Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար, Երաժշտության տեսության ամբիոնի դոցենտ Ծովինար Մովսիսյանը և նույն ամբիոնի վարիչ, դոցենտ Ռուզաննա Ստեփանյանն օրերս վերադարձան Իսպանիայի թագավորությունից, որտեղ Վալենսիա քաղաքի «Խոակին Ռոդրիգո» կոնսերվատորիայում (Conservatori Superior de Música “Joaguín Rodrigo”) մասնակցեցին Erazmus+ ծրագրի շրջանակներում անցկացվող International HarMA HUB միջազգային սեմինարին:
Մեզ հետ հանդիպման սկզբում, կարծես կանխատեսելով հարցը, տիկին Մովսիսյանն ասաց. «Նշեմ, որ այս ծրագրին մասնակցել եմ ոչ թե որպես ռեկտորի պաշտոնակատար, այլ որպես երաժշտատեսական առարկաների մասնագետ, ով ավելի քան երեսուն տարի երաժշտության տեսության ամբիոնում դասավանդում է «Հարմոնիա», «Երաժշտական ստեղծագործության վերլուծություն» առարկաները: Ծրագրի մասնակցության առաջարկը ստացանք Եվրոպական կոնսերվատորիաների ասոցիացիայի կողմից, որին անդամակցում ենք 2013 թվականից: Առաջարկն անչափ գրավիչ էր, քանի որ, ի տարբերություն Էրազմուս+ այլ ծրագրերի, որոնց ակտիվ մասնակցություն է ունենում կոնսերվատորիան, այս դեպքում խոսքը վերաբերում էր ոչ թե «Կատարողական արվեստ» մասնագիտությանը, այլ երաժշտատեսական առարկաների դասավանդման ամենալայն խնդիրների շրջանակին»:
Մեր զրուցակցին խնդրեցինք մանրամասնել սեմինարի օրերին երաժշտատեսական առարկաների դասավանդման մեթոդաբանության մասին հնչեցրած տեսակետները: «Եռօրյա սեմինարի հագեցած ծրագրում հնարավորություն ունեցանք ունկնդրելու ավելի քան 25 զեկուցում, դասախոսություն, սեմինար և գործնական պարապմունքներ` նվիրված երաժշտատեսական առարկաների դասավանդման մեթոդաբանության, լսողական հմտությունների զարգացման, երաժշտական լսողությունը և հիշողությունը մարզելու խնդիրներին, դասավանդման ընթացքում արդի թվային տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությանը»,-հայտնեց տիկին Մովսիսյանը:
Կարդացեք նաև
Հավելեց նաև, թե իրենք` Հայաստանի ներկայացուցիչները, մասնակցեցին համեմատական վերլուծության աշխատարանին՝ ներկայացնելով իսպանական հանրահայտ կոմպոզիտոր Իսահակ Ալբենիսի «Էվոկասիոն» դաշնամուրային պրելյուդի սեփական վերլուծությունները, որոնք համադրվեցին աշխատարանին մասնակից 20 այլ վերլուծությունների թվում, ինչը համարձակ մրցակցային հայտ էր եվրոպական հեղինակավոր 35 կոնսերվատորիաների 90 մասնագետների ներկայացուցիչների համատեքստում:
«Հիշեցնեմ, որ նման սեմինարի առաջին անգամ էր ներկայանում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, նաև տարածաշրջանից միակն է այդ ձևաչափում: Այս հանգամանքը բազմիցս շեշտեցին սեմինարի կազմակերպիչներն ու AEC-ի ներկայացուցիչները»:
Ռեպլիկին` մեծ հաշվով որն էր նպատակը, հնչեց հետևյալ պատասխանը. «Յուրահատուկ այս աշխատարանի նպատակն էր՝ համադրել, համեմատել վերլուծության տարբեր մոտեցումները, առանձնահատկությունները, մեթոդաբանությունները, ավանդականի և արդիականի համակցումները, իրականացնել փորձի փոխանակում, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»:
Երաժշտության տեսության ամբիոնի դոցենտը փաստեց, թե սեմինարի շրջանակներում բազմաթիվ օգտակար հանդիպումներ, զրույցներ և քննարկումներ են ունեցել տարբեր կոնսերվատորիաների մասնակիցների, HarMA HUB ծրագրի ղեկավարների, ինչպես նաև AEC-ի հետ ծրագրերի համակարգող տիկին Աշխեն Ֆիկսովայի հետ: «Մասնավորապես քննարկվել են ԵՊԿ-ի ներգրավվածության հնարավորությունները 2027-ին Սլովենիայում կայանալիք HarMA հերթական սեմինարին, AEC-ի կողմից կազմակերպվող մյուս ծրագրերին: Չբացառվեց նաև Հայաստանում, ԵՊԿ-ի հովանու ներքո նմանատիպ ծրագրի կազմակերպման հնարավորությունը, որը կխթանի Հայաստանյան միակ երաժշտական բուհի ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև ասպարեզ կդառնա նոր միջազգային գործընկերներ ձեռք բերելու համար», -ընդգծեց տիկին Մովսիսյանը, հավելելով. «Անհնար է չնշել անմոռանալի վառ տպավորությունները եվրոպական հնագույն քաղաքակրթության խորհրդանիշը հանդիսացող երկրի ինքնատիպ արվեստից և մշակույթից, ճարտարապետությունից ու բնաշխարհից, հյուրընկալությունից, ուշադրությունից, վերին աստիճանի հագեցած ու կազմակերպված օրակարգից»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Ծովինար Մովսիսյանն ու Ռուզաննա Ստեփանյանը միջազգային սեմինարի կազմակերպիչների հետ և կադրեր սեմինարի աշխատանքներից