Պետությանն ու համայնքներին վերադարձված գույքեր, դատարան հանձնված և դատարաններում ավարտված գործերի աճ. Գլխավոր դատախազը ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Դատախազության 2024 թվականի հաղորդումը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2025 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել է Դատախազության պաշտոնական կայքէջում:
Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.
«Հաղորդումը, ի թիվս այլ ուղղությունների, ներառում է՝
Կարդացեք նաև
- Պետական և համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում կատարված աշխատանքը, ուսումնասիրություններն ու դատարան ներկայացված հայցերը, պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները:
- Հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարը՝ քրեական վարույթի նկատմամբ հսկողությունից ու դատարանում մեղադրանքի պաշտպանությունից մինչև պատիժների և հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն:
- Զինվորական ծառայության հետ կապված հանցագործությունների կանխումը, բացահայտումն ու պատժումը, ինչպես նաև զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունները, պատճառված վնասի վերականգնումը:
2024 թվականի ընթացքում, համաձայն Ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության դեպքերի 1.1%-ով նվազում և բացահայտման ցուցանիշի 3.4%-ով աճ:
2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք (2023 թվականին՝ 40 հազար 666 դեպք), որոնցից 18 հազար 397-ը (2023 թվականին՝ 20 հազար 231 դեպք)՝ Երևան քաղաքում: 2023 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով:
2024 թվականին նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը: Մասնավորապես՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով (2023 թվականին՝ 12 հազար 848 դեպք, 2024 թվականին՝ 12 հազար 253 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով (2023 թվականին՝ 6116 դեպք, 2024 թվականին՝ 5518 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով (2023 թվականին՝ 1678, 2024 թվականին՝ 2100 դեպք):
2024 թվականին 7.6%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 89.5%-ով՝ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11.9%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգությունները, 9.9%-ով՝ խարդախությունները, 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները:
2024 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործության 7353 դեպք, 2023 թվականին՝ 7138. աճը կազմում է 3%: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպքից 3007-ը կամ 40.9%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ 4346-ը կամ 59.1%- ը՝ ՀՀ մարզերում:
2024 թվականին արձանագրվել է սպանության դեպքերի աճ՝ 8-ով կամ 14.5%-ով (2023 թվականին՝ 55 դեպք, 2024 թվականին՝ 63 դեպք). Երևան քաղաքում սպանության դեպքերը նվազել են 7-ով կամ 32%-ով:
Սպանության փորձի դեպքերը, 2023 թվականի համեմատ, նվազել են 4-ով կամ 6.2%-ով (2023 թվականին՝ 65 դեպք, 2024 թվականին՝ 61): Սպանության նախապատրաստության դեպքերը նվազել են 2-ով կամ 50%-ով (2023 թվականին՝ 4 դեպք, 2024 թվականին՝ 2):
2024 թվականի ընթացքում, 2023 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով կամ 1.3%-ով նվազում (2023 թվականին՝ 11.420 դեպք, 2024 թվականին՝ 11.271 դեպք), իսկ Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով կամ 4.3%-ով (2023 թվականին՝ 6982 դեպք, 2024 թվականին՝ 6684):
2024 թվականին նվազում է արձանագրվել ավազակության՝ 7-ով կամ 9.2%-ով, կողոպուտի՝ 22-ով կամ 14.9%-ով, գողության՝ 478-ով կամ 7%-ով, բնակարանային գողությունների՝ 9-ով կամ 1%-ով, վստահված գույքի հափշտակության՝ 58 կամ 14.1% դեպքերով։
2024 թվականին թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը կազմել է 3639, 2023 թվականին՝ 5070 դեպք։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28.2%-ով: Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ հանդիսանում է 892-ով կամ 31.8%-ով նվազում։
2024 թվականին, 2023 թվականի համեմատությամբ, արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 168 դեպքով կամ 3.6%-ով նվազում (2023 թվականին՝ 4704 դեպք, 2024 թվականին՝ 4536):
2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), որից 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ): 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 2023 թվականին, որից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ:
2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը քննվել է մինչև 2 ամիս, 21.5%-ը՝ մինչև 4 ամիս, 15%-ը՝ մինչև 6 ամիս, 11.9%-ը՝ մինչև 1 տարի, 9.5 %-ը՝ 1 տարուց ավելի ժամկետում:
2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամ էր):
Նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա:
2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այսպիսով, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին: Արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8%-ով:
2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ): Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ (2023 թվականին` 173 միլիոն 385 հազար դրամ):
2024 թվականի ընթացքում զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք: Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11.2%-ով: Հիշեցնեմ, որ 2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք: Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36.4%-ը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63.6%-ը հանցագործություններ, որից 715-ը կամ 53.7%-ը` զինվորական, 616-ը կամ 46.3%-ը` այլ հանցագործություններ։
2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք (2023 թվականին՝ 54):
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ: Հիշեցնեմ, որ 2023 թվականին վերականգնվել էր 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ:
Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ուսումնասիրությունները և պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն, հայտնաբերել է 328 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության ոլորտները: Հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է նախնական գնահատմամբ շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ (շուրջ 7 միլիոն 69 հազար ԱՄՆ դոլար) շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք:
Պետության սեփականության իրավունքը վերականգնվել է հետևյալ գույքերի նկատմամբ՝
- Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքների սեփականության իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Նշված տարածքների շուկայական արժեքը մոտ 1 միլիարդ դրամ է, իսկ պետությանը փոխանցվող վարձակալության տարեկան վճարն ավելի քան 38 միլիոն դրամ (գույքը ներկայում ծանրաբեռնված է վարձակալության պայմանագրերով):
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 27 հասցեում գտնվող՝ 0.4997 հա մակերեսով և նույն թաղամասի թիվ 28 հասցեում գտնվող՝ 0.4997 հա մակերեսով՝ յուրաքանչյուրը 9 միլիոն 382 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի մայիսի 8-ին գույքն ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0.5 հա մակերեսով 9 միլիոն 388 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի դեկտեմբերի 27-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ շուրջ 3 հա մակերեսով 86 միլիոն 625 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող՝ 431 միլիոն 915 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26.700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող՝ 427 միլիոն 62 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 26.400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքերն ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 12.400 քմ մակերեսով 730 միլիոն 462 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող 0.5 հա մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 0.4997 հա մակերեսով՝ յուրաքանչյուրը շուրջ 9 միլիոն 380 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքերն ամրացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով 37 միլիոն 554 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Համայնքների սեփականության իրավունքը վերականգնվել է հետևյալ գույքերի նկատմամբ՝
- Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 0.0801 հա մակերեսով 5 միլիոն 474 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Կոտայքի մարզի Նաիրի համայնքի սեփականության իրավունքը:
- Մերձավան բնակավայրի Երկրագործների 9 հասցեում գտնվող՝ ընդհանուր 16 միլիոն 347 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 63.2 քմ մակերեսով տնտեսական շինության, 70.2 քմ մակերեսով ծածկի ու շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.3027 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
- Մերձավան բնակավայրում գտնվող 3 միլիոն դրամ շուկայական արժեքով 0.35 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
- Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 150 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գյուղատնտեսական նշանակության՝ ընդհանուր 0.7 հա մակերեսով 4 հողամասերի նկատմամբ վերականգնվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը:
Այսպիսով, 2024 թվականին դատախազների կողմից ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ:
2024 թվականի ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին են վերադարձվել հետևյալ գույքերը՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գ. Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ 29 միլիոն 82 հազար 580 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.431 հեկտար հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511.97 քմ մակերեսով շենքերի և շինությունների նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի մայիսի 23-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին, այնուհետև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գտնվող «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
- Իջևան համայնքին են վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամասեր: Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրելով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով ձեռք բերված տվյալները, հարցումներ է կատարել Կադաստրի կոմիտե և պարզել, որ «Տավուշ» միջազգային հայրենակցական միությանը Տավուշի մարզում անհատույց տրամադրվել են 5 հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում ըստ նպատակային նշանակության: Դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևանի համայնքապետարան՝ վերոնշյալ հողամասերը համայնքի օգտագործմանը վերադարձնելու նպատակով: Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից դատախազի գրության հիման վրա ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել ընդհանուր 3.1845 հա մակերեսով 5 հողամասերը:
- Արարատ համայնքին են վերադարձվել Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55.5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 0.37602 հա մակերեսով «բնակավայրերի նպատակային նշանակության» հասարակական կառուցապատման հողատարածքը և դրանով ծանրաբեռնված՝ 1211.74 քմ մակերեսով պահեստները, Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար դրամ արժեքով 0.0622 հա մակերեսով «բնակավայրերի նպատակային նշանակության» հասարակական կառուցապատման հողատարածքը և Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 22 միլիոն դրամ արժեքով և ամսական 445 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 0.0966 հա մակերեսով «բնակավայրերի նպատակային նշանակության» հասարակական կառուցապատման հողատարածքը և դրանով ծանրաբեռնված՝ 416.6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքը: Դատախազը 2024 թվականին սեպտեմբերի 19-ին Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, վատնման և փողերի լվացման փաստերով քննվող քրեական վարույթի շրջանակում միջնորդագիր է հասցեագրել Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանուն՝ Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող վերոնշյալ 3 անշարժ գույքերն օտարելու վերաբերյալ 2001 թվականի փետրվարի 25-ի, 2005 թվականի օգոստոսի 23-ի և 2007 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Այսպիսով, 2024 թվականի ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 107 միլիոն 341 հազար դրամ:
2024 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատարան է ներկայացվել 44 հայցադիմում: Դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 միլիոն 344 հազար դրամ: Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ և 71 շարժական գույք, ինչպես նաև 85 իրավաբանական անձում մասնակցություն (արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ):
2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք (շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ), իսկ մյուս 3 հաշտության համաձայնություններով՝ փոխանցման է ենթակա ընդհանուր 858 միլիոն 972 հազար դրամ, որից 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխանցվել է 515 միլիոն դրամը:
Հիշեցնեմ, որ 2023 թվականին հաշտության 4 համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 102 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները՝ 80 միլիոն դրամ):
2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ (գույքերը 2025 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին): Բռնագանձման ենթակա՝ 50 հազար 720 եվրոյին համարժեք դրամն ու 878 հազար դրամն արդեն փոխանցված են Վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ մնացած՝ 55.8 միլիոն դրամի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարանից ստացված կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2021 թվականից առ այսօր, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող շուրջ 150 հայցադիմումներով արգելանք է դրվել 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա: Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ: 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 միլիարդ 505 միլիոն 330 հազար դրամ է:
Հիշեցնեմ, որ Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ: Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվելու են Ֆինանսների նախարարության կողմից կառավարվող՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին: Հանրային հաշվետվողականության նկատառումներից ելնելով՝ Գլխավոր դատախազության կողմից կիսամյակային պարբերականությամբ տեղեկատվություն է հրապարակվելու քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի վերաբերյալ՝ ըստ նախաքննական մարմինների տարբերակման:
Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ 2024 թվականի ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով (նախաքննության փուլ), դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև Զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով՝ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 134 միլիոն 729 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք և դրամական միջոց (2023 թվականին՝ 113 միլիոն 386 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 44 միլիարդ 298 միլիոն դրամի գույք և դրամական միջոց):
Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը հրապարակվել է մոտ մեկ ամիս առաջ և այս ընթացքում տարբեր գործընկերների՝ տեսաբան ու պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների կողմից ազդակներ ենք ստանում, որ հաղորդման մեջ ներառված տեղեկություններն իրենց կողմից օգտագործվում են՝ որպես ուսումնասիրության վստահելի աղբյուր:
Շնորհակալություն եմ հայտնում դատախազներին, Դատախազության աշխատակիցներին և իրավապահ ու դատական համակարգերի բոլոր այն գործընկերներին, ում սրտացավ և նվիրված աշխատանքով նախորդ տարում գրանցել ենք նկարագրածս արդյունքները»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ