Լրահոս
Օրվա լրահոսը

Այ, էդպես էլ բանակ են կառավարում. հրդեհից զոհված զինվորների հարազատները հունից դուրս եկան

Ապրիլ 25,2025 13:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստին այսօր գործով վկաները չէին ներկայացել:

Վկաներից Արգամ Գեւորգյանը դատական նիստի նշանակված ժամից մոտ մեկ ժամ անց էր դատարանին տեղեկացրել իր չներկայանալու հանգամանքները: Դատարանը անհարգալից վերաբերմունք գնահատեց վկայի այս քայլը ու որոշեց՝ հաջորդ դատական նիստին հարկադրաբար նրան ներկայացնել դատարան, որի կատարումը հանձնարարեց Ռազմական ոստիկանության պետին:

Դատարանը որոշեց, որ մյուս վկային նույնպես հարկադրաբար պետք է ներկայացնեն դատարան, այդ կատարումն էլ հանձնարարվեց նրա բնակության վայրի համայնքային ոստիկանությանը:

Դատարանին տեղեկություն փոխանցվեց դատավարական կողմից, որ իրենց չճշտված տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է՝ վկա Արգամ Գեւորգյանը հաջորդ նիստին էլ չներկայանա, քանի որ Հունաստանում նախատեսված զորավարժությունների է մասնակցելու:

Դատական նիստն էլ այսօր որոշվեց հետաձգվել վկաների չներկայանալու պատճառով:

Դատարանի այս որոշումը հունից հանեց զոհված զինվորների հարազատներին:

-Մենակ մեր վրա է ձեր ուժը պատում, նկատողություն եք անում, թե դատարանն եկավ, չկանգնեցինք: Իսկի դատարան էլ չեն գալիս, տնաշեններ: Ինչի մի հատ օրենք չեք հանում, օրենքները մենակ մե՞ր վրա են կիրառում, երեխեքին տարան, սպանեցին,- արձագանքեց զոհվածների հարազատներից մեկը:

-Այ, էդպես էլ բանակ են կառավարում,- շարունակեց մեկ այլ ծնող: Ծնողները՝ իրար հերթ չտալով, իրենց դժգոհությունը հայտնեցին դատարանին ու հեռացան:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության` կապիտան Եղիշե Հակոբյանը Ազատ գյուղի կացարան 5 լիտրանոց տարայով ավտոբենզին է բերել` այն որպես կպչան օգտագործելու համար, բենզինը լցրել վառարանի մեջ, որն էլ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930