Ապրիլի 23-24-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Իսպանիայի Ալիկանտե քաղաքում էր:
Այցի շրջանակում Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Իսպանիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Հասմիկ Թորոսյան-Գրիգորյանի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ալիկանտեի հայ համայնքի ներուժի առավել արդյունավետ օգտագործման և համայնքային աշխատանքներում երիտասարդների ներգրավվածության բարձրացման հնարավորություններին։
Ապրիլի 24-ին Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը կայացել է Ալիկանտեում տեղադրված հայկական խաչքարի մոտ։ Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծել է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում սփյուռքի ունեցած կարևոր դերը՝ խոնարհելով ծաղիկներ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Միջոցառմանը մասնակցել են նաև Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի ՀԲԸՄ կրթական հարցերի պատասխանատու Խավիեր Փոլադյանը, Հայոց ցեղասպանության թեմայով կրթական մրցույթի հաղթող, Ուրուգվայի ավագ դպրոցի աշակերտուհի Ռոմինա Փախրադոն, ինչպես նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և համայնքի ավելի քան 100 անդամներ։
Կարդացեք նաև
Նույն օրը երեկոյան Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Ալիկանտեի հայ երիտասարդների հետ։ Նա ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերն ու նախաձեռնությունները։ Գլխավոր հանձնակատարը նաև անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 5-7-ը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովին՝ կարևորելով սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը, որն առանցքային դեր ունի ինչպես համայնքային կյանքի ակտիվացման, այնպես էլ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում։
Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով, որի ընթացքում երիտասարդները հարցեր են ուղղել Գլխավոր հանձնակատարին և քննարկել սփյուռքի հետագա համագործակցության հնարավորությունները։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ