ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց գործով վկա, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Իրինա Մալխասյանի հարցաքննությունը։
Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը Իրինա Մալխասյանին հարցրեց․ «Դուք նախորդ դատական նիստի ժամանակ նշեցիք, որ քննիչը ձեզ հայտնել է, որ որոշակի արձանագրություններ եք ստորագրել խորհրդի նիստի վերաբերյալ։ Կարո՞ղ եք դատարանին ներկայացնել, թե ինչ արձանագրությունների մասին է խոսքը»։
Այս հարցից հետո նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը փորձեց միջամտել և նշեց՝ եթե ես ճիշտ եմ հիշում, վկան նշել է, որ խորհրդի նիստի ստորագրության ընթացակարգ չի եղել։ Իրինա Մալխասյանն ասաց․ «Ես ասել եմ, որ նիստին ներկայանալիս մենք բոլորս անպայման ստորագրել ենք, և մեր ստորագրությունը վկայում է մեր՝ նիստին ներկա լինելու մասին»։
Ռուբեն Մելիքյանը դատավորին այսպես արձագանքեց․ «Ախր Դուք վերաձևակերպում եք իմ հարցը, խնդրում եմ չմիջամտել, մրցակցային սկզբունքի փոխարեն դատարանի ամենակարողության սկզբունքով եք առաջնորդվում»։ Այնուհետև վկային հիշեցրեց՝ նախորդ դատական նիստին նշեցիք, որ քննիչը ասել է Ձեզ, որ Ձեր ստորագրությունն է առկա խորհրդի նիստի արձանագրության դեպքում։ Իրինա Մալխասյանը պատասխանեց․ «Այո, նա ցույց տվեց մեկ ցուցակ, որտեղ կային ստորագրություններ՝ այդ թվում և իմը»։
Կարդացեք նաև
Հարցին՝ Դուք այդ պահին պատկերացրե՞լ եք, թե ինչ փաստաթուղթ է, վկան պատասխանեց․ «Ներկայացրել էր, որ մեր ստորագրությունները ինչ-որ արձանագրության տակ են։ Արձանագրության բովանդակությունը լիովին ցույց չի տրվել ինձ։ Հետո միայն մեկ դրվագ ասացին, որտեղ կա երկու մեծ գումարի մասին տեքստ։ Ինձ գումարները զարմացրեց, հետո ինչին է դա վերաբերում, մանրամասն չի ներկայացվել, ասվել է, որ պանսիոնատների վերաբերյալ այսպիսի գումարներ են թե տրամադրվել, թե ծախսվել։ Ես ասացի, որ իմ հիշողության մեջ չի տպավորվել, ես պնդում եմ դրա մասին, որ ինչ-որ պանսիոնատի մասին խոսակցություն է գնացել, այդ փաստն իմ հիշողության մեջ չի տպավորվել, և ես չեմ ուզում որևէ մեկին փաստի առաջ կանգնեցնել։ Իրոք չեմ հիշում՝ արդյոք այդ փաստը եղե՞լ է նիստերին, թե ոչ։ Իսկ արձանագրությունների տակ ստորագրություններ կան, թե՝ ոչ, դա կարելի է հեշտ հստակեցնել»։
Ռուբեն Մելիքյանը փորձեց հստակեցնել՝ արդյոք քննիչը, Ձեզ ներկայացնելով այս ցուցակը, օգտագործե՞լ է արձանագրություն բառը, վկան պատասխանեց․ «Ասել է այս արձանագրության տակ Ձեր ստորագրությունն է եղել, ինչն ինձ զարմացրեց և ստիպեց բացատրել՝ ինչ կապակցությամբ կարող է առկա լինել իմ ստորագրությունը»։
Մեղադրող դատախազը հարցրեց՝ քննիչին ասել եք՝ Ձեր հիշողության մեջ չեն տպավորվել այդ իրադարձությունները, 2015-ի իրադարձությունները Դուք ավելի լավ հիշում էիք 2022-ի դեկտեմբերի 15-ի՞ն, թե 2025-ի ապրիլի 25-ին, վկան պատասխանեց․ «Թե 2015-ին ինչ է տեղի ունեցել, թե′ 2023-ին, թե′ 2025-ին՝ ընդհուպ մինչև քննիչի մոտ այցելությունից հետո, փորձել եմ ստիպել ինձ վերհիշել մանրամասնություններ, որոնք քննիչի մոտ ուղեղումս չեն եղել։ Ոչ մի նոր բան չեմ կարող ավելացնել։ Ինչ հիշում եմ՝ դա է»։
Հարցին՝ հիմնադրամի ֆինանսական վերահսկողության վերաբերյալ ի՞նչ լիազորություններ է ունեցել հոգաբարձուների խորհուրդը, վկան պատասխանեց․ «Խորհրդի անդամները իրավասու են աուդիտի նշանակման անհրաժեշտություն առաջարկել, սակայն դրա անհրաժեշտությունը չի առաջացել»։ Մեղադրող դատախազը հստակեցրեց՝ ֆինանսական վերահսկողության մասին է խոսքը, վկան պատասխանեց․ «Մեզ մոտ կասկած չի հարուցել, որ տվյալ գումարը կարող է ուղղորդվել այլ նպատակների։ Թե ինչ գումարներ են տրամադրվել, ինչպիսի ֆինանսական գործարքներ են կատարվել, դրա համար հատուկ կառույցներ գոյություն ունեն։ Եթե կասկած առաջանար, կարող է աուդիտ պահանջեինք, որը չի առաջացել»։
Մյուս հարցին՝ հիմնադրամի կողմից Հերացի արհեստակցական միությանը գումար տրամադրելու մասին հարց քննարկե՞լ է, Իրինա Մալխասյանը պատասխանեց․ «Չեմ հիշում»։ Հարցին՝ Սևանում Ծովասար հյուրանոցային համալիրը ծանո՞թ է Ձեզ, այնտեղ հանգստացե՞լ եք, վկան պատասխանեց՝ ոչ։ Այնուհետև շեշտեց․ «Պանսիոնատի հետ կապված որևէ միջոցառում, գործարք չեմ հիշում։ Պանսիոնատ բառը հնչեցվել է իմ ուղեղում միայն ԱԱԾ-ի կողմից կատարված ստուգումներից հետո, որոնք հնչեցվել են արդեն պարոն Մուրադյանի՝ ռեկտոր լինելու օրոք»։
Վահե Դոլմազյանը հարցրեց՝ երբևէ հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքում կազմված արձանագրություն ստորագրե՞լ եք, վկան պատասխանեց․ «Չեմ հիշում։ Հենց այդ հարցն է ինձ տանջում՝ եթե տվյալ գործի վերաբերյալ կա երկու ստորագրություն, ուրեմն արձանագրությունների տակ ստորագրություններ հավաքել են, ապա ինչո՞ւ այդ դեպքում չի տպավորվել ուղեղիս մեջ այդ փաստը, որովհետև ես կարդում եմ բոլոր բերված թղթերը»։
Ի պատասխան մեղադրող դատախազի և նախագահող դատավորի կողմից հնչեցվող հարցերի տեղատարափի՝ վկան պատասխանեց․ «Հնարավոր չէ տասը տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները հիշել։ Դրա համար պետք է գոյություն ունենան փաստաթղթեր, որոնք վկայում են կայացած նիստերի մասին։ Ես հայտարարում եմ, որ ես հստակ հիշում եմ երեք նիստերը՝ տեղի ունեցած իրադարձություններից ելնելով։ Ես անգամ չեմ կարող ասել՝ անցյալ տարի համալսարանի քանի՞ գիտխորհուրդ է եղել։ Անգամ չեմ հիշում այն նիստը, երբ տեղի է ունեցել Միքայել Նարիմանյանի ընտրությունը։ Իսկ տասը տարի առաջվա իրադարձությունների հարցին անհնար է հստակ պատասխանել առանց համապատասխան փաստաթղթերն ունենալու»։
Շուրջ չորս ժամ տևող դատական նիստի հետ կապված նախագահող դատավորին դիմեց գործով մեղադրյալ Մարթա Սիմոնյանի փաստաբանը․ «Մանկահասակ երեխային քաղցի մատնելը խոշտանգում է։ Ինձ համար անհասկանալի է դատավորի դիրքորոշումը, որ այս պահին չի հետաձգում նիստը, այն դեպքում, երբ Մարթա Սիմոնյանի մասնակցությունը, ըստ բժշկի տեղեկանքի, դատական նիստին երեք ժամից ավել չպետք է լինի։ Ես դատարանին մի քանի րոպե առաջ էլ էի միջնորդել հետաձգել դատական նիստը»։
Վահե Դոլմազյանն արձագանքեց․ «Մյուս նիստին երեխայի հետ կգաք»։ Մարթա Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Երբևէ չի եղել՝ որևէ րոպե ուշ գամ դատական նիստին՝ անկախ նրանից՝ որ ժամն է եղել, իմ երեխան քանի ամսական, օրական է եղել։ Եղել է՝ այստեղից գնացել եմ հիվանդանոց, հիվանդանոցից վերադարձել եմ դատարան, խնդրում եմ՝ բժշկի տված տեղեկանքի ժամերը չխախտել, քանի որ հարցը երեխայիս է վերաբերում»։
Վահե Դոլմազյանը հորդորեց՝ դրա համար առաջարկում եմ գալ երեխայի հետ։ Փաստաբանը զարմացավ՝ մեկ տարեկան երեխային բերի, երեք ժամ միջանցքում մնա՞։ Մարթա Սիմոնյանն էլ հարցրեց՝ ո՞վ պահի իմ երեխային միջանցքում։ Վահե Դոլմազյանն ասաց․ «Կարող է դեպք լինել, որ վկայի հարցաքննությունն ավարտելու համար շեղում լինի 5 կամ 10 րոպե, որ վկային կրկին չհրավիրենք դատարան այդ մի քանի րոպեի համար»։ Ի վերջո Վահե Դոլմազյանը որոշեց դատական նիստը հետաձգել։
Վկայի հարցաքննությունը կշարունակվի մայիսի 14-ին տեղի ունենալիք նիստի ընթացքում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ