Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջադրման որոշում այս պահին դեռ չունեմ, իմ որոշումը կախված է մեր քաղաքական ուժերի եւ հասարակության դիրքորոշումից»․ Սամվել Շահրամանյան

Ապրիլ 25,2025 14:06

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր այցելել է Ազատության հրապարակում տեղակայված վրան եւ հանդիպել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ։

Հանդիպումից հետո Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր՝ հրապարակում գտնվելու նպատակը եւս մեկ անգամ աջակցություն ցույց տալն էր։ «Ես համարում եմ, որ այս նախաձեռնությունը շատ կարեւոր է մեր հասարակության՝ ի դեմս արցախցիների իրավունքների պաշտպանության տեսակետից»,- նշեց նա։

Շահրամանյանի խոսքով՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր կանգնած է ծանր եւ դժվար որոշում կայացնելու առաջ։ Օրեր անց պետք է որոշեն, թե ինչ ճանապարհով են հետագայում շարժվելու։ Շահրամանյանն ասաց, որ նրանց հետ քննարկել է տարբերակները եւ իր աջակցությունը հայտնել։

Նա ասաց, որ արցախցիները հայտնվել են շատ ծանր ու դժվար իրավիճակում։ Սոցիալական աջակցությունը դադարեցնելը նշանակում է, որ հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցում, չեն ունենա բնակարաններ վարձելու հնարավորություն։ Ըստ նրա՝ կայացվող որոշումները պետք է բխեն ժողովրդի շահերից

Սամվել Շահրամանյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե առաջադրվելո՞ւ է Արցախի նախագահի պաշտոնում մայիսի 21-ից հետո։ «Այս պահին նման որոշում չկա, առաջիկայում մենք մեր դիրքորոշումը կհայտնենք։ Որոշումը կախված է մեր քաղաքական ուժերի դիրքորոշումից, մեր հասարակության դիրքորոշումից։ Մենք հաշվի ենք առնելու բոլորի կարծիքները եւ կայացնելու ենք որոշում։ Ըստ Սահմանադրության՝ նախատեսված է մայիսի 21-ից հետո՝ 7-10 օրվա ընթացքում։ Ես այս պահին որոշում չունեմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Օրերս արցախցիները հավաքվել էին Երեւանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով, որպեսզի Սամվել Շահրամանյանը պատասխան տա արցախցիներից թալանված գումարների վերադարձի վերաբերյալ։

Սամվել Շահրամանյանն այսօր ասաց, որ երկու օր առաջ համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ դատախազին՝ խնդրելով իր կողմից ավելի վաղ ներկայացված հաղորդման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ «Եվ խնդրել ենք տրամադրել տեղեկություններ, թե ինչ է արվել այդ ուղղությամբ։ Նաեւ խնդրել ենք վերջերս տեղեկատվական դաշտում ի հայտ եկած նմանատիպ հայտարարություններն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով տեղեկություններին, թե բողոքի ցույցերը Արցախի իշխանության դեմ կազմակերպել է Սամվել Բաբայանը, Սամվել Շահրամանյանն ասաց․ «Ես քննարկել եմ Սամվել Բաբայանի հետ եւ ինքը վստահեցրել է, որ որեւէ կապ չունի այդ ակցիայի հետ։ Ինչ հարաբերություններ ունենք՝ Սամվել Բաբայանի քաղաքական ուժը հանդիսանում է երկրորդ քաղաքական ուժը Արցախի խորհրդարանում, եւ մեր հարաբերությունները հենց այդպիսին են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930