Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ազգաբնակչությունը չենք տարանջատում ըստ իրենց բնակավայրերի»․ Աննա Վարդապետյանը՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսքի մասին

Ապրիլ 25,2025 13:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք Հայաստանի ազգաբնակչությունը չենք տարանջատում ըստ իրենց բնակավայրերի եւ, բնականաբար, վիճակագրություն չենք վարում, օրինակ` Երևանում ծնված անձի եւ Գյումրիում ծնված անձի կամ Երեւանում ծնված անձի կամ Ստեփանակերտում ծնված անձի՝ ծննդավայրի հիմքով որոշակի բուլինգի կամ վերբալ խտրականության ենթարկվելու տեսանկյունից։ Մենք մի քանի գրավոր հարցումներ ստացել ենք պատգամավորներից․ մենք նման վիճակագրություն չենք վարում եւ նպատակահարմար էլ չենք համարում նման վիճակագրության վարելը»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին։

Հարցը վերաբերում էր արցախցիների նկատմամբ ատելության խոսքին։

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հարցրել էր՝ կարո՞ղ է նշել տիկին դատախազը դատարանի արդարացման գեթ մեկ դեպք, որը դատախազությունը չի բողոքարկել եւ հետաքրքրվել, թե ի՞նչ շարժառիթ կա, որ դատախազությունն անպայման բողոքարկում է ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների դեմ հարուցված գործերը։

Աննա Վարդապետյանն ասաց, որ կարող է հիշատակել մի քանի դեպքեր՝ օրինակ` բերելով վարորդական իրավունքների ժամկետների լրացման վերաբերյալ ծանուցումների բացակայության հիմքով դատարանների որոշումները։

Արծվիկ Մինասյանին մտահոգում է նաեւ ծանր հանցագործությունների, թրաֆիքինգի գծով մտահոգիչ աճը․ 422-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, իսկ թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը կրկնակի ավելացել են։ Նաեւ՝ 2024 թվականին կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու դատախազության միջնորդությունների քանակը, 2023-ի նկատմամբ աճել է 242-ով․ Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ գլխավոր դատախազը հիշո՞ւմ է մի քանի դեպք, երբ կալանավորված հակաիշխանական հայացքներով մարդկանց նկատմամբ դատախազությունը կիրառել է իր լիազորությունը եւ միջնորդել վերացնել կալանավորումը, որպես խափանման միջոց։

Գլխավոր դատախազը պատասխանեց՝ մոտ 400 դեպք կա, որոնք եղել են գրավի եւ երաշխավորագրերի հիման վրա։

Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել էր նաեւ Ցեղասպանությունը ժխտելու դեպքերի մասով հարուցված վարույթներից։ Այս մասով վիճակագրություն դատախազը նույնպես չուներ, խոստացավ մինչեւ լիագումար նիստ այն փոխանցել պատգամավորին։

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Վարդապետյանը ներկայացնում էր դատախազության 2024 թվականի հաշվետվությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930