«Դուք մոտ մեկ ամիս առաջ եկաք ԱԺ, մեր գործընկերներից երկու հոգի անձեռնմխելիությունից զրկվեցին ձեր միջնորդության հիման վրա. հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ երկար ձգվող նախաքննությունը, ըստ էության, խոչընդոտում է պատգամավորի գործունեությանը». ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Պատգամավորի ելք ու մուտքը արգելվում է, ինչ-որ քննիչ որոշում է՝ այդ պահին հարմա՞ր է իրեն, թե՞ ոչ: Ցանկանում եմ ինստիտուցիոնալ առումով դուք արձագանքեք այս հարցին․ որեւէ քննիչ առաջնային մանդատով օժտված պատգամավորի գործունեությունը խոչընդոտելու ի՞նչ իրավասություն ունի, որքան էլ որ նա կասկածվում է որեւէ հանցանքի մեջ»,-հարցրեց Թագուհի Թովմասյանը:
Գլխավոր դատախազը պատասխանեց. «Եթե որեւէ պատվիրակության կազմում անձը իր պարտականությունները կատարելու համար նույնիսկ երկրից դուրս պիտի մեկնի, մենք ստանում ենք Ազգային ժողովի նախագահի կողմից գրություն, դրա հիման վրա թույլ ենք տալիս, որ անձը իր երկրի սահմանով տեղաշարժվելու իրավունքն իրացնի, որովհետեւ հասկանալի է, որ երկրի ներսում մենք չենք խոչընդոտում իր տեղաշարժը: Այստեղ որեւէ բախում չկա։ Ասածս շատ հեշտ է ստուգել, բավարար է նայել, օրինակ՝ պատգամավորներից Արմեն Գեւորգյանի գործուղումների ժամանակացույցը եւ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը, յուրաքանչյուր դեպքում դատախազությունը էլ չի խոչընդոտում։ Այնպես որ, մենք չենք խոչընդոտում, մենք պատշաճ վարքագիծ ենք ապահովում մինչդատական վարույթում, գործը չի ձգձգվում, առաջիկայում կուղարկվի դատարան»:
«Ես հասկանում եմ, կա ընտրված խափանման միջոց, բայց այդ խափանման միջոցը վերին աստիճանի ճշմարտություն չէ: Ես Տարոն Մարգարյանի մասին եմ հարցնում, դուք ասում եք Արմեն Գեւորգյանը երկար գնացել է տարբեր տեղեր, բա Տարոն Մարգարյանը քանի՞ անգամ է գնացել, չեն բացում սեկտը այդ մարդու, սրա մասին էր: Այսինքն տարբերակված մոտեցո՞ւմ կա իր մասով»,- վրդովվեց Թագուհի Թովմասյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Աննա Վարդապետյանը ներկայացնում էր դատախազության 2024 թվականի հաշվետվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ