Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը»․ Սամվել Շահրամանյանն այցելել է Ազատության հրապարակում տեղակայված արցախցիների վրան

Ապրիլ 25,2025 12:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր այցելել է Ազատության հրապարակում տեղակայված վրան եւ հանդիպում է անցկացնում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ։

«Դուք գիտեք, որ ես լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը։ Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքի, նաեւ ձեր հանդիպումների արդյունքների, ձեր որոշումների, ձեզ առաջարկվող տարբերակների մասին։ Իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեք։ Ես տեղյակ եմ, որ այդ ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից, ունեն բազմաթիվ խնդիրներ։ Ես նաեւ առիթ եմ ունեցել բնակարանային աջակցության ծրագրի վերաբերյալ իմ դիրքորոշումն արտահայտել դեռ նախագծային փուլում եւ ասել, որ դա հենց սկզբից տապալված ծրագիր է, արցախցիները դրանից չեն օգտվելու, որովհետեւ որոշակի լուրջ խնդիրներ ու հանգամանքներ կան, որոնք հաշվի առնված չեն»,- ասաց Սամվել Շահրամանյանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ առաջիկա օրերին խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ։

Սամվել Շահրամանյանն ասաց, որ խորհրդի կայացրած ցանկացած որոշում ընդունելի է իր համար, քանի որ խորհուրդը ժողովրդի կողմից ունի լիազորություն՝ նման որոշումներ կայացնելու։ «Եվ ես պատրաստ եմ աջակցել։ Այդ թվում՝ եթե դուք որոշեք տեղափոխվել եւ գրասենյակային պայմաններում աշխատանք իրականացնել, պատրաստ ենք նաեւ մեր ներկայացուցչության հնարավորությունները տրամադրել եւ ապահովել ձեր էֆեկտիվ աշխատանքը։ Ինչ վերաբերում է արցախցիների սպասելիքներին, այո, սպասելիքները մեծ են։ Առաջնայինը եւ հրատապն այսօր հումանիտար-սոցիալական հարցերն են։ Հայաստանի կառավարության կողմից ձեզ արվել է առաջարկ՝ ստեղծել համապատասխան խմբեր եւ աշխատանք իրականացնել։ Ինձ թվում է՝ դա պետք է իրականացվի, քանի որ այդ ծրագրերից է կախված նաեւ արցախցիների հետագա ինտեգրումը եւ արժանապատիվ ապրելը ՀՀ-ում»,- հավելեց Շահրամանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930