«Այսօր պարզվեց, որ մենք բոլորովին այլ քրեական դատավարության կարգ ունենք կոնկրետ տվյալ դատական նիստերի դահլիճում: Հնարավոր է նույն դատավորի՝ այլ նիստերին է վերաբերում, բայց դա արմատապես հակասում է քրեական դատավարության օրենսգրքին՝ մասնավորապես կողմից վկաների հարցաքննության կարգին»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ դատական նիստի ընթացքում խստորեն առարկել է այն մոտեցման դեմ, որ երբ իրենք ուղղորդող հարց են տալիս, դատարանը գնահատում է որպես հուշող՝ փաստաբանի գնահատմամբ՝ օրենքով ընդհանրապես չնախատեսված տերմին և հարցը հանում․ «Այնինչ մեղադրանքի կողմը հայտարարեց, որ կարող է առաջին շրջան հարցերը բաց թողնել և երկրորդ շրջանից սկսած նա իրավունք ունի ուղղորդող հարցեր տալ։ Դա քրեական օրենսգրքի տառին ու ոգուն անհամահունչ է։ Նախագահող դատավորն ինչ-որ համոզմունքներ, մոտեցումներ ունի, որոնք նախորդ շրջանի քրեադատավարական կարգավորումներով են պայմանավորված, գուցե իր նախկին դատախազական կարիերայով է պայմանավորված։ Չեմ ուզում գնահատական տալ։ Բայց այն, որ հստակորեն հակասում է ՀՀ օրենսդրությանը, դա փաստ է։ Մենք այստեղ իրական խնդիր ունենք, դա լրջորեն վտանգում է մեր իրավունքները և խախտում քրեական դատավարության օրենսգիրքը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ