«Ուզում եմ, որ մեզ որեւէ տեղեկություն հայտնեք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենախոշոր եւ կոռումպացված գործի մասին․ պետություն-ձեռնարկատեր ներդրումային ԱՆԻՖ հիմնադրամի մասին»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հիշեցնելով, որ այդ հիմնադրամով 25 միլիարդ դրամ է փոշիացվել, գործն էլ 2022 թվականից քննվում է, բայց գործով մեղադրյալներ չկան։ Նա հետաքրքրվեց՝ ի վերջո, այս գործով որեւէ մեկը պիտի՞ պատասխան տա, քանի որ այս ամենից չէր կարող անմասն մնալ եւ հիմնադրամի տնօրենը, եւ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարում էր, թե դարի կարեւորագույն մարմինն է ձեւավորվել եւ ներդրումները հոսելու են Հայաստան։ Ի դեպ, այս մասով նաեւ արբիտրաժում գործ կա Հայաստանի դեմ՝ Արաբական ավիաուղիների կողմից։
Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ այս հիմնադրամում աշխատել եւ բարձր աշխատավարձեր են ստացել ուժային կառույցների ընտանիքների անդամներ․ «ԱՆԻՖ-ը չկա, այդ մարդիկ չկան, բայց անհասկանալի է նաեւ, թե ի՞նչ ծառայություն էին մատուցում այդ մարդիկ՝ խոշոր աշխատավարձեր ստանալով»։
Նա հիշեցրեց, որ ժամանակին Բարձրագույն տեխնոլոգիաների նախարար Ռոբերտ Խաչատրյանը 190 միլիոն դրամ դրամաշնորհ էր տվել ՏՏ ոլորտի կազմակերպություններին, որոնցից չորսը լուծարված էին, մյուսներն էլ լուծարման գործընթացում են․ «Դրա հետքերով գնացե՞լ եք, ինչո՞ւ են լուծարված ընկերություններին դրամաշնորհներ տրամադրվել»։
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց նաեւ ՔՊ-ի նվիրատվություններից, գործը երկու տարի է՝ քննվում է․ 996 նվիրատու կա․ ինչո՞ւ են այդ նվիրատուներն այդքան շռայլ գտնվել միայն իշխող կուսակցության նկատմամբ։ Ի դեպ, մամուլում եղան տեղեկություններ, որ շատ նվիրատուներ, որոնց անուններով գումարներ էին փոխանցվել, տեղյակ չէին այդ փոխանցումներից։
Կարդացեք նաև
Թագուհի Թովմասյանը հիշեցրեց նաեւ անցած տարի լրագրողներին ԱԺ օթյակից բռնությամբ դուրս հանելը, որի տեսագրությունը կա, գործող անձինք հայտնի են, բայց գործը տեղից չի շարժվում։ Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ անց համանման դեպք կրկնվեց եւ լրագրողներին կրկին ուժով հանեցին օթյակից։
Նա նաեւ ասաց, որ համամիտ է Վլադիմիր Վարդանյանի այն տեսակետի հետ, որ հայհոյանքը դարձել է քաղաքական կատեգորիա, հայհոյախառն խոսակցությունը՝ մարտահրավեր եւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իշխանական էլիտան պետք է օրինակելի վարքագիծ թելադրի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն հայտարարությունները՝ պատերին ծեփելու, ասֆալտին սվաղելու եւ այլնի մասին, դրա մասին չեն։ Նա կոչ արեց ՔՊ-ին՝ մեկ անգամ կուսակցության, խմբակցության ներսում պայմանավորվել՝ զերծ մնալ նման խոսույթից։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ