Aravot.am-ը Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու համար Ջարդի կամ որ նույնն է՝ Հերհերի ձոր եկած քաղաքացիներից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է բացել սահմաններն ու խաղաղ ապրել ոճրագործություն իրականացրած հարևանների հետ։
Նրանից մեկը, որի հայրական կողմը Սասունից է, մայրականը՝ Մուշից, բացառեց Ցեղասպանությունը պաշտոնապես չընդունած հարևանների հետ խաղաղ ապրելը։
«Երբ թուրքը խոսում է խաղաղությունից, նշանակում է դանակն է սրում, այդպես եղավ 1907 թվականին, երբ երիտթուրքերն եկան իշխանության, այդ ժամանակ էլ խոսում էին խաղաղությունից, բարեկամությունից, տեսաք ինչ եղավ։
Գիտեք, խաղաղությունը պարտադրում են, եթե ուժեղ ես, քո հետ խաղաղ կապրեն, մնացածը լոկ բառեր են, ականջահաճո, ով մեզ մղում է ականջահաճո խաբեության, մեզ գցում է Հերհերի ձորում իրենց գերեզմանը գտած մարդկանց օրին։ Թուրքը, երբ ասի խաղաղություն, նա պատրաստ է մորթելու։
Նա է մեր հարևանը, մենք պարտավոր ենք ուժեղ լինել, ամեն օր մեր կացինը սրած՝ տանը պահել, ամեն օր զինվել, միայն ուժն է ծնում իրավունք, աշխարհում ապրելու ուրիշ իրավունք չկա․ տեսնում եք՝ ինչ է կատարվում, պատերազմներ Սիրիայում, Ուկրաինայում և մնացած տեղերում։
Մենք պարտավոր ենք ուժեղ լինել, որ չկրկնվի Ցեղասպանությունը, ուղղակի մենք դասեր չենք քաղում պատմությունից, տարվում ենք ականջահաճո խաղաղություն բառին ու գնում ենք մորթվելու, էդպես չի կարելի»։
Մեր զրուցակիցը խաղաղության պայմանագիրը համարեց ինքնախաբեության թուղթ։
«Եթե դու ուժեղ ես, այդ ժամանակ փաստաթուղթ էլ հարկավոր չէ, երբ ուժեղ ես, խաղաղ ես, երբ թույլ ես, դա ուրիշ բան, բայց մենք թույլ չենք, ընկճվածություն են տարածում, համոզում, որ թույլ ենք։ Մենք ուժեղ ենք, դիմադրել կարող ենք։ Չգիտես ինչու են ընկճվածություն տարածում, ովքեր են դրանք, ում գործակալներն են․․․»։
Մեր զրուցակիցը Ցեղասպանությունը կասկածի տակ դնողներին համարեց թշնամի։
«Չի կարող լինել մի հայ, որը կասկածի տակ դնի Ցեղասպանությունը։ Օրինակ՝ ես էստեղ ի՞նչ գործ ունեի, ես պիտի Սասունում կամ Մուշում ապրեի, եթե ստեղ եմ հայտնվել, ուրեմն ցեղասպանվել եմ, էլ ինչ կասկածելի բան կա։
Այս ձորի շուրջբոլորի գյուղերի բնակիչները մեկը Սասունից են գաղթել, մյուսը՝ Մուշից, եթե չլիներ Ցեղասպանություն, ինչ գործ ունեին էստեղ, մեկը կապրեր Բիթլիսում, մյուսը՝ Սարիղամիշում։ Ցեղասպանությունը կարող են կասկածի տակ դնել հայի գեներով թուրքերն ու հայկական ազգանուններով ծպտված գործակալները»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ