ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու հարցով։ Նախագիծն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց Թագուհի Թովմասյանը։ Առաջարկվում է հանձնաժողովի կազմը սահմանել 5 անգամ, գործունեության ժամկետը՝ 2 ամիս, եզրակացության ներկայացման ժամկետը՝ հանձնաժողովի գործունեության ավարտը։
Այս նախաձեռնության պատճառն ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի դրսեւորած վարքագիծն է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։
ՔՊ-ն հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու այս հարցին, ուստի Թագուհի Թովմասյանն իր խոսքում նկատեց՝ Անդրանիկ Քոչարյանի նման վարքագիծը հովանավորվում է ՔՊ-ի կողմից։ Վլադիմիր Վարդանյանը հորդորեց՝ բուն հարցի մասին խոսել, քանի որ վարքագծին վերաբերող հարցերը այս հանձնաժողովի տիրույթում չեն։
ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ եթե այդքան մտահոգված եք լրագրողների իրավունքների հարցերով՝ ինչո՞ւ նման նախաձեռնություններ չեք ցուցաբերել, երբ հենց ԱԺ-ում լրագրողների նկատմամբ բռնություններ են կիրառվել։ Նա նկատի ուներ Դավիթ Լեւոնյանի դեպքը։
Կարդացեք նաև
Թագուհի Թովմասյանը համաձայնեց՝ ասելով, որ Անի Գեւորգյանի հարցում թերացել է, երբ Ալեն Սիմոնյանի թիկնապահները նրան քաշելով հանեցին ԱԺ-ից, չնայած հավատարմագրված լրագրող է։ Նա հավելեց, որ այս դեպքով 163 լրագրողների ստորագրությամբ նամակ է եղել՝ բոլոր խմբակցություններին․ «Բա որ այդքան մտահոգ էիք՝ դուք նախաձեռնեիք»։
Վլադիմիր Վարդանյանն էլ տարակուսեց, եթե այս հանձնաժողովում կարգավորվեին էթիկային վերաբերող հարցերը, ապա բազմաթիվ առիթներ են եղել նման հանձնաժողով ստեղծելու եւ չեն ստեղծվել։ Նա նաեւ արձանագրեց, որ այս հարցով տարբեր նախաձեռնություններ եղել են, բացի Անդրանիկ Քոչարյանի դեմ հայց ներկայացնելուց։
Թագուհի Թովմասյանը զարմացած է տրամաբանությունից՝ էթիկայի հանձնաժողով չձեւավորենք, որովհետեւ այն չի աշխատի․ «Երկու ընդդիմադիր խմբակցությունները նստած՝ ասում ենք՝ մենք պատրաստ ենք։ Դուք ձեր մեջ որոշեք՝ ինչո՞ւ չեք ուզում աշխատել, ինչո՞ւ չեք ուզում բացահայտել էթիկայի խախտման դեպքերը։ Այսինքն, քաղաքական կամք չունեք։ Խոստովանեք բարձրաձայն, ասեք՝ չունենք քաղաքական կամք, լավ են անում՝ թքում են ձեր վրա, ձեր ձեռից ամեն ինչ պիտի վերցնեն, դուռը շրխկացնեն ձեր գլխին, ամեն ինձ մեզ թույլատրելի է։ Ասեք, խոստովանեք, որ էս եք դուք։ Դուք ողջունում եք այն վարքագիծը, որը որ դրսեւորել է Անդրանիկ Քոչարյանը, Վահե Մակարյանը․ էս դեպքն էլ նոր հիշեցի։ Ալեն Սիմոնյանը բարձրաձայն հայհոյել էր, կանայք էլ լսել էին, կին պատգամավորներն էլ»։
Լրագրողների էթիկայի համար ո՞վ է պատասխան տալու՝ հարցնում է ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը՝ հայտարարելով, որ որոշ լրագրողների էթիկան հատակի մակարդակի է իջել։ Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ ստեղծվելիք հանձնաժողովը նաեւ այդ հարցին կարող է անդրադառնալ։
Արմեն Խաչատրյանն ասել էր, որ հաշտ է հանձնաժողովը ստեղծել-չստեղծելու ցանկացած որոշման հետ։ Արծվիկ Մինասյանը կատակեց․ «Պարոն Խաչատրյանը իմանար՝ ստեղծվելու է՝ առը հա, թե կասեր»։ Նա նաեւ ՔՊ-ականներին զգուշացրեց՝ հարցին դեմ քվեարկելով՝ միեւնույն է, չեն խուսափելու այս հարցի՝ լիագումար նիստում քննարկելուց։ ԱԺ կանոնակարգն ընդդիմությանը հնարավորություն տալիս է հարցն օրակարգ մտցնելու եւ եթե սովորական ընթացակարգով հարցը մեկ ժամ պետք է քննարկվեր, այժմ՝ 1,5 ժամ կքննվի։
Վլադիմիր Վարդանյանն էլ իր ելույթում ասաց, որ մինչեւ նստաշրջանի ավարտը ներկայացվելու է մշտապես գործող էթիկայի հանձնաժողով ունենալու նախագիծը, որը կլինի պարիտետային, որի անդամները ևս էթիկայի բարձր մակարդակ կունենան։ Իսկ այս հանձնաժողովին նա դեմ է, քանի որ այն լինելու է՝ «մեծամասնության» հանձնաժողովը, կարող է դառնալ ընդդիմության նկատմամբ «ինկվիզիցիոն» հանձնաժողով։ Անդրանիկ Քոչարյանի արարքին չանդրադարձավ, ասաց՝ դա իր արարքն է, բայց խնդիր չունի լրագրողներից ներողություն խնդրել՝ բոլորի փոխարեն, ավելին, քրիստոնեական մեծ արարք է տեսնում դրանում։
Թագուհի Թովմասյանը հակադարձեց՝ ՔՊ-ի այս կեցվածքը փախուստ է քաղաքական պատասխանատվությունից, չնայած Անդրանիկ Քոչարյանի հասուն եւ բազմափորձ տարիքին, Վիլեն Գաբրիելյանը քաղաքական հասունություն դրսեւորեց։
«Հռիփսիմե ջան մի լացի, ամեն ինչն էլ անցողիկ է, ինչի էսպիսի՞ բաների միջով ես անցել»,- ասաց նա՝ դիմելով նիստին ներկա Հռիփսիմե Ջեբեջյանին՝ ՔՊ-ական պատգամավորուհիներին էլ կոչ անելով ապրումակցումի մասին միայն ՀԿ-ների քննարկումների ժամանակ չխոսել, այլ իսկապես ապրումակցել․ «Ես ապրումակցում եմ Հռիփսիմեին, դուք՝ Անդրանիկ Քոչարյանին․ ճաշակի հարց է»։
Հանձնաժողովը չի ստեղծվի, ՔՊ-ականները դեմ քվեարկեցին։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ