ 1951թ․-ին ԱՄՆ կառավարությունը գրավոր հայտարարություն ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարան, որում հատուկ ընդգծվում էր. «Հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածանքները, թուրքերի կողմից հայերի կոտորածները, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների և լեհերի բնաջնջումը ցեղասպանության հանցագործության ակնառու օրինակներ են»։

Մեկ այլ օրինակում՝ 1993թ․-ին Կոլումբիայի շրջանի Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը, Միացյալ Նահանգների քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի վերանայումից հետո, նշել էր, որ Միացյալ Նահանգների արձանագրության մեջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկիմաստության մասին պնդումը «հակասում է Միացյալ Նահանգների երկարատև քաղաքականությանը և ի վերջո հետ է կանչվել»։

Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ առաջին նախագահն էր, որն օգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ նկարագրելու հայերի վայրագությունները 1981թ․-ի ապրիլի 22-ին իր Հոլոքոստի հիշատակի հայտարարության ժամանակ․ «Ինչպես դրանից առաջ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը, և դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունը, և ինչպես չափազանց շատ այլ ժողովուրդների նկատմամբ իրականացված նմանատիպ չափազանց շատ հալածանքներ՝ Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»։ Ապրիլի 24-ին Հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարություններ են արել նախագահներ Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ Կրտսերը, ինչպես նաև նախագահ Բարաք Օբաման, որը 1915թ․-ին անդրադարձել է դրա հայերեն՝ «Մեծ եղեռն» ձևակերպմամբ։ Նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում ապրիլի 24-ի իր յուրաքանչյուր հայտարարության մեջ ուղղակիորեն հիշատակել էր Հայոց ցեղասպանությունը։

Թրամփի առաջին վարչակազմի օրոք Ներկայացուցիչների պալատը 2019թ․-ի հոկտեմբերին ճնշող մեծամասնությամբ ընդունեց մի բանաձև (H.Res.296), որով հաստատվում էր ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ 405՝ կողմ, 11՝ դեմ ձայների հարաբերակցությամբ և Սենատը 2019թ․-ի դեկտեմբերին միաձայն համաձայնությամբ ընդունեց ուղեկցող բանաձև։

ԱՄՆ բոլոր 50 նահանգները նույնպես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը բանաձևերի և հռչակագրերի միջոցով։

Մինչ Համագումարը հիշատակում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և խորհում է ողբերգական կորուստների ու շարունակական ժխտողականության մասին, մենք նաև վերահաստատում ենք մեր ջանքերը՝ օգնելու քարոզել հայ ժողովրդի անվտանգության և խաղաղության համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930