Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժևորելով վերապրածների կամքը»

Ապրիլ 25,2025 12:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարգանքի տուրք նահատակների հիշատակին և վերապրածների տոկունությանը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Աֆեյան» նախաձեռնություններ Հայաստանի համար (AIFA) հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները նախաձեռնել էին մի շարք միջոցառումներ՝ ի հիշատակ նահատակների և ի փառս վերապրածների տոկունությանն ու նրանց թողած ժառանգությանը:

Օրը սկսվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։

Ավանդույթի համաձայն, հիշատակի միջոցառումները շարունակվեցին Մատենադարանում, որտեղ բացվեց «Մատյան մարդասիրաց» ձեռագրի մեկամսյա ցուցադրությունը՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակին նվիրված էջով։

Մատենադարանի՝ գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանը մասնավորապես նշեց. «Մատյան մարդասիրաց»-ը չափազանց կարևոր դեր ունի ձեռագրական արվեստի և մարդասիրության այն կարևոր առաքելության շարունակության մեջ, որ կրում են հայերեն ձեռագրերը»:

«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանն էլ հավելեց, որ ապրիլի 24-ին մենք ոչ միայն հարգում ենք նահատակների հիշատակը, այլև հիշում ու կարևորում ենք վերապրածների ուժն ու կամքը. «Պատմության ընթացքում մենք ստեղծել ենք արվեստի յուրահատուկ նմուշներ և տվել ենք մարդասիրության ոգեշնչող օրինակներ, որոնք դարձել են ոչ միայն մեր, այլև մարդկության ժառանգության մասը. այս մատյանը խորհրդանշում է հենց դա»:

2024 թվականին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախաշեմին, նախաձեռնության՝«Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն ու վերապրումի ոգին հավերժացան Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում` Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակողոթ-քանդակով։

Այսօր այս հուշակոթող-քանդակի մոտ ծաղիկների խոնարհման արարողությանը մասնակցեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Աֆեյան» նախաձեռնություններ Հայաստանի համար (AIFA) հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների  ներկայացուցիչները՝ հարգանքի տուրք մատուցելով նահատակների հիշատակին, արժևորելով վերապրածների խիզախությունն ու հիշելով այն բացառիկ կնոջը, որի պատմությունն ու անցած ճանապարհը ներշնչանքի աղբյուր դարձան «Ավրորա» նախաձեռնության համար։

Մատյան մարդասիրաց
21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ ներկայացվել է 2018 թ. ապրիլի 24-ին: Այն առաջինն է, որն ստեղծվել է հենց Մատենադարանում՝ հայկական ժառանգության պահպանման և մարդասիրության այս կարևորագույն կենտրոնում: Ձեռագիրն ստեղծվել է՝ պահպանելով հայ մատենագրության բոլոր ավանդույթները. մագաղաթը և օգտագործված բոլոր նյութերը բնական են: Ձեռագիրն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության տարեգրությունը և ազդեցությունը՝ հայկական ավանդական մատենագրությունը զուգակցելով Մատենադարանի հետ համագործակցող երիտասարդ մանրանկարիչների նկարազարդումներով: Ձեռագիրը հայկական մշակութային և մարդասիրական ժառանգության շարունակականության ժամանակակից եզակի վկայություն է։

Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ
Բացվել է 2024 թ. սեպտեմբերի 30-ին՝ Երևանում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում։ Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված այս քանդակն  ունի խորհրդանշական խորը իմաստ։ Հուշարձանին ի պահ է տրված  Ավրորա Մարդիգանյանի՝ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող ընդհանուր գերեզմանից վերցված հող և Դեր Զորի անապատից զոհերի մասունք՝ բերված Լիբանանի Անթիլիաս քաղաքից։

Երկկողմանի հուշակոթող-քանդակի գաղափարը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինե Ալեսինն է, հեղինակն իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է, ճարտարապետը՝ Աշոտ Արշակյանը: Այն արտացոլում է Ավրորա Մարդիգանյանի կյանքը: Քանդակի մի կողմում պատկերված են կանայք, որոնք տառապում են Դեր Զորի անապատի ճանապարհներին. նրանց թվում է երիտասարդ Ավրորան: Քանդակի ճակատային մասում նա առանձնանում է՝ որպես կին, որը հաղթեց մահն ու իր պատմությունը պատմեց աշխարհին: Քանդակի երկու կողմերը միաձույլ չեն. դրանց միջև հեռավորությունը թույլ է տալիս, որ լույսի և ստվերի միջոցով միահյուսվեն Ավրորայի կյանքի երկու փուլերը՝ խորհրդանշելով խավարի և տոկունության, անցյալի և ներկայի միջև կապը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն
«Աֆեյան» նախաձեռնություններ Հայաստանի համար (AIFA)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930